Հայաստան-Թուրքիա սահմանի մասնակի բացում է սպասվում, ժամկետները դեռ հստակ չեն
Շրջայց ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետում
Հայաստան-Թուրքիա սահմանի մասնակի վերաբացման շուրջ լուրերի ֆոնին ՀՀ պետական մի շարք պաշտոնյաներ են այցելել սահմանի հայկական կողմում գտնվող «Մարգարա» անցակետ: Եվս մեկ անգամ արձանագրել են՝ անցակետը պատրաստ է շահագործման: Պաշտոնական Երևանն այդ մասին հայտարարում է 2023 թվականի դեկտեմբերից:
Որոշ հայկական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փետրվարի 1-ին սահմանը կբացվի երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար: Կարգավորման գործընթացում ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը նման պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս 2022 թվականի հուլիսին:
Պաշտոնական Երևանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է մոտ օրերս սահմանի մասնակի բացման մասին լուրերը:
«Միայն կարող եմ ասել այն, ինչը հրապարակային է, որ Թուրքիան վերականգնում է «Ալիջանի» անցակետը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը:
Թուրքագետ Նելլի Մինասյանը չի բացառում, որ Անկարան կցանկանա շոշափելի քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական վերջին գործընթացներից և TRIPP-ի շուրջ պայմանավորվածություններից հետո:
«Թուրքիան իր ռազմավարական շահերն է առաջ տանում: Եթե Ադրբեջանի համար ավելի ձեռնտու է որևէ պահի տակտիկական հաջողություններ արձանագրել, ապա Թուրքիայի համար ավելի ձեռնտու են ռազմավարական խնդիրները, առաջին հերթին՝ ազդեցության ամրապնդումը»,- Factor TV-ի հետ զրույցում շեշտել է Մինասյանը:
Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերին: Երկու երկրների միջև, սակայն, դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չեն հաստատվել: Երկրների միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թ.-ից:
Հայ-թուրքական կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Թեև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով, թուրքական կողմը առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ Երևանի հետ սկսված բանակցությունների օրակարգը կոորդինացնում է Ադրբեջանի հետ:
- «Թշնամանքի էջը երկուստեք փակել ենք»․ ՀՀ ԱԺ նախագահի արձագանքը Ֆիդանին
- «Չպետք է տեղավորվենք Բաքվի և Անկարայի վիրտուալ իրականության մեջ»․ կարծիք Երևանից
- «Հայաստանը սպասում է Թուրքիայի գործուն քայլերին»․ կարգավորման ներկայիս փուլի մասին
- Արարատ լեռան պատկերը կհանվի ՀՀ-ի սահմանահատման կնիքի վրայից․ Թուրքիայի պահա՞նջն է
ԱԳՆ-ն հաղորդել է միայն վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման մասին
2025 թ.-ի տարեվերջին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար: Նշվում էր, որ 2026 թ.-ի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար:
«Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը»,– ասված էր գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
«Չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ». Հայաստանի հատուկ ներկայացուցիչ
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հնարավոր զարգացումների մասին ոչինչ չի ասել լրագրողներին, սակայն վստահեցրել է՝ թաքցնելու ոչինչ չունի:
«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ-որ բան լինի, այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ»,- հայտարարել է Ռուբինյանը:
Խորհրդարանի փոխխոսնակը ևս մեկ անգամ հնչեցրել է Երևանի դիրքորոշումը, այն է՝ հենց վաղն ունենալ «ամբողջապես բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ»:
«Անցակետն ամբողջությամբ վերազինված է և պատրաստ մաքսային ծառայության իրականացման»
«Մարգարա» անցակետում շրջայցի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հայտարարել է՝ սահմանային անցակետը տեխնիկապես հագեցած է, առկա են անհրաժեշտ բոլոր սարքավորումները ուղևորների և բեռների փոխադրման համար.
«Անցակետն ամբողջությամբ վերազինված է և պատրաստ մաքսային ծառայության իրականացման համար»:
Գրիգորյանի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ն արդեն առանձնացրել է այն աշխատակիցներին, որոնք պետք է մաքսային ծառայություն իրականացնեն տվյալ անցակետում:
Շրջայց «Մարգարա» անցակետում։ Լուսանկարները՝ «Արմենպրեսի»
Կոմիտեի ներկայացուցիչ, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արամ Պետրոսյանի խոսքով՝ անցակետը լիովին պատրաստ է շահագործման․
«Առկա են ուղևորների ուղեբեռների ֆիզիկական զննության համար անհրաժեշտ ռենտգեն սարքավորումներ, էլեկտրոնային կշեռքներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համապատասխան հսկողություն իրականացնելու սարքավորումներ»:
Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ, գնդապետ Ռոբերտ Ղարսոյանը հիշեցրել է՝ անցակետում ներկա պահին էլ իրականացվում է 24-ժամյա ծառայություն, իսկ սահմանի վերաբացվելուն պես աշխատակիցները պատրաստ կլինեն իրականացնել իրենց առջև դրված բոլոր խնդիրները։
«Թուրքիայի հետ սահմանի բացումը կօգնի մուտք գործել նոր շուկաներ և դիվերսիֆիկացնել արտահանումը»
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը նույնպես մասնակցել է շրջայցին։ Նա նկատել է՝ սահմանի բացումը կունենա գործնական և դրական ազդեցություն տնտեսության վրա։ Ամենաարագ ազդեցությունն, ըստ նրա, կլինի տուրիստական հոսքերի ավելացումը:
Հիշեցրել է՝ ՀՀ-ն դեպի ծով ելք չունեցող երկիր է, որի չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ցամաքային սահմանները փակ են: Ասում է՝ երկար տարիներ այդ փակ սահմաններն ավելացրել են լոգիստիկ ծախսերը, սահմանափակել մրցակցությունն ու մեծ խնդիրներ ստեղծել հայ տնտեսվարողների համար, մասնավորապես՝ համաշխարհային շուկայում իրենց տեղն ունենալու առումով:
Փոխնախարարի խոսքով՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսվարողներին կօգնի մի քանի առումներով.
«Նախ կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, կկարճանան մատակարարման շղթաները, կընդլայնվի շուկաների հասանելիությունը»:
Կարծում է՝ ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը հնարավորություն կտա նվազեցնել կախվածությունը սահմանափակ ուղիներից և ուղղություններից, մուտք գործել նոր շուկաներ և դիվերսիֆիկացնել արտահանումը։
«Որոշ փորձագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ 20 տոկոս ներդրումային հոսքերի ծավալի մեծացում է ակնկալվում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում»,- ասել է նա:
Ավետյանի համոզմամբ՝ ճանապարհների ապաշրջափակման և ԵՄ-Թուրքիա մաքսային միության հարևանության պայմաններում կարող են ընդլայնվել դեպի Եվրամիություն Հայաստանի արտահանման հնարավորությունները, հատկապես արդյունաբերական ապրանքների մասով։
Փոխնախարարի գնահատմամբ՝ բաց սահմաններն օգուտ են բերելու ողջ տարածաշրջանին։
«Տարանցիկ հոսքերի ակտիվացումը և մատակարարման շղթաների կարճացումը շահավետ են բոլոր ներգրավված կողմերի համար։ Սա կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունն ու գրավչությունը միջազգային առևտրային երթուղիներում»,- ամփոփել է Ավետյանը:
Նախապատմություն. ի՞նչ են մինչ օրս պայմանավորվել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները
2021 թ.-ի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հայտարարեցին կարգավորման գործընթացի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին Ռուբեն Ռուբինյանին և Սերդար Քըլըչին:
Մինչ օրս կայացել է Ռուբինյան-Քըլըչ 6 հանդիպում: Կողմերը 2022 թ․-ից ի վեր անցկացրել են չորս հանդիպում արտերկրում, մեկը՝ հայ-թուրքական սահմանին և վերջինը՝ Երևանում: Հանդիպումներից հետո Երևանն ու Անկարան սովորաբար հայտարարում են առանց նախապայմանների երկխոսությունը շարունակելու պատրաստակամության և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին:
2025 թ.-ի սեպտեմբերին կայացած երևանյան հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին արագացնել դեռևս 2022 թ.-ին հուլիսին ձեռքբերված պայմանավորվածության կյանքի կոչումը, այն է՝ բացել ՀՀ-Թուրքիա սահմանը երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար:
Բացի այդ, տարբեր հանդիպումների ընթացքում Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են՝
- կատարել անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի–Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար,
- գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը,
- փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Մինչ օրս, սակայն, հաղորդվել է միայն վիզայի ընթացակարգերի դյուրացման մասին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Շրջայց ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետում