Միջադեպ՝ հայ–ադրբեջանական սահմանին․ կա մեկ զոհ
Հայ–ադրբեջանական սահմանին անհանգիստ վիճակ էր մի քանի օր շարունակ։ Մարտի 6–ի առավոտյան, ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունն, ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Հայաստանի Զինված ուժերի հյուսիս–արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը հերքում է այս տեղեկությունն ու պնդում, որ հայկական ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։
Հակասական են նաև կորուստների մասին երկու երկրների ռազմական գերատեսչությունների հաղորդագրությունները։
Ղարաբաղյան պատերազմը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությունն է, որը տեղի է ունեցել 1991-1994թթ-ին։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն շփման գծում կրակոցները ժամանակ առ ժամանակ վերսկսվում են։
Հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, որը չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանը Ղարաբաղն ու դրա շուրջ տարածքները, համարում է օկուպացված և պահանջում վերադարձնել դրանք։ Վերջին լայնածավալ ռազմական գործողություններն՝ այսպես կոչված Ապրիլյան պատերազմը, կամ «չորսօրյա պատերազմը», տեղի է ունեցել 2016-ի ապրիլին։ Դրա հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ երկու կողմից։
• Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին
Մանրամասներ, որոնք հաղորդվում են Բաքվից և Երևանից։
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության համաձայն՝ մարտի 5–ին ժամը 19:10 «հայկական ստորաբաժանումները կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմն ադրբեջանահայկական պետական սահմանին»։
Դիպուկահարի կրակոցով սպանվել է 23-ամյա ադրբեջանցի սահմանապահ Օրհան Փաշազադեն։ Նա հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ էլ մահացել է։
«Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները պահպանող զինծառայողի սպանության համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը» — գրում է Trend–ը՝ վկայակոչելով սահմանային ծառայության հաղորդագրությունը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից դիվերսիայի փորձին, ապա սահմանային ծառայությունը հերքում է դա։ Ըստ նրա, հայկական զինված ուժերն են գնդակոծել ադրբեջանական դիրքերը մարտի 6–ին խոշոր տրամաչափի զենքով և դիպուկազարկ հրացանով։
«Թշնամու սադրանքը կասեցվել է պատասխան կրակով», — ասված է սահմանային ծառայության հայտարարությունում։
Տեղեկություններ Երևանից
Մարտի 5–ի երեկոյան պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը գնդակոծել են հայկական դիրքերը Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ։ Նա այդ գործողությունները գնահատել է սադրանք, քանի որ ադրբեջանական ստորաբաժանումներն այդ ուղղությամբ կրակել են խոշոր տրամաչափի զենքից մի քանի օր շարունակ։
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»։
Իսկ մարտի 6–ի առավոտյան արդեն հրապարակվել է հաղորդագրություն Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձի մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարությունում ասվում է, որ գործողությունը սկսվել է ժամը 5:30–ին մոտ Հայաստանի սահմանի հյուսիս–արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ։
Հաղորդվում է նաև, որ ադրբեջանցի զինծառայողները հետ են շպրտվել ելման դիրք՝ կրելով կորուստներ, նահանջելիս նրանք թողել են զինամթերք և ականորսիչ։ Հայկական կողմից թեթև վիրավորում է ստացել զինծառայողներից մեկը։
«Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Հատկանշական է, որ ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է գերմանական արտադրության ականորսիչ», — ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։