«Մեծ համաներումն» Ադրբեջանում հիասթափություն է առաջացրել
Կիսվել
Կիսվել
Վաղուց սպասված «մեծ համաներումը», որը նվիրված է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հարյուրամյա հոբելյանին, հասարակությունում բացահայտ հիասթափություն է առաջացրել: Չնայած որ նախագահ Ալիևը ներում է շնորհել 634 բանտարկյալի, այդ ցուցակում ավելի քան 140 քաղբանտարկյալներից ընդամենը 12 մարդ կա: Ընդ որում, նրանցից շատերի ազատազրկման ժամկետն առանց այդ էլ ավարտին էր մոտենում:
Համաներման մասին սկսել էին խոսել դեռևս տարվա սկզբին խորհրդարանում, ընդ որում, մի քանի պատգամավոր՝ իշխող կուսակցության առաջնորդներ: Օրինակ, «Յենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը կոչ էր անում ազատ արձակել Ղարաբաղում կռված բանտարկյալներին, «ընդդիմության վատ ազդեցության տակ ընկած երիտասարդ ակտիվիստներին»:
Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, կանանց իրավունքների պաշտպանության միավորման նախագահ Նովելա Ջաֆարօղլուն ասում էր.
«Մենք վստահ ենք, որ շուտով Ադրբեջանում ոչ մի քաղբանտարկյալ չի մնա»:
Սակայն համաներումը չտարածվեց.
ղարաբաղյան պատերազմի վետերանների, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկների վրա (դատապարտվել են զմահ ազատազրկման պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով),
«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի վրա (դատապարտված է 7 տարվա ազատազրկման զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով),
«հուշարձանի գերիների»՝ երիտասարդ ակտիվիստների վրա, որոնք քաղաքական կարգախոսներ էին գրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա. Գիաս Իբրահիմովին և Բայրամ Մամեդովին 10 տարվա ազատազրկման են դատապարտել թմրանյութերի տարածման մեղադրանքով,
հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլիի վրա, որը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել մաքսանենգության և սահմանի ապօրինի հատման համար,
Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի վրա, որին 4 տարվա ազատազրկման են դատապարտել մաքսանենգության մեղադրանքով
և շատ այլ հայտնի դատապարտյալների վրա, որոնք ներառված են իրավապաշտպան կազմակերպությունների քաղբանտարկյալների ցուցակում:
Ինչպես նաև «հիջաբի գերիները», որոնք բողոքում էին դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ:
Ազատ են արձակվել նաև Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Էլնուր Ֆարաջևը, որը բանտարկվել էր 2017 թ-ի մայիսին թմրանյութերի վաճառքի մեղադրանքով, և շաքարախտով հիվանդ գրող Սադայ Շեքերլին, որը դատապարտվել էր 2015թ-ի դեկտեմբերին սպառնալիքների միջոցով դրամաշորթության համար:
Իրավապաշտպաններից շատերը չեն թաքցնում իրենց հիասթափությունը համաներվածների ցուցակի կապակցությամբ: Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի համակարգող Օգթայ Գյուլալիևը «Կավկազսկի ուզելի» թղթակցին ասել է. «Քաղբանտարկյալների մեր ցուցակում ներառված մոտ 150 մարդ դեռ բանտում է»:
Նա հավելել է, որ իշխանությունը քաղաքական կամք չի դրսևորել քաղբանտարակյալների խնդիրները լուծելու համար:
«Արտահերթ նախագահական ընտրությունների ողջ ընտրարշավի ժամանակ «մեծ համաներման» նախապատրաստման պատրանք էր ստեղծվում: Պարբերաբար նիստ էր անցկացնում համաներման հարցերի հանձնաժողովը, տեղեկատվության «արտահոսք» էր կիրառվում, թե իբր իշխանությունները մեկընդմիշտ լուծելու են քաղբանտարկյալների հարցը՝ միջազգային քննադատությանը վերջ դնելու համար: Եվ ահա այսօր պարզվում է, որ այդ ամենը խաբեություն էր: Համաներման տակ ընկած 12 քաղբանտարկյալներից չորսի ազատազրկման ժամկետի լրանալուն ընդամենը մեկ շաբաթ էր մնում», — Գյուլալիևի խոսքերն է մեջբերում «Կավկազսկի ուզելը»: