Հյուսիսային բևեռից բավական հեռու, առանց էլֆերի օգնության ու որևէ կախարդական ուժի քսանութամյա Արմենն իր տան հյուրասենյակը վերածել է Ձմեռ պապիկի արվեստանոցի: Իր իսկ ձեռքով պատրաստած տոնածառի խաղալիքներն այստեղից հասնում են թե՛ բարեկամների, թե՛ ընկերների, և թե՛ մի շարք կազմակերպությունների տոնածառներին:
«Սկզբում ձեռքի աշխատանքներ պատրաստում էի հետաքրքրության համար: Հետո հասկացա, որ այդ կերպ կարող եմ նաև գումար աշխատել: Մեծ թվով տարբեր տեսակի հետաքրքիր խաղալիքներ սկսեցի պատրաստել ու առաջարկել տարբեր կազմակերպությունների. մի մասի հետ հաջողվեց համագործակցել»:
«Եթե գումար աշխատելու միակ միջոցը արվեստագետի համար իր աշխատանքներն են, իհարկե, ինչ-որ չափով սահմանափակվում է ազատությունը, բայց դրանից կարելի է ու պետք է խուսափել: Ես, օրինակ, ձեռքի աշխատանքներ պատրաստում եմ և՛ ինքս ինձ համար, և՛ կատարում եմ առանձին պատվերներ, արդեն՝ պատվիրատուի ցանկությամբ: Պատվերի համար տասը եղևնին այլ է, ինքդ քեզ համար՝ այլ. տարբեր տրամադրություններ են»:
Տոնածառի «բաղադրատոմս» Արմենի կողմից
Գունավոր թելի կծիկ ՝ 1-2 հատ Սոսինձ՝ 3 թեյի գդալ Մեկանգամյա օգտագործման բաժակ՝ 1 հատ Ասեղ ՝ 1 հատ Նրբաթիթեղով փաթաթված ստվարաթուղթ՝ 50 սմ Բարձր տրմադրություն և երևակայություն՝ անսպառ
«Պատվեր եմ ունեցել, որի համար պետք է 240 միանման խաղալիք պատրաստեի, դա աշխատանք է, ու չես կարող այս դեպքում խոսել արվեստագետի ազատության մասին: Փոխարենը պատրաստում եմ նաև անվանական խաղալիքներ, արդեն իմ ցանկությամբ, իմ ճաշակով: Նոր տարուն հյուր գնալիս շատերը «բանբանեռկա» են տանում, իսկ ես որոշել եմ այս տարի բոլորին խաղալիքներ նվիրել: Ավելի հաճելի է, օրիգինալ. տարբերվում է իրենց տոնածառներին կախված խաղալիքներից»:
«Շատ տղաների համար տարօրինակ է, որ ես տոնածառի խաղալիք կամ առհասարակ ձեռագործ իրեր եմ պատրաստում… Այդ շատերը հիմա աշխատանք ունեն, բայց որոշ ժամանակ անց, թեկուզ միայն տարիքի պատճառով, կարող են կորցնել այն: Իսկ ես ձեռքի շնորք ունեմ, տաղանդ, որն ամբողջ կյանքի ընթացքում ինձ կօգնի»:
«Ձմեռ պապիկին հավատում եմ, բայց այս տարի որևէ բան ո՛չ խնդրելու եմ, ո՛չ էլ երազանք եմ պահելու: Իմ երազանքն արդեն կատարվել է ու հիմա խոհանոցում է (խոհանոցում այդ պահին սուրճ էր պատրաստում Արմենի ընկերուհին): Կարևորն այն է, որ մենք իրար հետ ենք»: