Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նոր հրամանատար է նշանակվել
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նորանշանակ երկու ռուս բարձրաստիճան զինվորականների՝ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և ՀՀ-ում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին:
Պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ Արշակ Կարապետյանը շնորհավորել է զինվորականներին նոր պաշտոնները զբաղեցնելու կապակցությանբ։ Նա բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։
Կարապետյանը կարևորել է Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման՝ 102-րդ ռազմաբազայի դերն ու նշանակությունը:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանի անվտանգային խնդիրների շուրջ:
Մինչ այս Միխայիլ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Փորձագետների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ ժամանակին Կոսոբոկովը Աբխազիայում ռուսական ռազմաբազայի հրամանատարն է եղել։
Նա ռոտացիայի սկզբունքով է փոխարինել Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը 10 ամիս շարունակ ղեկավարեց խաղաղապահների գործունեությունը։ Մուրադովի առաքելության ժամկետն ավելի վաղ էր ավարտվել, սակայն նա շարունակում էր կատարել իր պարտականնությունները, քանի որ մայիսից կտրուկ սրվել էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։