«Եթե ՀՀ-ն հրաժարվի իր կարմիր գծերից, միայն թղթի վրա կմնա պետություն»․ կարծիք
ՀՀ-ն կստանա՞ 10 մլն եվրո ԵՄ-ից
«Եվրամիությունն ուզում է շարունակել Հայաստանին աջակցության տրամադրումը, քանի որ այդ կերպ փորձում է հավելյալ կայունություն բերել տարածաշրջան»,- կարծում է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։
Եվրոպական խաղաղության հիմնադրամը (European Peace Facility) գործիք է, որով Բրյուսելը միջոցներ է տրամադրում ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին իրենց պաշտպանունակությունը բարձրացնելու, հակամարտությունները կանխելու, խաղաղությունն ամրապնդելու համար։
Մարտի սկզբին «Ազատություն» ռադիոկայանը հայտնեց, որ ԵՄ-ն դիտարկում է Հայաստանին ևս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։
Սա մեծ գումար չէ՝ հաշվի առնելով այն թաստը, որ ՀՀ-ն միլիարդներ է ծախսում երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Սակայն իշխանությունները և փորձագետները դրական են գնահատում այդ օգնությունը՝ որպես համագործակցության հավաստիք։
Ռազմական փորձագետի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, խոսքը կրկին ոչ մահաբեր զինատեսակների համար միջոցների հատկացման մասին է։ Դրական է գնահատում այն, որ նախորդ տարի 10 մլն եվրո հատկացնելուց հետո այս հարցը նորից օրակարգում է հայտնվել։ Ակնկալում է, որ հատկացվող գումարի չափն էլ քիչ-քիչ կաճի։
«Հանրային» հեռուստաընկերության եթերում Ներսիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներին, հայ-ադրբեջանական բանակցություններին, նոր էսկալացիայի հավանականությանը։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Ոչ իրատեսական ակնկալիքներ չպետք է լինեն»․ ԵՄ-ՀՀ կոմիտեի նիստ Երևանում
- ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց կմեկնարկի․ ԱԺ-ն կողմ քվեարկեց
- ԵՄ դիտորդները Հայաստանում կմնան ևս 2 տարի․ ի՞նչ զարգացումների սպասել
- «Կփորձենք բալանսավորել հարաբերությունները Եվրամիության և ՌԴ հետ»․ Փաշինյան
Հայտնի չէ՝ երբ է ԵՄ խորհուրդը քննարկելու հարցը
Մարտի 4-ին «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Բրյուսելի իր աղբյուրների վրա, հաղորդեց, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ևս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հրապարակման մեջ նշվում էր, որ նպատակը «դաշնակիցների պաշտպանությանը աջակցելն է»։
Առաջարկն ուժի մեջ կմտնի, եթե դրան հավանություն տան ԵՄ անդամ բոլոր 27 երկրերը։ «Ազատության» փոխանցմամբ՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն առաջարկը ներկայացրել է ԵՄ խորհրդին։ Քննարկման կոնկրետ օրը հայտնի չէ, նշվում է, որ այն տեղի է ունենալու առաջիկա շաբաթներին։
Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար:
Հայաստանն առաջին անգամ հիմնադրամից 10 միլիոն եվրոյի աջակցություն ստացավ 2024 թվականին։ ԵՄ անդամ երկրներից Հունգարիան արգելափակել էր օգնության տրամադրումը, պահանջել, որ նույնպիսի աջակցություն տրամադրվի նաև Ադրբեջանին։ Շաբաթների դռնփակ բանակցություններից հետո, սակայն, Բուդապեշտը նույնպես տվել էր իր համաձայնությունը։
Դիվանագիտական փաստաթղթերի համաձայն՝ ԵՄ-ն որոշում էր կայացրել հիմնադրամի միջոցներից աջակցություն տրամադրել ՀՀ-ին՝ նպատակ ունենալով «նպաստել, որ Հայաստանի Զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ»։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի մեկնաբանությունը
10 մլն եվրոն տրանսֆորմացիայի չի հանգեցնի
Ներսիսյանի խոսքով՝ ոչ մահաբեր աջակցությունը հաճախ լուրջ վերաբերմունքի, խորը վերլուծության չի արժանանում։ Ըստ նրա՝ ավիացիայի, տանկերի ու հաուբիցների մասին ավելի շատ են սովորաբար խոսում, այնինչ այս տեսակի օգնությունը պակաս կարևոր չէ։
«Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ մեկ է՝ այդ գումարը ինչ-որ շեմից ավել չի բարձրանալու։ Եթե որպես օրինակ դիտարկենք Վրաստանն ու Մոլդովան, տարեկան 30-60 մլն եվրոն առավելագույնն է, ինչի մասին կարող է խոսք լինել»,- նկատել է նա։
Հիշեցնում է՝ նախորդ տարի, երբ ԵՄ անդամ երկրները Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին աջակցելու որոշում ընդունեցին, խոսք էր գնում հիմնականում բժշկական սարքավորումների մասին․
«Իհարկե, դա պոզիտիվ է։ Բայց պետք է հասկանալ, որ դրանք սահմանափակ ռեսուրսներ են։ Ասել, որ միայն դրանով ինչ-որ տրանսֆորմացիա կարող է լինել ՀՀ բանակում, մենք չենք կարող»։
Ներսիսյանը չի բացառում, որ ինչպես 2024 թ․-ին, այս տարի ևս Հունգարիան կարող է վետո դնել որոշման վրա։ Միևնույն ժամանակ նկատում է՝ նմանատիպ գործելակերպ ունի նաև միության անդամ Սլովակիան։ Ըստ փորձագետի՝ կարևորը ԵՄ անդամ խոշոր երկրների դիրքորոշումն է։ Ասում է՝ եթե իսկապես ցանկանան ընդունել որոշումը, Հունգարիային կամ Սլովակիային չի հաջողվի դիմադրել։
«ՀՀ-ն չի կարող Հունգարիային որևէ բան ստիպել, բայց Ֆրանսիան ու Գերմանիան կարող են։ Հունգարիան էլ, Սլովակիան էլ բավականին փոքր տնտեսություններ են՝ ի համեմատ ԵՄ մյուս երկրների, և չեն կարող դիմադրել, օրինակ՝ տնտեսական սպառնալիքներին»,- մանրամասնել է նա։
Փորձագետը, սակայն, հակված է կարծել, որ 10 մլն եվրոն այն ռեսուրսը չէ, որի տրամադրումը կարող է խնդրահարույց լինել։
ԶՈՒ բարեփոխումներում պրոակտիվություն կա
Անդրադառնալով հայկական բանակում առկա իրավիճակին՝ Լեոնիդ Ներսիսյանը նկատել է՝ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը ցույց է տալիս, որ կա պրոակտիվություն, մասնավորապես՝ զենքի գնումների մասով։ Նրա խոսքով՝ հրետանին կարողանում է ավելի արագ գործել, կան զորատեսակներ, որոնք ավելի արագ են կարողանում ադապտացվել․
«Միևնույն է՝ խնդիրներ ունենք։ Տեսնում ենք, որ ընթանում են բարեփոխումներ, բայց ոչ բոլորն են նույն արագությամբ, նույն էֆեկտիվությամբ»։
Ռազմական փորձագետն ասում է՝ ակտիվ ընթանում են նաև պաշտպանական երկրորդ գծի ամրացման աշխատանքներ։ Նկատում է՝ մի շարք այլ ուղղություններում իրավիճակը հակառակն է։ Ըստ նրա՝ բարելավման համար անհրաժեշտ է բարեփոխումների գործընթացում ներգրավել այնպիսի անձանց, որոնք ցույց են տվել, որ կարող են և ուզում են աշխատել, «առաջ տանել նոր կոնցեպտներ», «ձեռնարկել նորարարություններ»։
Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, մի առիթ կհնարի
Ներսիսյանը վստահ է՝ որքան էլ կառուցողական լինեն Երևանի առաջարկները, եթե Բաքուն որոշի պատերազմ սկսել, մի բան կհնարի դա անելու համար։
«Ամենաքիչը տասը, քսան օր կեղծ լուրեր կտարածեն, թե, իբր, մենք կրակում ենք իրենց դիրքերի ուղղությամբ»,- նկատել է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի պարագայում «սադրանքի գնալու առիթ» կարող է դառնալ ամեն ինչ։
Աբսուրդային է համարում ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը պետք է խզի ռազմատեխնիկական ոլորտում կնքած պայմանագրերը, հետ վերադարձնի մատակարարված զենքերը։
«Այդ պարագայում հաստատ մի օր մեզ վրա կհարձակվեն։ Հիմա գոնե գիտենք, որ եթե ճիշտ շարունակենք բանակի բարեփոխումները, գնումները և մնացած գործողությունները, ինչ-որ ժամանակ հետո կարող ենք գալ մի կետի, որ մտածեն ու տեսնեն՝ իմաստ չունի [հարձակվել] դրանով զբաղվել, գան խոսելու կամ չգան խոսելու, բայց պատերազմ էլ չլինի»,- ասել է Ներսիսյանը։
Կարծում է՝ որպես գլխավոր գործոն պետք է դիտարկել հենց Հայաստանի ներուժը, քանի որ «աշխարհում երաշխիքների ինստիտուտն այնքան էլ լավ չի գործում»․
«Տեսնում ենք Ուկրաինայի իրավիճակը, հենց Հայաստանի՝ վերջին տարիների փորձը։ Բալթյան երկրներում փակ դռների հետևում բանավեճեր կան, թե՝ ՆԱՏՕ-ն իսկապես երաշխի՞ք է իրենց համար, թե՞՝ ոչ։ Այդ տիպի խոսակցություններ 10 տարի առաջ մենք չէինք լսի ոչ մի տեղ»։
Բաքուն ուզում է ստանալ «ամեն ինչ», բայց դեռ կան զսպման գործոններ
«ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատողն արձանագրում է՝ Ադրբեջանի հարձակվելու մոտիվացիան կարող է լինել միայն այն, որ ուզում է ստանալ ամեն ինչ։ Իսկ դրա համար միայն բանակցային գործընթացը բավարար չէ։ Հիշեցնում է՝ Բաքուն խոսում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, «Զանգեզուրի միջանցք» պահանջում, շրջանառում «Արևմտյան Ադրբեջան» թեզը։ Ըստ նրա՝ այդ թեզի ներքո ադրբեջանական կողմը հասկանում է «պաշտպանված ստատուսի ներքո 150-200 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ քաղաքացի դառնալը»։
Շեշտում է՝ այդ ամենը Հայաստանի ինքնիշխանության դեմ է։ Լեոնիդ Ներսիսյանը չի պատկերացնում՝ ինչպես է հնարավոր խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Բաքուն հետ չքաշի վերոնշյալ պահանջները․
«Հայկական կողմի կարմիր գծերն այնպիսին են, որ եթե ՀՀ-ն դրանցից հրաժարվի, ուրեմն միայն թղթի վրա է մնում պետություն։ Ինձ չի թվում, որ Հայաստանի որևէ ղեկավար կարող է դա ստորագրել»։
Խոսելով այն գործոնների մասին, որոնք զսպում են Ադրբեջանի հնարավոր հարձակումը՝ փորձագետը նշել է, որ դրանց շարքում են ԱՄՆ և Իրանի դիրքորոշումները, ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդները և ոչ միայն։
«Գործոնները տարբեր են։ Ու հենց դրանով էլ իրավիճակը վտանգավոր է։ Այդ գործոններից մեկ-երկուսը հենց թուլանան, չլինեն, պատերազմի ռիսկերը կարող են աճել»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ն կստանա՞ 10 մլն եվրո ԵՄ-ից