Հայաստան-Ռուսաստան առևտուրը․ օգուտն ու պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկերը
ՀՀ-ն կընկնի՞ ԱՄՆ պատժամիջոցների տակ
Վերջին տարիներին Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ցուցանիշն ավելացել է, արտահանման ծավալները՝ գրեթե կրկնապատկվել: Դա բացատրվում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի արդյունքում Հայաստանի արտահանման ու վերաարտահանման նոր հնարավորություններով։ Վերաարտահանման բաղադրիչի կտրուկ ավելացման համատեքստում խոսվում է նաև Հայաստանի ու հայաստանյան կազմակերպությունների՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկնելու հավանականության և ռիսկերի մասին:
Բոլոր մանրամասները՝ ըստ ոլորտային ցուցանիշների հիման վրա կատարված վերլուծության։ Ներկայացնում ենք նաև պաշտոնական տեսակետներն ու փորձագետների գնահատականը:
- ՌԴ քաղաքացիների ներհոսքի ազդեցությունը հայաստանյան անշարժ գույքի շուկայի վրա
- «2023 թ.-ը բավականին հաջող տարի էր ՀՀ համար». Ֆինանսների նախարար
- 2023-ը Հայաստանում․ դրամատիկ, հիասթափեցնող և հուսադրող իրադարձությունները
Արտահանման ծավալների շեշտակի աճ
2022 թվականին արտաքին ու փոխադարձ առևտրաշրջանառության մոտ 1/3-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը: Այն կազմել է ընդհանուր առևտրաշրջանառության 35.6 %-ը՝ 2021-ի 31.3 -ի դիմաց:
2023-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է արտաքին և փոխադարձ առևտրի 34.6 %-ը: Հետաքրքիր է, որ առևտրաշրջանառության մեջ շեշտակիորեն աճել է հատկապես արտահանման ցուցանիշը։ 2022-ին այն կազմել է ընդհանուր ծավալի 45 %-ը՝ 2021-ի 28%-ի և 2020-ի 26%-ի դիմաց:
2023 թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկնում արտահանման ողջ ծավալի ավելի քան 51%-ը:
ՌԴ-ից ներմուծման ծավալները ևս աճել են, սակայն ոչ այն տեմպով, ինչ արտահանման դեպքում:
Վերջին 10 տարիների կտրվածքով՝ Հայաստանից ՌԴ արտահանման ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է ներմուծման ցուցանիշը: 2023-ի հունվար -հունիսին արտահանվել է 1.694.668.6 հզր, ներմուծվել՝ 1.406.062.7 հզր դոլարի ապրանք:
«Այս պահին մենք դեպի Ռուսաստան ավելի շատ ենք ապրանք արտահանում, քան ներմուծում ենք: Նախորդող տարիներին այսպիսի դինամիկա Հայաստանը երբևէ չի ունեցել»,- նշում է տնտեսագետ Աղասի Թավադյանը»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը նկատում է՝ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառության ակտիվացման ու ծավալների ընդլայնման վրա էականորեն ազդել է ռուս-ուկրաինական պատերազմը.
«Պատերազմը նախադրյալներ ստեղծեց Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը ընդլայնելու համար: Դրան զուգահեռ մենք կորցրեցինք Ուկրաինայի հետ առևտրի հնարավորությունը: Այսինքն մի տեղ՝ շահեցինք, մի տեղ՝ կորցրեցինք, բայց ընդհանուր առմամբ շահածն ավելի մեծ է, քան կորցրածը»:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ վերջին տարիներին արտաքին ու փոխադարձ առևտրաշրջանառության մեջ Ուկրաինայի հետ առևտրի մասնաբաժինը շարունակական նվազում է գրանցել։ 2020-ին այն կազմել է 2.1%, 2021-ին՝ 2%, 2022-ին՝ 0.7% և 2023-ի 9 ամսվա տվյալներով՝ 0.5%:
Ի՞նչ է արտահանվում Հայաստանից Ռուսաստան. պատկերը փոխվել է
Մենք ուսումնասիրել ենք Հայաստանից ՌԴ արտահանվող առավելագույն մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը՝ վերջին երեք տարիների համեմատականով: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ էականորեն փոխվել է արտահանման պատկերը։ 2022-2023 թվականներին կտրուկ ավելացել են արտահանվող ռադիոտեխնիկական միջոցների, հեռախոսների, մարդատար մեքենաների, մոնիտորների, պրոյեկտորների, ընդունիչ սարքավորումների ու հեռուստատեսային սարքերի, համակարգիչների ու համանման ապրանքների արտահանման ծավալները:
Ստորև ներկայացված է մաքսային բարձր արժեք ունեցող մի քանի ապրանքատեսակների ՀՀ-ից ՌԴ արտահանման վերջին տարիների աճի տենդենցը:
Արտահանում, թե՝ վերաարտահանում
Արտահանվող ապրանքների վերլուծությունից պարզ է դառնում, որ մի շարք ապրանքներ Հայաստանում չեն արտադրվում։ Հետևաբար, ՀՀ-ն հանդիսանում է տարանցիկ ճանապարհ՝ այդ ապրանքները Ռուսաստան վերաարտահանելու համար:
Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը ընդունում է՝ ՀՀ-ից ՌԴ արտահանման ցուցանիշում մեծ է վերաարտահանման բաժինը.
«2023թ.-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ 85% դոլարային աճին զգալի նպաստել է վերաարտահանումը։ Նպաստել է շուրջ 80.6 %-ային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4.4 %-ային կետով»:
Ըստ մաքսային ծառայության տվյալների՝ Հայաստանից վերաարտահանման առյուծի բաժինը ընկնում է Ռուսաստանի Դաշնությանը, մասամբ նաև՝ Բելառուսին, Վրաստանին ու Մոլդովային:
Ամենաբարձր մաքսային արժեք ունեցող հեռախոսային և հեռագրային ապարատ (կոդ 8517) ապրանքատեսակի մասով 2022թ.-ին ՀՀ ներմուծված ծավալի 38.4 %-ը արտահանվել է ՌԴ։ Որոշ ծավալներ արտահանվել են Վրաստան, Բելառուս, Մոլդովա։ Այլ երկրներ արտահանման ծավալները չափազանց փոքր են:
ՀՀ ներմուծված մարդատար ավտոմեքենաների ծավալի 24.8%-ն արտահանվել է ՌԴ՝ կազմելով արտահանված մեքենաների 94.2%-ը:
Մոնիտոր և պրոյեկտոր, ընդունիչ սարքավորում ապրանքատեսակի (կոդ 8528) ՀՀ ներմուծված ծավալի մոտ կեսն արտահանվել է ՌԴ:
Համակարգիչներ և դրանց բլոկներ ապրանքատեսակի (կոդ 8471) ՀՀ ներմուծված ծավալի 33%-ն արտահանվել է ՌԴ, որը կազմում է ընդհանուր արտահանման ծավալի 89.5%-ը:
Ապրանքատեսակ | Ներմուծում 2022 | Արտահանման ընդ. ծավալը | Արտահանում ՌԴ | Արտահանում Վրաստան | Արտահանում Բելառուս | Արտահանում Մոլդովա |
8517(հատ) | 1.689.610 | 743.500 | 648.600 | 23.337 | 59.600 | 4.200 |
8703(հատ) | 46.031 | 12.131 | 11.430 | 12.131 | 0 | 0 |
8528(հատ) | 454.810 | 229.502 | 223.466 | 135 | 5700 | 0 |
8471(հատ) | 758.910 | 281.300 | 251.800 | 583 | 28.000 | 0 |
Արտահանող ընկերությունների թվաճ՝ մաքսային բարձր արժեք ունեցող ապրանքատեսակների մասով
Տեխնիկական սարքավորումների արտահանման ծավալների աճին զուգահեռ կտրուկ ավելացել է նաև դրանք արտահանելու ցանկություն ունեցող ընկերությունների թիվը.
⦁ հեռախոսային և հեռագրային ապարատ, բջջային ցանցի կամ այլ կապի, այլ սարքի ձայնի, պատկերի կամ այլ տվյալի ընդունման կամ հաղորդման սարքեր արտահանողների թիվը 2021-ին 15 էր, 2023-ին այն հասել է 83-ի․
⦁ համակարգիչներ և դրանց բլոկներ արտահանողների թիվը 17-ից դարձել է 56․
⦁ մոնիտոր և պրոյեկտոր, ընդունիչ սարքավորում արտահանողների թիվը 2-ից դարձել է 30․
⦁ մարդատար ավտոմեքենաներ արտահանողների թիվը 2021-ի 15 -ի փոխարեն 2022-ին դարձել է 331, 2023-ին՝ 706․
⦁ շարժիչային փոխադրամիջոցներ բեռնափոխադրման համար ապրանքատեսակն արտահանողների թիվը դարձել է 95՝ 2021-ի 4-ի դիմաց:
Տեխնիկա արտահանողները՝ խոշոր հարկատուների ցանկում
ՀՀ պետեկամուտների կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում 2022 թ.-ին առաջին անգամ տեղ են գտել տեխնիկա ներկրող-արտահանող կազմակերպություններ:
Խոշոր հարկատուների 7-րդ հորիզոնականում 2022-ին հայտնվել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը՝ վճարելով 17.569.460 դրամ հարկ: 2021-ին ընկերությունն այդ ցանկում զբաղեցնում էր համեստ 40-րդ հորիզոնականը:
«Խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին 20-25 հորիզոնականներում երբևէ տեխնիկա ու հեռախոս արտահանողներ չեն եղել»,- ասում է տնտեսագետ Աղասի Թավադյանը:
Այս փոփոխությունը կապում է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի կողմից այդ ապրանքների ներկրման սահմանափակումների ու Հայաստանի համար բացված արտահանման նոր հնարավորությւնների հետ:
Ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված հայաստանյան կազմակերպությունները
ԱՄՆ առևտրի նախարարությունը արտահանման սահմանափակումներ է կիրառել տարբեր երկրներից Ռուսաստանի հետ առևտուր իրականացրած մի շարք կազմակերպությունների նկատմամբ: 2023 թվականի ապրիլին հրապարակված պատժամիջոցների տակ հայտնվածների ցանկն ընդգրկել է կազմակերպություններ շուրջ 10 երկրներից։ Դրանց թվում են հենց ՌԴ-ում գրանցված 10-ը կազմակերպություն, 12՝ Չինաստանից, 2-ը՝ Ուզբեկստանից, 2-ը՝ ԱՄԷ-ից, մեկական ընկերություններ Մալթայից, Սինգապուրից, Իսպանիայից, Սիրիայից, Թուրքիայից և Հայաստանից:
Ավելի ուշ՝ մայիսի 19-ին հրապարակված ցանկում հայտնվել է մեկական կազմակերպություն Հայաստանից և Ղազախստանից, ինչպես նաև ՌԴ-ում գրանցված շուրջ 7 տասնյակ կազմակերպություն:
Հայաստանից արտահանման սահմանափակումների տակ հայտնված կազմակերպություններից մեկը Հայաստանում գրանցված «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն է: ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ «ՏԱԿՈ» ընկերությունը գրանցվել է 2022 թվականի ապրիլի 5-ին: Դրա հիմնադիրն ու 100 տոկոս բաժնետերը ՌԴ քաղաքացի Վադիմ Վերխովցևն է:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում շեշտվում է, որ «ՏԱԿՈ»-ն պատժամիջոցների տակ հայտնվել է ռուսական «Ռադիոավտոմատիկա» (Радиоавтоматика) ընկերությանը նյութապես աջակցելու, հովանավորելու կամ ֆինանսական, նյութական, տեխնոլոգիական կամ այլ աջակցություններ տրամադրելու համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված մեր հարցադրմանը, թե ո՞ր կազմակերպություններն են ՌԴ արտահանել ռիսկային համարվող մի շարք ապրանքատեսակներ (այդ թվում բջջային հեռախոսներ, մասեր, հեռուստացույց, մոնիտոր, պրոյեկտոր, համակարգիչներ, բլոկներ, խոսափող, ականջակալ ու այլ մասեր), գերատեսչությունից պատասխանել են՝ չեն կարող տրամադրել ըստ կազմակերպությունների հայցվող տեղեկատվությունը:
Կոմիտեին հղված մեր երկրորդ հարցմամբ խնդրել էինք տրամադրել այն ընկերությունների ցանկը, որոնք 2021-2023 թվականներին իրականացրել են ամենաբարձր մաքսային արժեք ունեցող մի քանի ապրանքների ներմուծում ու արտահանում:
Տրամադրած ցանկում «ՏԱԿՈ»-ն նշված է որպես 2022թ.-ին ՀՀ-ից համակարգիչներ և դրանց բլոկներ արտահանած ընկերություն: 2023 թվականի արտահանողների ցանկում ընկերության անունն այլևս ներառված չէ:
Հայաստանյան երկրորդ կազմակերպությունը, որ 2023-ի մայիսի 19-ին հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ, «Մեդիսար» ընկերությունն է:
Իրավաբանական անձանց գրանցման պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ քաղաքացի Մանվել Գաբրիելյանը ընկերության 100% բաժնետերն է:
Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: Ըստ պաշտոնական կայքի՝ այն հանդիսանում է քիմիական ռեագենտների, արդյունաբերական քիմիական հումքի, մանրէաբանական միջավայրերի, լաբորատոր և անալիտիկ սարքավորումների, ապակեղենի և կահույքի մասնագիտացված մատակարար: Այն պաշտոնապես ներկայացնում է հայկական շուկայում լաբորատոր սարքավորումների հայտնի արտադրողների Շվեյցարիայից, Գերմանիայից և այլ երկրներից: ՀՀ ՊԵԿ-ի կողմից տրամադրած ցանկի համաձայն՝ «Մեդիսար» ընկերությունն իրականացրել է բժշկության մեջ կիրառվող սարքերի վաճառք:
Հայաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկերն ու կանխարգելման միջոցները
Հայաստանի կողմից Ռուսաստանին հնարավոր աջակցության կասկածների մասին վերջին 1.5 տարվա ընթացքում բարձրաձայնել են միջազգային տարբեր բարձրաստիճան գործընկերներ: Հայաստանի իշխաանություները միշտ պաշտոնապես հերքել են այդ կասկածները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի մարտին Գերմանիայում ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ լրագրողներին տված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով թեմային, նշել է.
«Սանկցիաները շրջանցելու հետ կապված խոսակցություններն ավելին չեն, քան խոսակցությունները»:
Փաշինյանը նաև շեշտել է. «Իհարկե, մենք համակ ուշադրությամբ պետք է հետևենք իրադարձություններին, որ նաև մասնավոր հատվածին օգնենք, որպեսզի նրանք այնպիսի գործունեություն ծավալեն, որ չփչացնեն մեր հարաբերությունները որևէ գործընկերոջ հետ»:
Հաշվի առնելով հնարավոր ռիսկերը, ՀՀ կառավարությունը 2023 թվականի մայիսին ընդունել է 808-Ն որոշումը՝ հաստատելով ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն 38 անուն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքով հսկվող ապրանքներ:
«38 ապրանքների նկատմամբ սահմանել ենք արտահանման վերահսկողություն, որը թույլ կտա լրացուցիչ վերազննումների արդյունքում ապահովել, որ մեր ընկերությունները չընկնեն երկրորդային պատժամիջոցների ազդեցության տակ»,- օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմամբ՝ ամերիկյան պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերը Հայաստանի համար բավական ցածր են․
«Ընդհանուր հավանականությունը ցածր եմ գնահատում, սակայն չեմ բացառում, որ առանձին կազմակերպություններ ռազմաարդյունաբերական նշանակության կամ այդ գործունեությանը նպաստող ապրանքներ արտահանելու փորձի դեպքում կարող են հայտնվել սանկցիաների տակ»:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը վստահեցնում է, որ թե՛ կառավարությունը, թե՛ Հայաստանում Եվրամիության գրասենյակը, և թե՛ գործատուների միությունը քայլեր են ձեռնարկում՝ ամերիկյան պատժամիջոցների տակ տեղական կազմակերպությունների չհայտնվելու համար:
Կառավարության ձեռնարկած կարևորագույն քայլն է համարում 808-Ն որոշման ընդունումը, ԵՄ-ի հետ համատեղ իրազեկման հանդիպումների ու ուսուցման ծրագրերի կազմակերպումը, ինչի արդյունքում արտահանողները տեղեկանում են պատժամիջոցների հետ կապված նրբություններին ու հնարավոր ռիսկերին:
Եզրակացություն
Չնայած դեպի ՌԴ արտահանման ու վերաարտահանման ցուցանիշի կտրուկ աճին, մասնագետները Հայաստանի՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկնելու հավանականությունը գնահատում են ցածր, արտահանման ու վերաարտահանման ցուցանիշի աճը՝ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ընդլայնման բացառիկ հնարավորություն՝ երկրի համար:
Հետաքննությունն անցկացվել է Հետաքննող կին-լրագրողների ցանցի (Women Investigative Journalists Network, WIJN) շրջանակներում՝ International Media Support-ի (IMS) աջակցությամբ: Նյութի իրավական աջակցությունն իրականացվել է UNESCO-ի նախագծի աջակցությամբ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ն կընկնի՞ ԱՄՆ պատժամիջոցների տակ