Սեպտեմբերի 19-ի երեկոյան Բաքու է ժամանել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը։ Այն գլխավորում է ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանը։ Հայկական պատվիրակությունը կմասնակցի «III միջազգային անվտանգության ֆորումին»։ ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ ֆորումը աշխատանքները կավարտի սեպտեմբերի 21-ին։ Հայկական պատվիրակության Ադրբեջան կատարած այս առաջին այցի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Պատվիրակությունը Երևանից մեկնել է FlyOne-ին պատկանող 16 ուղևորի համար նախատեսված Gulfstream G450 ինքնաթիռով։ Այն վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում երեկ, ժամը 20:12-ին։ Թռիչքը Բաքու տևել է 50 րոպե։
Քաղաքագետ Արմինե Մարգարյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ մի քանի անգամ վերընթերցել է հայկական ԱԱԾ պատվիրակության Ադրբեջան կատարած այցի մասին հաղորդագրությունը, որպեսզի հավատա կարդացածին.
«Բանն այն է, որ մեր ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակով շփումները գրեթե միշտ եղել են բանակցային գործընթացի շրջանակներում, և գրեթե միշտ՝ խորհրդապահական: Այսինքն, երբ մերոնք հանդիպել են ադրբեջանցիների հետ հանրությունը ի սկզբանե իմացել է, որ թեման կոնֆլիկտն է ու դրա լուծմանը վերաբերող հարցեր: Մենք էլ, ադրբեջանցիներն էլ սովոր չենք այլ ֆորմատի շփումների, և դա նորմալ է, ավելի ստույգ՝ նորմալ ԷՐ:
Բոլոր հնարավոր հարթակները պետք է օգտագործվեն՝ հանդիպելու, իրար լսելու համար: Իսկ եթե այդ հարթակը Երևանն է կամ Բաքուն՝ սա արդեն մի այլ մակարդակի է բարձրացնում խաղաղության գործընթացի կապիտալիզացիան:
Խաղաղության գործընթացը փաստաթուղթը չէ: Խաղաղության գործընթացը մեր ու ադրբեջանցիների գիտակցության փոփոխությունն է, իսկ դրա նախապայմանը իրար հետ շփումներն են ու տոտիկ-տոտիկ վստահելը:
Մենք Բաքվում ռազմագերիներ ունենք, որոնց մեկ օր շուտ տուն վերադարձնել է պետք, և ես վստահ եմ, որ մեր ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակության այցը Բաքու մեզ մի քանի քայլ մոտեցնելու է այդ բաղձալի օրվան»: