Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է. հնարավոր զարգացումների մասին
«Հրդեհների վտանգը Հայաստանում մեծ է»,- զգուշանում է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնը։ Թուրքիայի անտառային հրդեհների աշխարհագրությունն ընդլայնվում է, հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել հարակից երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհներ կարող են բռնկվել մայրաքաղաք Երևանում, Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում ու Սյունիքի հովտային շրջաններում։
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 1-ը հանրապետությունում գրանցվել է 284 արտակարգ դեպք, որից 169-ը՝ հրդեհի։ Միայն նախորդող երկու օրերին հրդեհվել է 39.6 հա տարածք։
Ահազանգեր են հնչում՝ պետական մակարդակով ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ Հայաստանի և Արցախի անտառային շերտերը պահպանելու համար։
- Ինչպե՞ս փոխել գյուղի կյանքը․ SMART-մոտեցում, որն աշխատեց Հայաստանում
- Հայաստան․ ժամանակներ, երբ կարևոր է «Ողջ մնալու արվեստը»
30 ահազանգ՝ ընդամենը 2 օրում
Օգոստոսի 3-ից 4-ը արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում թեժ է եղել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 30 ահազանգ է ստացել։
Բռնկված հրդեհներն ընդգրկել են ընդհանուր 39.6 հա տարածք այս աշխարհագրությամբ․
Երևան
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 2000 քմ,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 4000 քմ,
- Դավթաշեն վարչական շրջան՝ 8000 քմ,
- Աջափնյակ վարչական շրջան՝ 1000 քմ,
- Կենտրոն վարչական շրջան՝ 200 քմ,
Արագածոտնի մարզ — Աշտարակ՝ 2300 քմ,
Արարատի մարզ — Մասիս՝ 9 հա, գյուղ Վարդաշեն՝ 2000 քմ, գյուղ Հայանիստ՝ 1000 քմ, գյուղ Այնթապ՝ 1500 քմ,
Արմավիրի մարզ — Էջմիածին՝ 800 քմ, գյուղ Մրգաստան՝ 3 հա,
Լոռու մարզ — Վանաձոր՝ 8 հա, գյուղ Ճոճկան՝ 1 հա, գյուղ Գյուլագարակ՝ 8 հա, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհ՝ 2000 քմ,
Կոտայքի մարզ — Աբովյան՝ 1500 քմ, Եղվարդ՝ 3․2 հա, Բյուրեղավան՝ 700 քմ, գյուղ Քարաշամբ՝ 5000 քմ, գյուղ Առինջ՝ 5000 քմ,
Շիրակի մարզ — Գյումրի՝ 200 քմ, Արթիկ՝ 2000 քմ, գյուղ Հոռոմ՝ 1.5 հա,
Տավուշի մարզ — Իջևան՝ 4800 քմ, Բերդ՝ 1.5 հա:
Հանրապետությունում բռնկված հրդեհները շրջանցել էին միայն Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը։
Հրդեհի օջախներ Արցախում
Թուրքիայում այրվող անտառների աշխարհագրության մեծացմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Հունաստանում արդեն հրդեհներ են սկսվել, Հայաստանի սահմանից մոտ 280 կմ հեռավորության վրա՝ Հաքքարի նահանգում ևս անտառային հրդեհի օջախներ կան։ Բնությունը սահմաններ չի ճանաչում, և չի բացառվում, որ հրդեհները կարող են արագ մոտենալ նաև մեզ», — զգուշացնում է Հոխիկյանը։
Լրագրողի տեղեկություններով՝ արդեն հրդեհի օջախներ կան Արցախի հարավային գրավյալ շրջաններում՝ Կովսականում (Զանգիլան) ու Ջրականում (Ջաբրայիլ)։ Հոխիկյանն ընդգծում է, որ պետք է սթափ նայել իրողություններին և պետական մակարդակով ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ Արցախի և Հայաստանի անտառային շերտերի պահպանման համար։