«Հայաստանից ՌԴ արտահանվում են ո՛չ սանկցիոն ապրանքներ»․ Էկոնոմիկայի նախարար
Հայաստանը չի օգնում շրջանցել պատժամիջոցները
«Հայաստանը չի աջակցում Ռուսաստանին պատժամիջոցների շրջանցման հարցում»,- հայտարարել է Էկոնոմիկայի նախարարը։ Վահան Քերոբյանի խոսքով՝ կա նման քննարկում, բայց փաստ չկա։ Ասում է՝ հայկական երկու-երեք ընկերություններ, որոնք «նման գործունեությամբ են զբաղվել», հայտնվել են պատժամիջոցների տակ և հավելում՝ «մասշտաբային գործընթաց չկա»։
Վստահեցնում է՝ անելու են ամեն ինչ, որ երկիրը չընկնի պատժամիջոցների տակ։ Մյուս կողմից նկատում է՝ այդ պայմանի պահպանմամբ փորձելու են լավագույնս օգտագործել առաջացած տնտեսական հնարավորությունները։
Աճ՝ առանց պատժամիջոցների շրջանցման
Քերոբյանի փոխանցմամբ՝ 2022 թ․-ին Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը կազմել է 5 մլրդ դոլար՝ գրեթե կրկնակի աճ գրանցելով։ Նրա դիտարկմամբ՝ դա տեղի է ունեցել ոչ թե պատժամիջոցների շրջանցման հարցում ՌԴ-ին աջակցելու, այլ երկու հիմնական գործոնների հաշվին՝
- Ռուսական շուկան ազատվել է բավականին շատ ապրանքներից։ Հայ արտադրողների համար առաջացել է հնարավորություն լցնել այդ ազատ տարածությունը, նրանք դա արել են բավականին լավ։
- Կան ապրանքային կատեգորիաներ, որոնք արգելված չեն, սակայն հայ արտադրողները չեն ուզում ուղիղ առաքել ՌԴ․ ֆինանսական հաշվարկների դժվարություններ կան։ ՀՀ բիզնեսմեններն օգտվել են այդ հնարավորությունից, կարողացել են գործարար կապեր հաստատել գնորդների և վաճառողների միջև և, այսպես ասած, միջնորդի դեր ստանձնել։
Նպատակը առաջացած տնտեսական հնարավորություններն օգտագործելն է
Շաբաթներ առաջ ԱՄՆ Արդարադատության, Առևտրի և Ֆինանսների նախարարությունները հայտարարել էին, որ որոշ պետություններ «օգտագործվել են Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքներն անօրինական կերպով հասցնելու համար»: Չինաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի կողքին հիշատակվել էր նաև Հայաստանի անունը։
Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ՝ դա փաստերի արձանագրում չէ։ Factor TV-ի եթերում նա նշել է, որ Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում իր բոլոր գործընկերների հետ, փորձում նրանց բացատրել, թե ինչ դեր է ուզում ունենալ երկիրը «վերաձևավորվող աշխարհում»։
«Մենք մեզ տեսնում ենք տարբեր տնտեսական բլոկների միջև կամուրջի դերում։ Օրինական, լեգալ կամուրջ, որով կարող են տեղափոխվել թույլատրելի ապրանքներ, ծառայություններ, դրամական միջոցներ»,- ընդգծել է Քերոբյանը։
Պաշտոնական Երևանի նպատակը առաջացած տնտեսական հնարավորություններն օգտագործելն է։ Ըստ Քերոբյանի՝ գլխավոր պայմանը շարունակում է մնալ նույնը՝ չընկնել պատժամիջոցների տակ, սանկցիոն ապրանքների առևտրով չզբաղվել։
Նախարարն ասում է՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Հայաստանը չի հայտնվի պատժամիջոցների տակ, ու հավելում, որ դա կառավարության «ամենօրյա աշխատանքի իմաստն» է։
Շեշտում է՝ մաքսային մարմիններն ու բանկային համակարգը թույլ են տալիս գրեթե ամբողջությամբ բացառել այդ ռիսկերը։ Բացի այդ, կան նաև վերահսկողական լրացուցիչ գործառույթներ, օրինակ՝ որոշ ապրանքատեսակներ լիցենզավորման գործընթաց են անցնում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանը չի օգնում շրջանցել պատժամիջոցները