«Կիրակի էր»․ պատմություններ Արցախյան երկրորդ պատերազմի մասին
«Հետագծեր» նախագիծն առաջարկել է Արցախյան հակամարտության երկու կողմի մադկանց պատմել, թե ինչպես է նրանց համար սկսվել 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ի կիրակին, երբ մեկնարկել է Արցախյան երկրորդ պատերազմը։
Այս երեք պատմությունները հայկական կողմից են։ «Հետագծերում» կան նաև Ադրբեջանի բնակիչների պատմությունները։
Պատմություն առաջին․ յոգա
Տաք եղանակին Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտը սովորաբար մարդաշատ է լինում առավոտյան 6:30-ից կամ 7:00-ից։ Սակայն առավոտյան այստեղ ոչ թե ֆուտբոլ են խաղում, այլ յոգայով են զբաղվում։ Եվ 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ը բացառություն չէր։
«Այդ առավոտից հետո կայուն ասոցիացիա ունեմ․ եթե օրը սկսվում է լավ, տաք եղանակով, ուրեմն՝ վատ բան է լինելու», — ասում է լուսանկարիչ և լրագրող Արմինե Վանյանը, որն այդ օրն առավոտյան 7:00-ին մարզադաշտում էր։
«Ահա այժմ, երբ զարթնում եմ առավոտյան և տեսնում եմ, որ արևը շողում է, հասկանում եմ, որ տաք, արևոտ եղանակ է լինելու․․․ Միանգամից ինչ-որ վատ բանի սպասում է հայտնվում։ Լավ օրերի հետ ինձ մոտ վատ ասոցիացիաներ են առաջանում», — պատմում է նա։
Առաջին պայթյունն Արմինեն լսել է առավոտյան յոթից հետո։ Ասում է, որ ոչ ոք դրան չի արձագանքել, և յոգայի պարապմունքը շարունակվել են։ «Վախենալու բան չկար, սովոր ենք, ապրում ենք ռազմական գործողությունների գոտում, պայթյունն էլ է սովորական բան»։
Վախեցրել է երկրորդ պայթյունը, որը հնչել է առաջինից գրեթե անմիջապես հետո։
«Մենք առանձնապես չէինք մտահոգվում։ Ես, օրինակ, թեթև վազքով տուն բարձրացա [Ստեփանակերտում մարզադաշտը ցածրավայրում է]։ Խառնաշփոթը հետո սկսվեց, բայց այն առաջին պահին ամեն ինչ համեմատաբար հանգիստ էր, մենք պարզապես ցրվեցինք և վերջ», – հիշում է Արմինեն։
Պատերազմի օրերը նա Երևանում է անցկացրել և վերադարձել է նոյեմբերի 10-ից հետո [երբ ստորագրվել է հրադադարի մասին համաձայնագիրը]։
Արմինեն վերսկսել է յոգայի պարապմունքները միայն դեկտեմբերի վերջին օրերին։ Նրա խոսքով՝ ամեն ինչ փոխվել է։
«Երբ անցնում եմ մարզադաշտի կողքով, զգում եմ այն օրվա հոտը։ Տհաճ զգացողություն է առաջանում, որն ինձնից կախված չէ, չեմ կարողանում դրան անուն տալ, բայց այն կարծես վանում է ինձ մարզադաշտից»։
Նույն զգացողությունը նրա մոտ առաջանում է նաև սեպտեմբերյան առավոտյան գործերից՝ տագնապ, որն անցնում է միայն ցերեկը։ Մեկ տարի անց՝ 2021 թ․-ի սեպտեմբերի 27-ին, նա պլանավորում է կրկին յոգայի գնալ։ Սակայն հիշում է, որ պլանները կարող են անսպասելի փոխվել, և ողջ կյանքը կարող է գլխիվայր շուռ գալ մեկ վայրկյանում։
Պատմություն երկրորդ․ հարսանիք և պատերազմ
Մարիայի և Արարատի հարսանիքի օրը, ինչպես սովորաբար լինում է, երկար էր պլանավորվել։ Եվ պատերազմն արդեն հինգ ժամ էր՝ ընթանում էր, երբ Մարիան իմացավ, որ այն սկսվել է։ Պսակադրության նախապատրաստություններն ընթանում էին, իսկ հյուրասենյակում միացրած էր հեռուստացույցը։
«Ես արդեն ճերմակ զգեստով էի, մազերս էին հարդարում, որոշեցի դիմահարդարում չանել, մի խոսքով, պատրաստ էի, երբ լսեցի, որ պատերազմ է սկսվել»։
Սկզբում նրան թվացել է, որ հեռուստաուղերձը վերաբերում է դիվերսիոն հարձակմանը։
«Բայց անհանգստության զգացում ունեի, որը գագաթնակետին հասավ, երևի, երբ մենք արդեն եկեղեցում էինք», – Մարիա Նալբանդյանը պատմում է իր հարսանիքի մասին, որը կայացել է 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին։
Պսակադրությունը հիշելիս նա ասում է, որ այդ պահին երջանիկ էր, բայց նաև վախենում էր։ Ամեն ինչ միաժամանակ էր՝ երջանկություն և պատերազմ, ուրախություն և տխրություն։
«Ես շատ հուզված էի։ Արարատը մոտեցավ և շշնջաց․ «Մի վհատվիր և լաց մի եղիր»։ Բայց ես արդեն լալիս էի»։
Մարիան ասում է, որ ամուսնանալուց և պատերազմից հետո միանգամից մեծացել է, ամեն ինչ փոխվել է։
«Մեղրամիս, իհարկե, չենք ունեցել։ Ես աշխատում էի բուժկենտրոնում և աշխատանքի եմ գնացել, եթե ոչ 28-ին, ապա մի քանի օր անց՝ հոկտեմբերի 1-ին։ Մեր մեղրամիսն անցել է պատերազմի մեջ և աշխատավայրում», – ասում է Մարիան։
Իսկ այժմ նա մտածում է այն մասին, թե ինչպես ամուսնուն շնորհավորի հարսանիքի օրվա կապակցությամբ, որը միաժամանակ պատերազմի տարելիցն է։
«Մենք միմյանց խոստացել ենք, որ հնարավորինս շատ երեխա ենք ունենալու։ Մենք միշտ էինք դա ուզում, մեր ցանկությունները չեն փոխվել, բայց, թերևս, պատերազմը դրանք ուժեղացրել է»։
Պատմություն երրորդ․ պատերազմ և ծնունդ
Պատերազմի մեկնարկի օրը Երևանի «Էրեբունի» բուժկենտրոնում չորս աղջիկ և երկու տղա է ծնվել։
«Ծննդօգնությունը չի ճանաչում ոչ գիշեր, որ ցերեկ, ոչ շաբաթ, ոչ կիրակի», — ասում է Նորայր Նվերի Ղուկասյանը՝ «Էրեբունի» ԲԿ-ի գինեկոլոգ-մանկաբարձը։
2020 թ․ սեպտեմբերի 27-ին բժիշկ Ղուկասյանը Սևանա լճի ափին գտնվող հյուրատանը կոնֆերանսի էր, երբ իմացավ, որ պատերազմ է սկսվել։ Իմանալուց հետո անմիջապես հիվանդանոց վերադարձավ։
Նա չէր կարծում, որ պատերազմը երկար կտևի։ Նրան թվում էր, թե այն նման է լինելու 2016 թ․-ի «ապրիլյան պատերազմին»։ Մի քանի օր, ոչ ավելին։
«Այդ 44 օրվա ընթացքում ես գնահատեցի, կրկին գիտակցեցի, որ լավագույն մասնագիտությունն եմ ընտրել։ Հիվանդանոցի բոլոր սենյակներում միայն ցավ ու կորուստ էր, իսկ մեզ մոտ կյանքը շարունակվում էր, պատերազմի յուրաքանչյուր օրը նորածինների ճիչեր էինք լսում, որոնք նոր կյանք են սկսում», — ասում է բժիշկ Ղուկասյանը։
Պատերազմից հետո աշխատանքը հոգեբանորեն ավելի ծանր է դարձել, ասում է նա։ Այժմ բժիշկը վարում է տասից ավելի կանանց հղիություն, որոնք պատերազմում կորցրել են որդիներին և հույս ունեն, որ, երեխա ունենալով, ինչ-որ չափով կթեթևացնեն կորուստը։
«Մի կին կա, որն արդեն հղիության 30-րդ շաբաթվա մեջ է։ Ինձ վրա շատ է ազդել նրա պատմությունը։ Այն օրը, երբ իմացել է, որ հղի է, լուր է ստացել, որ հայտնաբերվել է որդու մարմինը», – պատմում է բժիշկը։
«Մահվանը զուգահեռ կա կյանք», — ասում է բժիշկ Ղուկասյանը և ավարտում զրույցը, որովհետև նրան սպասում են ծննդաբերության բաժանմունքում։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։