«Թրամփի ուղին» ներդրումային նոր հնարավորություններ կբացի»․ հայ տնտեսագետ
Կարծիք ՀՀ ապաշրջափակման հնարավորությունների մասին
«Թրամփի ուղու» վերաբերյալ վաշինգտոնյան համաձայնությունները ներդրումային նոր հնարավորություններ կբացեն Հայաստանի համար։ «Հանրային ռադիոյի» եթերում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Արմեն Քթոյանը։
«Համաշխարհային բանկի գնահատականներով՝ ԱՄՆ, Եվրամիության անդամ երկրների հետ մեր ներդրումների կատարողականը մեր ներուժի 20 տոկոսն է, մնացածը չի իրացվում [կոմունիկացիաների բացակայության պատճառով]»,- ընդգծել է նա։
Տնտեսագետի համոզմամբ՝ ներդրումների հոսք ապահովելը տասնամյակներ պահանջող աշխատանք է։ Ասում է՝ «Թրամփի ուղին» (TRIPP) դրան նպաստող կարևոր գործոն է, սակայն անհրաժեշտ է համալիր մոտեցում, այդ թվում՝ ինստիտուցիոնալ քաղաքականություն։
«Եթե մենք մեր տնտեսության ներսում ինստիտուցիոնալ խնդիրները չլուծենք, ինչպիսի կապուղիներ էլ լինեն, մենք կմնանք ցածր արդիականացված կամ չարդիականացված այն տնտեսությունը, որը հանքահումքային արտադրանք կամ պարենային ապրանքներ արտահանող երկիր է»,- ընդգծել է նա։
Շրջափակումն, ըստ Քթոյանի, բազմաթիվ տնտեսական վնասներ է հասցրել երկրին նաև այն պատճառով, որ ՀՀ-ում լոգիստիկ ծախսերը մինչև 40 տոկոսով ավելի բարձր են, քան հարևան երկրներում։ Շեշտում է՝ եթե կոմունիկացիաները բաց լինեին, տարբեր երկրներ Հայաստանի արտահանումը կլիներ 35 տոկոսով ավելի, քան հիմա է։
Մանրամասները՝ ստորև
- «Հայ-իրանական կապերը չեն լինի սակարկման առարկա»․ «Թրամփի ուղին» ու Թեհրանի դիրքորոշումը
- Ի՞նչ կշահի և ի՞նչ կկորցնի Վրաստանը․կարծիքներ Թրամփ-Ալիև-Փաշինյան հանդիպման մասին
- «Երրորդ կողմի վերահսկողություն չի լինելու»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղի» ծրագրի մասին
- «TRIPP-ը կդառնա Հայաստանի անվտանգության նոր բաղադրիչ». Փաշինյան
- «Պատմական գագաթնաժողով»․ Երևանն ու Բաքուն Թրամփի միջնորդությամբ փաստաթղթեր ստորագրեցին
Տնտեսագետ Արմեն Քթոյանի մեկնաբանությունը
«Թրամփի ուղին» և Հայաստանի տնտեսական աճը
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը երբեք չի ունեցել ներդրումային նպաստավոր միջավայր։ Ասում է՝ ունեցել ենք ներդրումների համար հարմար օբյեկտներ, օրինակ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», կամ դատարկ դաշտ՝ հեռահաղորդակցության ոլորտ, որը խաղացողները եկել ու լցրել են։
«Այդ հնարավորությունները սպառվել են։ Դա է պատճառը, որ 2009 թ․-ից սկսած ՀՀ-ում արված օտարերկրյա ուղղակի ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունն անշեղորեն նվազում է, խիստ ցածր մակարդակի է հասել»,- «Հանրային ռադիոյի» եթերում արձանագրել է նա։
Ըստ Քթոյանի՝ ներկա պահին ՀՀ-ում ներդրում անողների շահը պետք է լինի հետևյալը՝ ներդնել տեխնոլոգիա, երկրում առկա չօգտագործվող կամ ցածր արյդունավետությամբ օգտագործվող ռեսուրսի հիման վրա թողարկել ապրանք կամ ծառայություն, այնուհետև իրացնել այն, այսինքն՝ արտահանել․ տեղական շուկան փոքր է։ Շեշտում է՝ արտահանման համար կան մի շարք խոչընդոտներ՝
- փակ սահմաններն ու կոմունիկացիաների բացակայությունը,
- ինստիտուտների թերզարգացած լինելը,
- բիզնեսում հովանավորչությունը,
- աշխատանքային ռեսուրսներն ու նրանց ստացած կրթությունը,
- տեխնիկական վերազինումը,
- երկրի անվտանգային ռիսկը։
«Այն նախագիծը, որում ներդրողը եվրոպական երկրում կհամաձայնի ներդրում անել, եթե բերի տարեկան 10 տոկոս եկամուտ, նույն նախագծի համար ՀՀ-ում կպահանջի 25 տոկոս, որովհետև երկրի ռիսկը բարձր է»,- ասում է Քթոյանը։
Տնտեսագետի գնահատմամբ՝ ընթացող խաղաղության գործընթացն ու անվտանգային ռիսկերի նվազեցումը կհանգեցնեն նրան, որ ներդրողները կհամաձայնեն ներդրումներ անել նաև ցածր եկամտաբերությամբ նախագծերում։
Քթոյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսական աճի ներուժը գնահատվում է 5 տոկոսի տիրույթում։ Կարծում է՝ եթե հաջողվի լուրջ ներդրումներ ներգրավվել, ներուժի մակարդակը կարող է դառնալ 7 տոկոս․
«Ինչ կտա՞ «Թրամփի ուղին»։ Ամենատարբեր հնարավորություններ՝ սկսած որպես ռեգիոնալ կարևոր խաղացող հանդես գալուց։ Պոտենցիալ օգուտներ կլինեն ՀՀ համար՝ թե՛ իր տնտեսության գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու, թե՛ որպես տրանզիտային ուղի հանդիսանալու»։
Տնտեսագետը նաև որոշ օրինակներ է բերել՝ ցույց տալու համար, թե որ ուղղություններից Հայաստանը կարող է տնտեսական օգուտներ ստանալ, եթե հաղորդակցությունները բացվեն։ Մասնավորապես՝ նշել է․
- «Ադրբեջանը Նախիջևանի հետ 1 մլն տոննա ապրանքաշրջանառություն ունի, որը հիմա իրականացվում է Իրանով։
- Միջին Ասիայի երկրները լուրջ խնդիր ունեն՝ դիվերսիֆիկացնելու իրենց լոգիստիկ շղթաները, դուրս գալու «Միջին միջանցք»-ով դեպի Սև ծով։
- Թուրքիան ունի Միջին Ասիայի երկրների հետ առևտուրն ինտենսիվացնելու խնդիր»։
Համոզված է՝ այդ ամենը կարող է իրականացվել «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում։
ԵՄ անդամ դառնալու համար ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին՝ Քթոյանը նկատել է՝ եթե ուզում ենք ԵՄ անդամ լինել, ներսից պետք է փոխվենք։ Ասում է՝ խոսքն ինչպես հանրային կյանքի, այնպես էլ բիզնեսի կազմակերպման չափանիշների մասին է։
«Ապրանք արտադրողներ կան, որոնց արտադրական գործընթացների 70-80 տոկոսը չի բավարարում եվրոպական չափանիշներին։ Տարիների աշխատանք կա անելու, ներդրումների, ինստիտուտների զարգացման խնդիր կա, դոնորներ ներգրավվելու խնդիր կա, լուրջ աշխատանք կա տանելու»,- ասել է փորձագետը։
Ընդգծել է՝ այնպես չէ, որ այսօր ցանկացանք, վաղը կամ 10 տարի անց դառնալու ենք ԵՄ անդամ.
«Այդ 10 տարին նրա համար է, որ վերափոխես քո բոլոր ինստիտուտները, արտադրական գործընթացները, վարքագիծը և այլն։ Երկարատև գործընթաց է, բայց դա միակ այլընտրանքն է, որ կարող է կայուն զարգացում ապահովել մեզ համար»։
Շեշտում է՝ խնդիրն այն է, որ այսօր ԵԱՏՄ շրջանակներում ՌԴ ապրանք արտահանելը շատ ավելի հեշտ է, ավելի կոմֆորտ։
«Բիզնեսի վարքագիծն այնպիսին է, որ նվազագույն դիմադրության ճանապարհով է գնում։ Եթե կարող ես չարդիականացնել քո գործընթացները, չլիցենզավորել կամ ինչ-որ մի կեղծ թուղթ հանելով ապահովել քո մուտքը տվյալ շուկա, ինչո՞ւ չանես։ Հակառակը՝ հսկայական ներդրումներ անես, ժամանակ վատնես արդիականացնելու վրա և այլն»,- պարզաբանում է նա։
Արմեն Քթոյանն օրինակ է բերում հայկական կոնյակի արտահանումն ու շեշտում՝ ՀՀ-ն երկու անգամ ավելի շատ կոնյակ է արտահանում, քան ներում են իր կարողությունները։ Հետևաբար, չի ապահովվում անհրաժեշտ և սպասվող որակը։ Ասում է՝ չափորոշիչներին չբավարարող այլ ապրանքներ էլ կան, ուստի պետք է հստակ սահմանել «խաղի կանոնները»․
«Անկախ նրանից՝ աշխատատեղեր են կորչում, բիզնես է փակվում, պետությունը պետք է հետամուտ լինի այդ խաղի կանոնների պահպանմանը։ Այդպես կարելի է կարգուկանոն հաստատել և այդպես մենք արդեն կզրկենք մեր գործընկերոջն այն մահակից, որը պարբերաբար կարող է գործադրվել մեր նկատմամբ [նկատի ունի ՌԴ կողմից հայկական ապրանքների համար պարբերաբար կիրառվող սահմանափակումները]»։
ԵԱՏՄ անդամությունից վնասներն ավելի շատ են, քան օգուտները
Տնտեսագետը նկատում է՝ ՀՀ-ն վերածվել է ՌԴ հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դոնոր երկրի։ Մանրամասնում է՝ ներմուծվող ապրանքների համար գանձում ենք մաքսատուրք, հետո այդ մաքսատուրքը վճարվում է ԵԱՏՄ միասնական բյուջե, որտեղ Հայաստանի համար 1․22 տոկոս մասնաբաժին է սահմանված։
Քթոյանի փոխանցմամբ՝ Հայաստանն ավելի շատ վճարում է ԵԱՏՄ բյուջե, քան ստանում, ինչը «հավելյալ բեռ» է երկրի բյուջեի համար։
Այս տարվա հունիսին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել էր, որ 2024 թ․-ին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջե է փոխանցել 323 մլն դոլար, ստացել է 189 մլն դոլար:
«Այսինքն՝ մենք ԵԱՏՄ–ին տալիս ենք ավելի շատ մաքսատուրք, քան ստանում ենք: Բացասական սալդոն 135 մլն դոլար է կազմում»,- նկատել էր նախարարը։
Խոսելով ԵԱՏՄ անդամությունից ստացած օգուտների մասին՝ Քթոյանն ասել է՝ խոսք կարող է գնալ ներքին կամ ցածր գներով էներգակիրների ձեռքբերման մասին։
Փորձագետը, սակայն, այս միույթյանն անդամությունից ավելի շատ վնաս է տեսնում, քան օգուտ։
«Մինչև ԵԱՏՄ անդամակցությունը ԵՄ երկրներ Հայաստանի ապրանքների ներմուծման մաքսատուրքը 3 տոկոս էր, անդամակցությունից հետո եռապատկվեց։ Այսինքն՝ մեր արտադրողները ԵՄ ապրանք արտահանելիս ԵԱՏՄ անդամ հանդիսանալու պատճառով մոտ 3 անգամ ավելի շատ մաքսատուրք են վճարում։ Թուրքական կամ վրացական ապրանքների համեմատությամբ ի սկզբանե գտնվում են ոչ մրցակցային վիճակում»,- մանրամասնել է նա։
Ամփոփելով այս պահին առկա տվյալները՝ Քթոյանը նկատել է՝ 2014-24 թվականներին ՀՀ-ից Ռուսաստան արտահանումը տասնապատկվել է, այնինչ Հայաստանից ԵՄ արտահանումն ավելացել է ընդամենը 50 տոկոսով։
Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015 թ. հունվարի 2-ին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կարծիք ՀՀ ապաշրջափակման հնարավորությունների մասին