«Խաղաղությունն ամրանում է»․ հայ և ադրբեջանցի փորձագետների 3-րդ համաժողովի արդյունքները
«Խաղաղության կամուրջի» երրորդ համաժողովը ՀՀ-ում
2025 թ.-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգի իրագործում և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա։ Փետրվարի 13-14-ը Ծաղկաձորում կայացած «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երրորդ համաժողովի շրջանակում այս և հարակից թեմաների շուրջ են կենտրոնացել Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները: Հայկական կողմից մասնակցել է 20, ադրբեջանական կողմից՝ 19 փորձագետ։
«Երևանում և Բաքվում, ըստ էության, երկաթյա վարագույրի պատռման առաջին փորձերն ենք իրականացրել: Առաջին հանդիպումից սկսած կողմերը որևէ խնդիր չեն ունեցել իրենց հուզող խնդիրները բարձրաձայնելու: Այն բոլոր թեմաները, որոնք քննարկվում են մեր հասարակությունների կողմից, այս սեղանի շուրջ բարձրաձայնվում են»,- ասել է քաղաքագետ, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:
Համաժողովի մասնակիցները երկօրյա քննարկումներն ամփոփել են մամուլի ասուլիսով: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգողներ Արեգ Քոչինյանն ու Ֆարհադ Մամեդովը կարևորել են ընդլայնված կազմով՝ փորձագիտական և լրագրողական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովի անցկացումը:
«Այս ընդլայնումն ինքնանպատակ գործընթաց չէ, նպատակ ունի ներգրավել մեզ հետ համակարծիք և տարակարծիք նոր դերակատարների»,- ընդգծել է Քոչինյանը:
Մամեդովն, իր հերթին, նկատել է՝ նախաձեռնության շրջանակում աշխատում են երկու ուղղությամբ՝ ադրբեջանական և հայկական հասարակությունների հետ և համատեղ նախագծերի շուրջ: Շեշտել է՝ ապագայի համար արդեն իսկ կան որոշակի գաղափարներ:
«Նախաձեռնել ենք կոնկրետ նախագծեր, որոնց իրականացման ուղղությամբ աշխատում ենք՝ համատեղ հոդվածներ, հետազոտություններ, այլ նախագծեր, որոնց իրականացումն է լինելու մեր նախաձեռնության բավականին լուրջ առաջընթացը»,- հավելել է Արեգ Քոչինյանը:
Կլոր սեղան-քննարկումների և հայ պաշտոնյաների հետ հանդիպումների մանրամասները, կարծիքներ
- «Հայաստանը փրկվեց ռուս-թուրքական աքցանից»․ կարծիք Ջեյ Դի Վենսի այցի մասին
- Փաշինյանն ու Ալիևը խաղաղության հաստատման համար ԱՄԷ-ում արժանացան «Զայեդ» մրցանակի
- «Ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է, բայց կան ռիսկի գործոններ»․ Հայաստանի ԱՀԾ զեկույցը
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների առաջին հանդիպումը կազմակերպվել էր 2025 թվականի հոկտեմբերին Երևանում։ Մեկ ամիս անց Բաքու էին մեկնել հայ փորձագետները։ Յուրաքանչյուր երկիր ունի 5 հիմնական ներկայացուցիչ։
Երկրորդ հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումներն ու փոխայցելությունները։ Նշվեց նաև, որ նախաձեռնությունը կկոչվի «Խաղաղության կամուրջ»։
Երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների օրակարգում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր հարցերն են՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից մինչև հաղորդակցությունների ապաշրջափակում։
«Կարևոր նախադեպ էր». ցամաքային սահմանը հատելու մասին
Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ոչ թե ինքնաթիռով, ինչպես 2025 թվականի հոկտեմբերին, այլ ցամաքային սասհմանով՝ հայկական Ոսկեպար և ադրբեջանական Աշաղը Ասկիփարա գյուղերի հարակից տարածքով: Խոսքը Տավուշ-Ղազախ սահմանազատված և սահմանագծված հատվածի մասին է:
Հայկական կողմի փոխանցմամբ՝ նույն կերպ էլ վերադարձել են Ադրբեջան, ինչը նշանավորում է «վստահության ամրապնդման ևս մեկ գործնական քայլ»:
Կլոր սեղան-քննարկման ադրբեջանցի մասնակից, 1news.az առցանց պարբերականի գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան սահմանահատումը բնորոշել է որպես խորհրդանշական քայլ:
«Երկար տարիների ընթացքում առաջին անգամ քաղհասարակության ներկայացուցիչները ցամաքային ճանապարհով սահման են անցել։ Սա նաև հոգեբանական քայլ է մեր հասարակությունների համար»,- նկատել է Մամեդովան։
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ գործ ունենք կարևոր նախադեպի հետ.
«Մեր ադրբեջանցի գործընկերներն անցել են սահմանը, և դա իրենց կողմից բավականին համարձակ քայլ էր՝ լինել առաջինները, որոնք անցել են սահմանը և անցել են սահմանի այն մասը, որը սահմանազատված է»,- ընդգծել է Նավասարդյանը:
Ի՞նչ են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները
«Հայկական խորհրդի» փոխանցմամբ՝ համաժողովի մասնակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլն ու ապագա զարգացման ուղիները, ինչպես նաև՝
- փոփոխվող տարածաշրջանային անվտանգության միջավայրի և խաղաղության գործընթացի արդյունքում ձևավորվող տնտեսական հնարավորությունները,
- սահմաններին և հաղորդակցություններին վերաբերող հարցեր,
- կայուն խաղաղության առավելությունները և միջհասարակական հարաբերությունների հաստատման հնարավոր սոցիալական և տնտեսական օգուտները,
- երկու հասարակություններում առկա հանրային սպասումների, ինչպես նաև խաղաղության գործընթացի՝ քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ ապահովելու ուղիները:
Համաժողովի մասնակիցները։ Լուսանկարները՝ Հայկական խորհրդի
«Առանձին նիստ նվիրված է եղել երկխոսության մասնակիցների միջև համագործակցությանը․ քննարկվել են համատեղ ծրագրերի գաղափարներ, հանրային հաղորդակցության ռազմավարություններ և միջհասարակական փոխգործակցության մեխանիզմներ»,- հայտնում են կազմակերպիչները։
Հաղորդագրության համաձայն՝ զգալի ուշադրություն է դարձվել վստահության ամրապնդմանը, հանրային դիվանագիտությանը և գործնական առաջարկությունների մշակմանը՝ հասարակական մակարդակում կապեր խթանելու նպատակով։
«Ձևաչափի շրջանակում կանոնավոր շփումները կարող են էականորեն նպաստել փոխադարձ վստահության ամրապնդմանը, մասնագիտական համագործակցության ընդլայնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների աստիճանական կարգավորմանը»,- վերահաստատել են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցները:
Հանդիպումներ հայ պաշտոնյաների հետ
«Խաղաղության կամուրջի» երրորդ համաժողովի մասնակիցները հանդիպել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԳ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Պաշտոնյաների հետ քննարկումները։ Լուսանկարները՝ Հայկական խորհրդի
ԱԳՆ-ից հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդել: Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման ձևաչափով երկկողմ շփումները «կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում»։
«Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային»
Նշվում է, որ ԱԽ քարտուղարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին։
Պաշտոնյաների հետ հանդիպումներին անդրադարձել է նաև «Հայկական խորհուրդը»: Հաղորդագրության համաձայն՝ քննարկումների ընթացքում մտքեր են փոխանակվել խաղաղության օրակարգի առաջմղման գործում քաղհասարակության դերի, ինչպես նաև այն ուղիների վերաբերյալ, որոնց միջոցով հանրային նախաձեռնությունները կարող են փոխլրացնել խաղաղության հաստատմանն ուղղված պաշտոնական ջանքերը։
Մասնակիցների կարծիքները
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
«Ես կասեի, որ զարգանում է և խորանում է նաև անկեղծությունը մեր երկխոսության այս ձևաչափով։ Առաջին հերթին, մենք սկսում ենք իրար էլ ավելի լավ հասկանալ։ Իսկ հասկանալը նշանակում է նաև պատկերացնել՝ ինչ է հնարավոր և ինչը հնարավոր չէ այս գործընթացի ընթացքում:
Օրակարգը, որը մենք ձևավորում ենք, կարծում եմ՝ օգտակար կլինի նաև որոշում կայացողների համար, քանի որ դա [նախաձեռնությունը] լրացուցիչ երկխոսության հարթակ է, որի մասին երկու երկրների իշխանությունները 100%-ով տեղյակ են, և կարողանում են իրենց աշխատանքը կառուցել նաև այն պրոդուկտի հիման վրա, որը մենք ստեղծում ենք»:
Նարեկ Մինասյան, քաղաքագետ
«Մեր խնդիրն է, որ որքան էլ ծանր է անցյալի ժառանգությունը, փորձենք գտնել ընդհանուր կետեր, որոնց հիման վրա կարող ենք առաջ շարժվել և այս խաղաղության գործընթացը դարձնել անշրջելի։ Կարևորում եմ նաև այս նախաձեռնության հետ կապված իրատեսական ակնկալիքների ձևավորումը։
Վերջին հանդիպումներից հետո դաշտի մոնիթորինգը ցույց է տալիս, որ կա երկու հիմնական ծայրահեղական մոտեցում։ Առաջինը, երբ գերագնահատվում են նախաձեռնության կարողություններն ու ըստ դրա ձևավորվում են գերագնահատված ակնկալիքներ։ Կա կարծիք, որ այս ֆորմատը պարտավոր է քննարկել այնպիսի հարցեր, որոնք իրականում մեր տիրույթում չեն, կառավարության տիրույթում են, օրինակ՝ սահմանազատման հետ կապված հարցերը։ Մենք հանդիպման ժամանակ այս հարցը, մեր մտահոգությունները բարձրացրել ենք, սակայն որոշման գործընթացը կառավարության տիրույթում է։
Երկրորդ մոտեցումը՝ շրջանառվում է կարծիք, թե այս նախաձեռնությունն «անիմաստ է, որևէ բան չի կարող փոխել»։ Առնվազն մենք մեր փորձից կարող ենք վստահորեն պնդել, որ թե՛ նարատիվների փոփոխության հարցում, թե՛ տարբեր գաղափարների գեներացման հարցում նախաձեռնությունն ունի որոշակի ազդեցություն, դրական էֆեկտ»։
Ֆարհադ Մամեդով, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն
«Բոլորի համար էլ պարզ է, որ պատերազմից հետո պետք է խաղաղություն հաստատվի։ Դրան հասնելու համար մենք երկար ճանապարհ ենք անցել։ Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանի կառավարությունը մի քանի տարի խոսում է խաղաղության պայմանագրի ու օրակարգի շուրջ:
Կարևոր է, թե ինչ պարամետրեր է ունենալու խաղաղությունը, քանի որ շատ հաճախ հասարակական կարծիքը թերահավատ է լինում՝ բախվելով այդ պարամետրերի բացակայությանը։
Այսօր, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրականացվում է տնտեսական փոխգործակցություն, երկրների առաջնորդների, կառավարությունների միջև կա բարձր մակարդակի երկխոսություն: Ոչ դեպի լավը փոխվում է աշխարհաքաղաքական կարգը: Եվ հանրությունը տեսնում է, որ ի հայտ են գալիս նոր պատերազմներ ու սպառնալիքներ, բայց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն ամրանում է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որ հասարակությունն ընդունի այս խաղաղության օրակարգը»:
«Հայացք ներսից»․ JAMnews-ի խմբագրի աչքերով
Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել է նաև JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն, խմբագիր Նաիրա Մարտիկյանը, ով խմբագրակազմի հետ կիսել է իր տպավորությունները․
«Ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շատ կարևոր գործընթաց։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը դրա բաղադրիչներից մեկն է, որի դերը, հնարավոր է, բոլորին չէ, որ հասկանալի է։ Ինձ այդպես թվաց, երբ սկսեցի կարդալ, թե ինչ էին մարդիկ գրում սոցցանցերում հայ և ադրբեջանցի փորձագետների ընդլայնված կազմով հանդիպման մասին։
Ուզում եմ վստահեցնել, որ որոշ քաղաքականացված շրջանակների կողմից շրջանառվող դավադրության տեսությունները բացարձակապես անհիմն են։
Այս նախաձեռնությունը փորձում է դառնալ կամուրջ երկու հասարակությունների միջև՝ հաստատելու համար տնտեսական կապեր, նպաստելու գիտնականների, հետազոտողների, մշակույթի և արվեստի գործիչների, ինչպես նաև լրագրողների միջև համագործակցությանը։
Չեմ անդրադառնա հանդիպման օրակարգին, քանի որ արդեն իսկ հրապարակվել են այդ մասին հաղորդագրություններ, մամուլի ասուլիսներով են հանդես եկել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցները: Կկիսվեմ իմ տպավորություններով:
Նախևառաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին ամեն մանրուք հաշվի առնելու և յուրաքանչյուր րոպեն նախապես պլանավորելու համար։ Սա մեզ թույլ տվեց քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և երկու կողմերին հուզող հարցերի լայն շրջանակ։
Եվ ամենակարևորը՝ կայացավ բաց, առանց գրաքննության խոսակցություն։
Հանդիպման մասնակիցները ոչ միայն հնարավորություն ունեցան ուղիղ խոսելու, այլև լսելու անկեղծ պատասխաններ և այդ ամենը դեմ դիմաց նստած՝ տեսնելով միմյանց դեմքերը, զգացմունքները։ Իսկ դա չափազանց կարևոր է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսություն և համագործակցություն հաստատելու գործում, հասարակությունների, որոնց ուսերի հետևում տասնամյակներ ձգված հակամարտություն է։
Քննարկեցինք նաև տարբեր համատեղ նախագծեր, որոնք կարող են նպաստել, որ մեր հասարակություններն ավելի լավ հասկանան միմյանց։
Իմ առաջարկը, կարծես, հետաքրքրեց ադրբեջանցի գործընկերներին։ Վերջնական որոշում դեռևս չի կայացվել, բայց հուսով եմ, որ JAMnews-ին կհաջողվի այն կյանքի կոչել ադրբեջանցի գործընկերների հետ միասին։
Առանց մանրամասներ բացահայտելու կարող եմ ասել, որ դա կլինի յուրօրինակ նախագիծ նույնիսկ մեր պարբերականի համար, որի համար հայ-ադրբեջանական համատեղ նյութերը երբեք արտասովոր բան չեն եղել։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է հայ մասնակիցների պատասխան այց։ Հուսով եմ՝ Ադրբեջանում կայանալիք հանդիպումից հետո նույնպես առիթ կլինի կիսվելու դրական տպավորություններով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Խաղաղության կամուրջի» երրորդ համաժողովը ՀՀ-ում