Լրագրող՝ վտանգավոր մասնագիտություն
Կռիվ լրագրողի աղբյուրների պաշտպանության համար
2015-ի աշնանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ստիպված եղավ հաստատել լրատվամիջոցների՝ տեղեկատվության աղբյուրը պաշտպանելու իրավունքը: Պատճառը 2014թ.-ից Հայաստանի տարբեր դատական ատյաններում քննվող մի գործ էր, որով ոստիկանության քննիչ Գարիկ Բեգոյանը պահանջում էր «Հրապարակ» թերթին և iLur.am լրատվական կայքին պարտավորեցնել բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրները:
2014թ.-ի մայիսի 9-ին «Հրապարակ» թերթը և iLur.am կայքը նյութ էին հրապարակել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և մարզիկներ Արթուր ու Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջև տեղի ունեցած վիճաբանություն մասին: Ըստ հրապարակումների բարձրաստիճան ոստիկանը իրեն ամրակցված ատրճանակով հարվածել էր Ռաֆայելի գլխին, ապա ատրճանակը պահել Արթուրի կրծքավանդակին:
Ոստիկանի ապօրինի գործողությունների մասին քրեական գործը քննող ոստիկանության քննիչը Հայաստանի երեք դատական ատյաններում շահել էր խմբագրությունների դեմ գործը: Դատարանները որոշել էին, որ լրագրողները շարքային այս քրեական գործով պետք է բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրները:
Հայաստանի օրենսդրությունը ապահովում է տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը: Միայն ծայրահեղ դեպքերում, երբ ծանր հանցագործության կամ հանրային գերակա շահի մասին է խոսքը, դատարանը կարող է պարտադրել լրագրողին հայտնել իր աղբյուրը: Ոստիկանի և սպորտսմենների միջև ընդհարումը այդպիսի դեպք չէր: Այս գործը Սահմանադրական դատարան ներկայացնողներից փաստաբան Արա Ղազարյանն ասում է, որ «նման շարքային գործի դեպքում պետք է սովորական քննչական եղանակներով փորձել հանցագործությունը բացահայտել, ոչ թե լրատվամիջոցների աղբյուրի միջոցով:
Եթե մի անգամ աղբյուրը բացահայտվի, դա սառեցնող ազդեցություն կունենա ողջ հայկական մեդիա դաշտի վրա. աղբյուրները կդադարեն հաղորդել այնպիսի ինֆորմացիա, որը լրատվամիջոցները սովորական պայմաններում չէին ստանա»:
Ոստիկանական ճնշումը լրագրողների վրա հասավ նրան, որ դատախազությունը տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու համար քրեական գործ հարուցեց iLur.am լրատվական կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ: Հարցին միջամտեց մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, ով հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասաց, որ տեղեկատվության աղբյուրների գաղտնիության բացահայտման պարտադրանքը կարող է սարսափելի հետևանք ունենալ ազատ մեդիայի համար, իսկ աղբյուրների պաշտպանությունը բխում է հանրային շահից:
Ի վերջո, Հայաստանի գլխավոր դատախազությունը լրագրողի դեմ քրեական գործը կարճեց:
Ինքը՝ ընդդիմադիր ուղղվածության կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանն ասաց, որ պատրաստ էր բանտարկվել, սակայն չէր բացահայտի իր տեղեկատվության աղբյուրը.
«Իմ կալանքը կդառնար ազատ խոսքը լռեցնելու ամենալավ նախադեպային միջոցը, որից հետո լրատվամիջոցների առնվազն կեսի դեպքում կաշխատեր ինքնագրաքննությունը: Այսինքն`շատ լրագրողներ, տեսնելով մեր օրինակը, արդեն կվախենային ազատ գրել»:
Հարձակումներ լրագրողների վրա
2015-ի Հայաստանում #ElectricYerevan-ի տարին էր: Այդպես էր կոչվում Երևանում էլեկտարական էներգիայի թանկացման դեմ շարժումը, որ տևեց հունիսի 19-ից հուլիսի 6-ը:
#ElectricYerevan-ը հատկապես թափ ստացավ հունիսի 23-ին, երբ ոստիկանները առավոտյան 6-ին մոտ ջրցան մեքենայի օգնությամբ դաժանորեն ցրեցին Երևանի Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին: Այդ գրոհի ընթացքում ոստիկաննների համար թիրախ դարձան ոչ միայն ցուցարարները, այլև դեպքի վայրում աշխատող լրագրողները:
Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալների ոստիկանները ֆիզիկական բռնության ենթարկեցին նաև 14 լրագրողի և օպերատորի, խոչընդոտեցին տարբեր լրատվամիջոցների ավելի քան 20 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը։
«Երբ արդեն ավարտում էի նկարելը Թումանյանի արձանի մոտ, մեկը ձախ կողմից ձեռքը գցեց, որ ֆոտոխցիկը քաշի: Ես փախցրեցի, մեկ էլ մյուս կողմից քաշեցին: Քաղաքացիական հագուստով իրավապահներ էին: Ֆոտոապարատս գրկեցի պինդ, նստեցի գետնին»,- հունիսի 23-ի մասին պատմում է «ՊԱՆՖոտո»-ի ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը:
Ոստիկանները խլել էին ֆոտոլրագրողի ֆոտոխցիկը և նրան տարել ոստիկանության բաժին: Բաց էին թողել մի քանի ժամ հետո:
ilur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանը պատմում է, որ ոստիկանները իրեն երկար հետապնդել են: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ գեներալ Հունան Պողոսյանն անձամբ է հրամայել խլել լրագրողի տեսախցիկը:
«Երբ տեսախցիկի մեջ քարտ չգտան, սկսեցին խուզարկել: Պողոսյանը հրամայեց հիշողության քարտը վերցնել, իսկ տեսախցիկը վերադարձնել: Հիշողության քարտի մասին էլ ասաց՝ «կգաս բաժնից կվերցնես մաքուր չիպը»»,- պատմում է լրագրողը:
Հուլիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրագրողների դեմ բռնությունների դեպքերով քրեական գործ հարուցեց: Նախաքննության ընթացքում գործով տուժող ճանաչվեց 31 անձ, սակայն առայժմ գործով ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ չկա։
2015-ին Հայաստանում լրագրողների աշխատանքը խանգարելու երկրորդ մեծ ալիքը դեկտեմբերի 6-ին էր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը: Տարբեր ընտրատեղամասերում և քարոզչական շտաբերի մոտ հանրաքվեն լուսաբանող լրագրողներին քաշքշեցին, եղան դեպքեր, երբ հարվածում էին լրագրողների տեսախցիկներին, շատ էին դեպքերը, որբ լրագրողներից պահանջում էին հեռանալ ընտրատեղամասերից:
Տասնյակ դեպքերում լրագրողները ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների, նրանց օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտվեց: Այս դեպքում էլ հարուցվել են քրեական գործեր, սակայն արդյունքներ դեռ չկան:
«Սա արդեն դառը իրականություն է և ավանդույթ Հայաստանում, երբ այդ քաղաքական միջոցառումներում ներգրավված են լինում թաղային հեղինակություններ և այլ անձինք, որոնց համար կարծես թե որևէ արգելքներ չկան կյանքում, երբ նրանք տեսնում են լրագրողների, վստահված անձանց կամ դիտորդների ակտիվ գործունեությունը, որը կարող է խանգարել իրենց պլաններին, նրանք դիմում են այդ անընդունելի միջոցներին: Կարծում եմ՝ դրա վերջը կտրվի միայն այն ժամանակ, երբ սկսեն պատժվել այդ կարգի մարդիկ»,- ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Լրագրողների դեմ բռնություններով առատ 2015-ի արձագանքը Հայաստանի համար կարտահայտվի 2016-ին, երբ լրագրողական հեղինակավոր կազմակերպությունները կհրապարակեն մամուլի ազատության ինդեքսները:
«Freedom House»-ի «Մամուլի ազատություն 2015» զեկույցի համաձայն Հայաստանը անազատ մամուլ ունեցող երկրների շարքում է՝ 61 միավոր ցուցանիշով: 2014-ի համեմատ ցուցանիշը մեկ միավորով բարելավվել էր: 2016-ին նահանջ է սպասվում՝ միայն դեռ պարզ չէ, թե քանի քայլ հետ կգնանք: