Մարտի 5-ին Իրանը անօդաչու թռչող սարքով հարված հասցրեց Ադրբեջանին՝ թիրախավորելով Նախիջևանի ինքնավար հանրապետության միջազգային օդանավակայանը: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանից արձակված ԱԹՍ-ն հարվածել է օդանավակայանի շենքին:
#JUSTIN: One of the drones launched by #Iran hit one of the terminals at #Nakhchivan#Airport, while several other drones fell in different locations.
Մի քանի կառավարամետ լրատվամիջոցներ հանդես են եկել նույն բովանդակության հոդվածներով։ Դրանց մեջ ասվում է․
«Չնայած Ադրբեջանի կողմից Իրանի նկատմամբ ցուցաբերած բարիդրացիական հարաբերություններին, մոլլաների ռեժիմը բացահայտել է իր իրական դեմքը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվել է իր տարածքը տրամադրել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, սակայն ենթարկվել է Իրանի հարձակմանը»:
Հարձակումից հետո օդանավակայանին մոտ գտնվող դպրոցների աշակերտները տարհանվել են:
«Ադրբեջանը իրավունք է վերապահում ձեռնարկել պատասխան գործողություններ», — ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է ԱԳՆ:
Մեկ օր առաջ՝ մարտի 4-ին, իրանական բալիստիկ հրթիռ էր արձակվել Թուրքիայի ուղղությամբ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն անցել է Սիրիայի և Իրաքի տարածքով և վնասազերծվել ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից Միջերկրական ծովի արևելքում։
Հրթիռի մնացորդներն ընկել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանում։
Սա առաջին միջադեպն է, երբ ՆԱՏՕ-ի անդամ և Իրանի հարևան Թուրքիան անմիջականորեն ներգրավվում է տարածաշրջանային սրացող հակամարտության մեջ։
Անկարան հայտարարել է, որ իրավունք ունի արձագանքել թշնամական գործողությունների դեպքում և կոչ է արել կողմերին խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրացմանը։
Middle East Eye գործակալությունը հրապարակել է մեկնաբանություն, որում ենթադրություն է արվում այն մասին, որ Իրանը կարող է հարձակվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի վրա՝ սկսելով Ադրբեջանի տարածքից։