«Սա ոչ թե խաղաղություն է, այլ պարտվողականություն». տարբերվող տեսակետ ՀՀ անվտանգության վերաբերյալ
Ինչպես ապահովել Հայաստանի անվտանգությունը. կարծիք
Մերձավոր Արևելքում իրավիճակը չափազանց լարված է։ Սահմանների վերագծման փորձեր են արվում, ուժերի հավասարակշռությունը փոխվում է։ Որոշ հայ փորձագետներ կարծում են, որ սա տեղի է ունենում նույն տրամաբանությամբ, ինչ Հարավային Կովկասում եղավ դեռևս 2020 թվականին։ Նրանք ասում են, որ 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում հաստատվել է նոր աշխարհակարգ, որտեղ կանոնները թելադրում է ուժը, այլ ոչ թե իրավունքը, և այդ ժամանակից ի վեր Երևանը որդեգրել է զիջումների ռազմավարություն։
ԱՊՀ հարցերով փորձագետ Լիլիթ Գրիգորյանը կարծում է, որ «սա ոչ թե խաղաղություն է, այլ պարտվողականություն»։ Նրա կարծիքն այն մասին, թե ինչ պետք է անի Հայաստանը իր անվտանգությունն ապահովելու համար։
- «Խաղաղությունն ամրանում է»․ հայ և ադրբեջանցի փորձագետների 3-րդ համաժողովի արդյունքները
- Փաշինյանն ու Ալիևը խաղաղության հաստատման համար ԱՄԷ-ում արժանացան «Զայեդ» մրցանակի
- «Հայաստանը վերադառնում է այն արեալ, որից դուրս էր մղվել»․ կարծիքներ «Խաղաղության խորհրդի» մասին
ԱՊՀ հարցերով փորձագետ Լիլիթ Գրիգորյանի մեկնաբանությունը
Իրանը՝ փլուզման և թուլացման միջև
«Իրանում տեղի ունեցողը տասնամյակներ տևած գործընթացների արդյունք է։ Ամերիկյան ներխուժումից հետո Իրաքի թուլացումը խախտեց տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, և դրա վերաբաշխումը միայն ժամանակի հարց էր։ Այսօր Մերձավոր Արևելքը վերադասավորումների փուլում է, որի շրջանակներում Իսրայելը հետապնդում է իր սեփական ամբիցիաների բավարարումը։
Իրանի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով։ Առաջինը ռեժիմի աստիճանական թուլացումն է՝ պահպանելով երկրի տարածքային ամբողջականությունը. սա այն մոտեցումն է, որը նախընտրում են եվրոպական պետությունների մեծ մասը։ Երկրորդն Իրանի մասնատումն է՝ որոշակի շրջաններում անջատողական շարժումներին աջակցելու միջոցով. սա, առաջին հերթին, Իսրայելի շահերից է բխում։
Ցանկացած սցենարի դեպքում ռեժիմը կթուլանա։ Սակայն երկարատև հակամարտությունն իր հետքը կթողնի Պարսից ծոցի երկրների վրա, որոնք զգալի կորուստներ են կրում։ Պատերազմը բարձրացնում է նավթի գինը։ Եվ այս դեպքում Ռուսաստանը շահում է, քանի որ ԱՄՆ-ն թույլ է տալիս մեղմացնել պատժամիջոցների ճնշումը ՌԴ վրա․ 30 օրով չեղարկել է Հնդկաստանի՝ ռուսական նավթ գնելու արգելքը։ Ավելին, Ուկրաինայի համար նախատեսված որոշ զենքեր այժմ օգտագործվում են Իրանի դեմ։ Եվ հակամարտությունն ինքնին միջազգային ուշադրությունը շեղում է ուկրաինական ճակատից, ինչը կրկին աշխատում է Մոսկվայի օգտին»։
Հարավային Կովկասը՝ առանց միջազգային իրավունքի
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, տեղի է ունեցել դեռևս 2020 թվականին։ Այն ժամանակ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համաձայնությամբ, սկսվեց ուժերի վերադասավորություն. Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխեցին տարածաշրջանային հավասարակշռությունը՝ ի վնաս Հայաստանի։ Այսպիսով, ի հայտ եկավ նոր մոդել՝ տարածաշրջանացումը, որտեղ խոշոր խաղացողները (առաջին հերթին՝ Ռուսաստանը և Թուրքիան) սահմանում են կարմիր գծեր, մինչդեռ փոքր երկրները (Հայաստանը և Վրաստանը) ընդունում են նոր իրողությունները։ Ադրբեջանը այս մոդելի համահեղինակը դարձավ։
Տարածաշրջանացումը, ըստ էության, հակաարևմտյան հասկացություն է. փոքր երկրներն ապահովում են իրենց անվտանգությունը տարածաշրջանի ծանրքաշային ուժերի, այլ ոչ թե արևմտյան ինստիտուտների հետ համագործակցության միջոցով։ Հենց այս տրամաբանությամբ է այսօր գործում Հայաստանը՝ հայտարարելով բոլորի հետ լավ հարաբերություններ հաստատելու ցանկության մասին, բայց իր խաղադրույքներն անելով տարածաշրջանի երկրների վրա։ Երևանի արևմտյան կուրսի մասին խոսակցությունները տարածաշրջանացման բացարձակ հակադրությունն են։ Հայաստանի իրական գործողություններն այլ բան են ասում։
Սակայն այս մոդելն ունի սկզբունքային թերություն. նոր կարգը կառուցված է ուժի, այլ ոչ թե իրավունքի վրա։ Արցախյան հարցը նախկինում լուծվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ հիմնական սկզբունքը ուժի չկիրառումն էր։ Ռուսաստանը և Ադրբեջանը՝ Հայաստանի փաստացի օգնությամբ, վերացրեցին այս կառույցը։ Այժմ տարածաշրջանը գործում է ուժի կիրառման սկզբունքով։ Սա նշանակում է, որ նոր կարգի թերությունները հիմնականում կմնան ամենաթույլերի՝ փոքր երկրների ուսերին»։
Խաղաղություն՝ զիջումների դիմաց
«Հայաստանի դեմ ռազմական գործողությունները կվերսկսվեն այն պահին, երբ ՀՀ-ն դադարի զիջումների գնալ։ Իսկ քանի դեռ զիջումները շարունակում են, ռազմական գործողություններ չեն լինի։
Ընտրություններին ընդառաջ իշխանությունները կխուսափեն ցանկացած քայլից, որը կարող է սրացում առաջացնել։ Նրանց հիմնական ուղերձը տնտեսական առաջընթացն է և տարածաշրջանում մշտական խաղաղությունը՝ 99 տարի ժամկետով, ըստ «Թրամփի ուղու» (TRIPP)։ Սա շահեկան դիրքորոշում է. ցանկացած հակառակորդի կարելի է մեղադրել երկիրը աղետի և պատերազմի մեջ գցելու մեջ։
Սակայն այն իրավիճակում, երբ հավաքական Արևմուտքն այլևս գոյություն չունի և չի գործում որպես միջազգային իրավունքի երաշխավոր, հիմնական վտանգը իրականության կորուստն է, ինչը իշխանությունները ակտիվորեն խթանում են: Երկրները, որոնք ունակ են սթափ գնահատել իրավիճակը և հասկանալ, որ տարածաշրջանը մտնում է ռազմական լարվածության փուլ, դրանից դուրս կգան նվազագույն կորուստներով։
Երբ հասարակությունն անկեղծորեն հավատում է, որ մեկ ուղի՝ TRIPP-ը, որի տնտեսական օգուտները կասկածելի են, կարող է լուծել բոլոր խնդիրները, առաջանում է ամենավտանգավոր համադրությունը՝ զգոնության կորուստ, կամքի բացակայություն և ռազմավարության բացակայություն։
Նվազագույնը, ինչ կարող է անել Հայաստանն այս պայմաններում, դա զսպման քաղաքականություն վարելն է: Սակայն դա պահանջում է քաղաքական տեսլական և կամք»։
Զսպման ռազմավարությունը Հայաստանի համար միակ ելքն է
«Զսպման քաղաքականությունը նույնը չէ, ինչ դիմադրողականությունը։ Դիմադրողականությունն արձագանքում է հարձակումներին հարվածը ստանալուց հետո։ Ակտիվ զսպումը նախաձեռնողական է. երկիրը վաղօրոք հայտնաբերում է ռիսկերը և անդրադառնում դրանց մինչ դրանք կսրվեն՝ հասնելով ինքնավարության բոլոր ուղղություններով, ոչ միայն ռազմական։
«Խաղաղություն ցանկացած գնով» հռչակած Հայաստանը, ըստ էության, շարժվում է ոչ թե դեպի խաղաղություն կամ կայունություն, այլ դեպի կայուն անկում։ Իշխանությունները չունեն պլան Բ։ Հասարակությունը մասնատվում է և կորցնում է իր պատկերացումներն այն մասին, թե ինչ է կատարվում։ Այս պայմաններում երկիրը հայտնվում է ռիսկի առաջ՝ անպատրաստ է նոր մարտահրավերներին։
Զսպման քաղաքականությունը պահանջում է կոնկրետ քայլեր՝ մատակարարման շղթաների ապահովում, սննդի և էներգետիկ անվտանգություն և ջրային ռեսուրսների կառավարում։ Նույնքան կարևոր է հասարակության հոգեբանական պատրաստվածությունը՝ ոչ թե մարտական, այլ քաղաքացիական։ Մարդիկ պետք է իմանան, թե ինչ անել ամենավատ սցենարի դեպքում։ Շրջանները պետք է պատրաստ լինեն ապահովել իրենց սնունդն ու վառելիքը, պահպանել կապը առանց ինտերնետի և ապահովել առաջին բուժօգնություն։
Ռազմական ոլորտում անհրաժեշտ են խորը բարեփոխումներ։ Մինչ ադրբեջանական ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը օկուպացված տարածքներում, Հայաստանը անգործության է մատնված՝ դրանով իսկ հարթելով սողացող անեքսիայի ճանապարհը։ Տրամաբանությունը պարզ է. թույլ տալով թշնամուն հիմնավորվել՝ ստեղծվում է իրավիճակ, երբ հաջորդ քայլը լինելու է նոր առաջխաղացումը։ Փոքր մարտավարական և նպատակային գործողությունները կարող են խանգարել հակառակորդին իրեն հարմարավետ զգալ, նաև աստիճանաբար դուրս մղել նրան զբաղեցրած դիրքերից»։
Հայաստանը խաղում է հակառակորդի կանոններով
«Հայաստանի ներկայիս քաղաքականությունն է ընդունել Ադրբեջանի խաղաղության ծրագիրը: Բաքուն այն բացահայտորեն անվանում է հաղթողի խաղաղություն. Ադրբեջանն է թելադրում պայմանները, իսկ Հայաստանը համաձայնվում է։
Երկրի ներսում և սփյուռքում տարածված է հետևյալ տրամաբանությունը. ընդունել այս պայմանները, ուժ հավաքել, ապա լուծել կուտակված խնդիրները: Այսօրվա խաղաղության օրակարգը գործում է հենց այս շրջանակում։
Հայաստանի հիմնարար խնդիրն այն է, որ տասնամյակներ շարունակ այն չի վերահսկում իր հակառակորդների, այդ թվում՝ Ռուսաստանի ծրագրերը, չի ուսումնասիրում նրանց մարտավարությունն ու չի անում եզրակացություններ։
Ռուսաստանի դերը ներկայիս իրավիճակում զարմանալի արագությամբ մոռացվում է: Սա ինքնին անվտանգության սպառնալիք է: Երբ պետությունը չի կարողանում նույնականացնել իր դեմ ուղղված թշնամական քաղաքականությունը, այն դատապարտված է վերապրել նույն սցենարը, բայց ավելի վատ տարբերակով։
Մինչդեռ թշնամական երկրների մարտավարությունը թափանցիկ է՝ թույլ չտալ Հայաստանին ուժ հավաքել, ռեսուրսներ և հնարավորություններ ստեղծել, որպեսզի, ինչպես իրենք են ասում, չփորձի ռևանշի գնալ: Գործիքներից մեկն էլ Հայաստանի քաղաքական դաշտի վրա վերահսկողությունն է։
Մյունխենում Ալիևի հռետորաբանությունը շատ խոսուն էր. Նյուրնբերգի և ֆաշիզմի մասին հղումները պարզապես պատահական բառեր չէին։ Ադրբեջանը հետևողականորեն կառուցում է մի նարատիվ, որտեղ ինքը արդարադատության ջատագով է, իսկ հայերը՝ ագրեսորներ։ Դրա հետևում թաքնված է պետականակենտրոն ռազմավարություն՝ երկարաժամկետ պլանավորմամբ և լավ մշակված մեխանիզմներով։ Իսկ Հայաստանը չի հակադրվում այս ռազմավարությանը, այլ հարմարվում է դրան»։
Հայաստանը պետք է լինի «թունավոր ծաղիկ»
«Հայաստանը պետք է բացահայտ պաշտպանի իր իրավունքները, այդ թվում՝ Արցախի, հայ բնակչության տեղահանության և արդար խաղաղության հարցերում։ Հաղթողի պայմաններով խաղաղությունը երբեք կայուն չէ. կամ հաղթողը պահպանում է ճնշումը, կամ պարտվող կողմը վաղ թե ուշ հետ է բերում կորցրածը։ Սա կայունություն չէ, սա հետաձգված հակամարտություն է։
Ադրբեջանը 30 տարի է, ինչ կառուցում է իր ռազմավարությունը, և այսօր առանց դիմադրության հանդիպելու անցնում է հաջորդ փուլին, այն է՝ խոսակցություններ «պատմական հողերի» և Հայաստանի տարածքում «ադրբեջանական համայնքների վերականգնման» մասին։ Քանի դեռ Երևանը հավատում է, որ զիջողականությունը շահեկան մարտավարություն է, կորցնում է իր արդեն թուլացած ռազմավարական դիրքերը։ Հայկական հռետորաբանությունը ավելի ու ավելի է վերարտադրում Բաքվի կողմից ձևավորված խոսույթը, և դա փոխելը գնալով դժվարանում է։
Անվտանգության քաղաքականության հիմքում «Ադրբեջանը նույնպես խաղաղություն է ուզում» թեզի վրա հույս դնելը չափազանց ռիսկային է։ Նման մոտեցումը հասկանալի կլիներ 1990-ականների սկզբին՝ լիբերալ ժողովրդավարության դարաշրջանում, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, իսկ «մարդու իրավունքների» հասկացությունը թափ էր հավաքում։ Սակայն այսօր դա միակ ճիշտ մոտեցում համարելն անախրոնիզմ է և արկածախնդրություն։
Չունենալ պլան Բ այն իրավիճակում, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ արտաքին խաղացողները ազդեցության որևէ լծակ չունեն հաղթողի վրա, նշանակում է նրան թույլ տալ ցանկացած պահի փոխել խաղի կանոնները: Զսպումը ճիշտ հակառակն է. հակառակորդը գիտի, որ ցանկացած սխալ քայլ թանկ կարժենա, որ հաղթանակը հեշտությամբ չի տրվի: Փոքր լինելը չի նշանակում անպաշտպան լինել: Կարելի է լինել «թունավոր ծաղիկ»»:
TRIPP-ը զսպող գործոն չէ
«TRIPP-ն այն է, ինչը Ադրբեջանը ձգտում էր ստանալ և ստացավ առանց մեկ կրակոցի։ Այն դժվար է համարել զսպող գործոն։ Նույն տրամաբանությամբ՝ Հայաստանը կկարողանար «զսպել» Բաքվին՝ հանձնելով բոլոր բնակավայրերը, որտեղ երբևէ ապրել են ինչ-որ թվով ադրբեջանցիներ, հրաժարվելով «Արցախ» բառից և գնալով ցանկացած այլ զիջման։ Այստեղ ճիշտ եզրույթը ոչ թե զսպումն է, այլ պարտվողականությունը։
Նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի մասին. եթե Կիևը համաձայնվի տարածքային զիջումների և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, ապա այն նույնպես «կդադարեցնի պատերազմը»։ Հարցն այն է, թե ինչ գնով»։
Ինչպե՞ս է Ռուսաստանը վերահսկում ՀՀ քաղաքական դաշտը
«Այսօր Հայաստանը խորը ճգնաժամ է ապրում։ Եվ խոսքը միայն գործող իշխանության մասին չէ։ Ձևավորվող ընդդիմությունը ոչ թե հին ոճի ռուսամետ ուժերն են, այլ ռուսների կողմից ներդրված օլիգարխիկ կառույցներ, որոնք ոչ մի ելք չեն առաջարկում Հայաստանին սպառնացող տարածաշրջայնացումից։ Ռուսաստանը լիակատար վերահսկողություն ունի հայկական քաղաքական դաշտի նկատմամբ։
Մոսկվան խնդիր չունի գործող կառավարության հետ։ Նրա խնդիրը Հայաստանի քաղաքացիներն են, որոնք հնարավորության դեպքում կարող են ստեղծել նոր կուսակցություններ, բարձրացնել արդարության հարց և պահանջել պատասխանատվություն ոչ միայն Ադրբեջանից, այլև Ռուսաստանից։ Հենց այս դաշտն է, որը հետևողականորեն փակվում է։
Ռուսաստանը կորցրել է հայ ժողովրդին, բայց ոչ քաղաքական դաշտը։ Մոսկվան այսօր իր առջև 3 խնդիր է դրել՝
- փակել Արցախի հարցը.
- հնարավորինս գրավել արցախցիներին դեպի Ռուսաստան՝ այդ նպատակով Հայաստանում արհեստականորեն սերմանելով նրանց նկատմամբ թշնամանք,
- Լեռնային Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը դնել միայն Փաշինյանի վրա, իսկ տարածաշրջանում ուժերի վերադասավորությունը՝ ուժային այլ կենտրոնների։
Միևնույն ժամանակ, ավելի խոցելի Հայաստանում ավելի հեշտ կլինի անհրաժեշտության դեպքում վերականգնել վերահսկողությունը։ Առայժմ նման անհրաժեշտություն չկա։ Այժմ Հայաստանը, ինչպես Վրաստանն ու Ադրբեջանը, Մոսկվային անհրաժեշտ է որպես գործիք՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար»։
Ինչո՞ւ է Արևմուտքը Հայաստանին նայում Բաքվի աչքերով
«Արևմուտքը խորը վերափոխման շրջափուլում է, և այս գործընթացը թափ կառնի հաջորդ երկու-երեք տարիների ընթացքում։ Որոշումների կայացման արևմտյան կենտրոնները տարասեռ են, և կազմակերպված լոբբիստական ցանցեր ունեցող երկրներն ավելի արդյունավետ են առաջ մղում իրենց խոսույթները։
Ադրբեջանը վաղուց է հասկացել սա և հաջողությամբ աշխատում է Հայաստանի դեմ արևմտյան փորձագետների միջոցով։ Խոսուն օրինակ է, երբ հայտնի ադրբեջանցի քարոզիչը պնդում է, թե Ադրբեջանը կօգնի Հայաստանին ազատվել ռուսական ազդեցությունից։ Հայկական կողմից համեմատելի ձայներ չկան։ Ավելին, 2023 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ են եկել ձայներ, որոնք հնչեցնում են ադրբեջանական ուղերձներ։
Արդյունքում, արևմտյան ընկալումները ձևավորվում են շերտերով. նախ՝ ադրբեջանական խոսույթը, ապա դրան արձագանքող փորձագետները, իսկ հետո մակերեսային հայկական քաղաքականությունը։ Կշեռքի մի կողմում ռուսական օլիգարխիկ ընդդիմությունն է, մյուս կողմում՝ ներկայիս թերի քաղաքականություն վարող կառավարությունը։ Արևմուտքը վերջինիս է ընտրում որպես չարյաց փոքրագույն՝ այնպես, ինչպես աշխատել է նախորդ իշխանությունների հետ»։
Վատագույն սցենարը Հայաստանի համար
«Բազմաբևեռ աշխարհակարգը Հայաստանի համար ամենավատ սցենարն է։ Երբ ուժային կենտրոնները հավասարազոր են դառնում, սկսվում է պայքար ծայրամասերի համար։ Եվ Հայաստանը հենց այս գոտում է։ Առաջին բանը, որ կարող են անել խոշոր խաղացողները, փոքր երկրները բաժանելն է։ Բազմաբևեռությունը քաղաքական ուժի կենտրոնների միջև կարտահայտվի ոչ թե բարեկամական կամ գործընկերային, այլ բախումնային տարբերակով։
Այս պայմաններում տարածաշրջանայնությունը թակարդ է, այլ ոչ թե փրկություն։ Հետևաբար, փոխարենը Հայաստանը պետք է կառուցի ուժեղ հիմք ու առանցք երկրի ներսում, չզիջի ամեն բան, կուտակի ուժերն ու իրականացնի բարեփոխումներ, որպեսզի վաղը կարողանա պաշտպանել իր իրավունքները։ Սա հենց այն է, ինչ Ադրբեջանն անում էր 30 տարի անընդմեջ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ինչպես ապահովել Հայաստանի անվտանգությունը. կարծիք