Թուրքիայի տնտեսությունն աղետի եզրին է: Ի՞նչ է կատարվում, և ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ն
Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացման ֆոնին վերջին մի քանի օրը Թուրքիայում արժութային ճգնաժամ է հասունանում. ազգային արժույթն անկում է ապրել դոլարի հանդեպ մինչև ռեկորդային նվազագայուն փոխարժեք:
Այս օրերին թուրքական արժույթի փոխարժեքը հասնում է 7,24 լիրա մեկ դոլարի դիմաց: Համեմատույթան համար՝ 2018թ-ի ապրիլին 1 դոլարի դիմաց 4 լիրա էին տալիս:
Թուրքական լիրի փոխարժեքի նվազումն արդեն անկում է առաջացրել միանգամից մի քանի զարգացող շուկաներում՝ Հնդկաստանում, ՀԱՀ-ում, Մեքսիկայում և Չինաստանում: Ողջ աշխարհի տնտեսագետները հիշեցնում են միջազգային տնտեսության վրա Հունաստանում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած պարտքի ճգնաժամի ու Lehman Brothers բանկի սնանկության հետևանքների մասին, որից սկսվեց 2008թ-ի միջազգային տնտեսական ճգնաժամը:
«Արդյո՞ք Թուրքիան կդառնա Հունաստան 2.0». այսպիսի հարցադրում են անում շատ միջազգային պարբերականներ:
Թուրքիա և ԱՄՆ. ի՞նչ է տեղի ունենում
Թուրքիայի և ԱՄՆ միջև լարվածությունը սկսել է աճել դեռ 2018թ-ի հունիսին այն բանից հետո, երբ Անկարան պայմանավորվել է Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերել, իսկ Վաշինգտոնն ի պատասխան սպռնացել է արգելափակել F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային և նրա դեմ պատժամիջոցներ մտցնել:
Սրեցման ևս մեկ պատճառ դարձավ ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի կալանքը Թուրքիայում, նրան մեղադրում են 2016թ-ի պետական հեղաշրջման փորձի հանցակից լինելու համար:
2018թ-ի օգոստոսին ԱՄՆ-ն պատժամիջոցներ մտցրեց Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլահմիթ Գյուլի և հանրապետության ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ Բրանսոնի գործի կապակցությամբ: Երկու թուրք պաշտոնյաներին էլ արգելվել է մուտքն ԱՄՆ, նրանց բոլոր ակտիվները սառեցվել են:
Դրանով բանը չավարտվեց. օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերում հաղորդեց, որ կրկնակի ավելացրել է ներկրման տուրքերը թուրքական ալյումինի և պողպատի համար՝ համապատասխանաբար մինչև 20 և 50 տոկոսով:
«Մեր ու Թուրքիայի հարաբերությունները հիմա այնքան էլ լավ չեն», – գրել է Թրամփը:
Թրամփի այդ հայտարարությունից հետո թուրքական լիրայի փոխարժեքը նվազեց միանգամից 18 տոկոսով՝ ռեկորդային անկում գրանցելով 2001թ-ից ի վեր:
Անկարան Վաշինգտոնին խոստացավ «համարժեք պատասխան»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բնակչությանը վաճառել դոլարն ու ոսկին ազգային արժույթին աջակցելու համար:
Էրդողանը հայտարարել է, որ արժութային փոխարժեքի անկումը «Թուրքիայի դեմ քաղաքական դավադրություն է» և արտասանել ինտերնետային մեմ դարձած հետևյալ արտահայտությունը.
«Նրանք դոլար ունեն, իսկ մենք՝ ժողովուրդ, մեր իրավունքն ու Ալլահ»:
Ինչպե՞ս է սպառնում համաշխարհային տնտեսությանը տնտեսական ճգնաժամը Թուրքիայում
Ընդհանուր առմամբ, 2018թ-ի սկզբից Թուրքիայի արժույթն էժանացել է մոտ 40 տոկոսով:
Հնդկաստանից, ՀԱՀ-ից, Մեքսիկայից և Չինաստանից բացի, Թուրքիայի արժութային ճգնաժամը մեծապես ազդել է նաև Ռուսաստանի վրա: Ռուսական ռուբլու բորսայի փոխարժեքն օգոստոսի 13-ին 2016թ-ի ապրիլից մինչ այսօր առաջին անգամ գերազանցել է մեկ դոլարի դիմաց 68 ռուբլին: Թեև այստեղ մեծ դեր են խաղացել նաև Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ուժեղացման վերաբերյալ ներդրողների մտավախությունները:
Թուրքիայում տիրող իրավիճակի պատճառով բոլոր խոշորագույն հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայում նվազել են ֆոնդային ցուցիչները:
Ներդրողները մտավախություն ունեն, որ Թուրքիայում արտարժույթով վարկերի մասով դեֆոլտ կարող է լինել. այդ փոխառություններին բաժին է ընկնում Թուրքիայի բանկային հատվածի ակտիվների 40%-ը:
Տնտեսական ճգնաժամի մեղավորները բլոգերներն ու լիբերալներն են
Թուրքական տնտեսությունն աղետի եզրին է, գրում են միջազգային վերլուծաբանները: Սակայն Արժույթի միջազգային հիմնադրամին աջակցության խնդրանքով դիմելու փոխարեն երկրի իշխանությունները հետաքննություն են սկսել մի քանի հարյուր բլոգերի հանդեպ, որոնք, ըստ նրանց, «սադրել են դոլարի փոխարժեքի աճ և իրենց մանիպուլյացիաների միջոցով սպառնալիք են ստեղծել տնտեսական իրավիճակի համար»:
Հետաքննություն է սկսվել նաև մի քանի պարբերականների դեմ, որոնք, ինչպես պնդում է Թուրքիայի Ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհուրդը, «կեղծ լուրեր են հրապարակել, մանիպուլացրել են մարդկանց»: