«Transparency International Georgia» (TI) կազմակերպության տվյալներով՝ վերջին վեց տարիների ընթացքում Վրաստանում գրանցվել է այսպես կոչված «էլիտար կոռուպցիայի» 271 ենթադրյալ դեպք, որոնց առնչություն են ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ավելի քան 227 ներկա կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ կառավարության 38 անդամ, խորհրդարանի 40 անդամ, 18 դատավոր և 72 մունիցիպալ պաշտոնյա։
Էլիտար կոռուպցիան դա իշխանության ամենաբարձր մակարդակներում, այսինքն՝ քաղաքական էլիտայի շրջանում տեղի ունեցող կոռուպցիան է։ Խոսքը գնում է կոռուպցիայի այն ձևի մասին, երբ բարձրաստիճան չինովնիկներն իրենց պաշտոններն ու պետական միջոցներն օգտագործում են անձնական հարստացման համար։
«Transparency International»-ը հաղորդում է, որ միայն 2025 թվականին գրանցվել է ենթադրյալ էլիտար կոռուպցիայի 48 նոր դեպք։
Մասնավորապես, տեղի է ունեցել
սեփական ընկերություններին և հարազատներին խոշորածավալ պետական պայմանագրերի շնորհում,
բյուջետային միջոցների և պետական գույքի բաշխում իշխող կուսակցության հետ կապված բիզնեսներին՝ քաղաքական նվիրատվությունների դիմաց,
անօրինական եկամուտի քողարկում, որը ներկայացվել է որպես ընտանիքի անդամների կողմից նվերներ,
շինարարական թույլտվությունների տրամդրում կոռուպցիոն գործարքների արդյունքում,
դատավորների վրա ճնշման գործադրում կամ դատարանների օգտագործում կոռուպցիոն նպատակներով։
«Քննչական մարմինները, որոնք մի քանի ամիս զբաղված են «Վրացական երազանքի» ներսում տեղի ունեցող ներքին կլանային վեճերով, չեն հետաքրքրվել այս դեպքերից որևէ մեկով»,- հավելում են կազմակերպության փորձագետները։
Ըստ TI-ի, Վրաստանում կոռուպցիայի ներկայիս իրավիճակը կարելի բնութագրել, մի կողմից, «մանր կոռուպցիայի տպավորիչ ցածր մակարդակով», մյուս կողմից՝ «բարձր մակարդակի կոռումպացված պաշտոնյաների գրեթե լիակատար անպատժելիությամբ»։
«Վրաստանում կոռուպցիան ստացել է ծայրահեղ ձև՝ «պետության զավթում»։ «Բարձր մակարդակի կոռուպցիայի ենթադրյալ դեպքերի բնույթն ու մասշտաբները, դրանց քանակը և աճի դինամիկան ենթադրում են, որ երկրում էլիտար կոռուպցիան ստանում է «կլեպտոկրատիայի» տեսք։
Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման համար պատասխանատու մարմինները (գլխավոր դատախազությունը և պետական անվտանգության ծառայությունը) չեն կարողանում արդյունավետ արձագանքել բարձր մակարդակի կոռուպցիայի դեպքերին, հատկապես, երբ դրանք առնչություն են ունենում իշխող կուսակցության հետ կապված անձանց»,- հայտարարում է Transparency International-ը։