Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ Երևանում տուն-թանգարան կգործի: Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է Շառլ Ազնավուրին հանձնել իր տուն-թանգարանի խորհրդանշական բանալիները:
Թանգարանը վաղուց կառոըցված է և գտնվում է Երևանի “Կասկադ” համալիրի հյուսիսային հատվածում/ Այն նախատեսված է նաև բնակության համար:
Ինչպես հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Սարգսյանը, տուն-թանգարանը լինելու է ինտերակտիվ և աշխարհում առաջինը, որտեղ «հերոսը պատմելու է իր մասին իր իսկ ձայնով», ներկայացվելու են նաև հատվածներ Ազնավուրի համերգներից 3D ֆորմատով:
«Սա չի լինի դասական թանգարան: Այնտեղ լինելու է ամբողջական գործիքավորման, ձայնագրման ստուդիա, որտեղ այցելուները կարող են Շառլի երգերը միքսել: Լինելու են շանսոնյեի անձնական իրերը՝ առաջին դաշնամուրը, հավաքածուից սկավառակները՝ Էդիտ Պիաֆի, Սինատրայի ու այլ մաեստրոների կատարմամբ»,- նշել է Ք. Սարգսյանը:
Շառլ Ազնավուրն ասել է, որ իր համար մեծ պատիվ և ուրախություն է այս իրադարձությունը. “Շնորհակալ եմ ձեր շռայլ նվիրաբերության համար: Վստահությամբ և մեծ հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը, և որդուս ՝ Նիկոլա Ազնավուրի հետ հիմնել «Ազնավուր» հիմնադրամը, որը պետք է շարունակի դեռևս 1988-ին՝ ավերիչ երկրաշարժից ի վեր մեկնարկած իմ գործունեությունը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր աջակիցներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին և իր աշխատակազմին, մշակույթի և արտաքին գործերի նախարարություններին։ Այս նախագիծը իրականություն չէր դառնա առանց մեր գործընկերների, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր IDeA հիմնադրամի համահիմնադիրների, հատկապես անձամբ Ռուբեն Վարդանյանի, ով իր բոլոր ջանքերն ուղղել է, որ կյանքի կոչվի մեր ծրագիրը”:
Ազնավուրն ասել է, որ տուն-թանգարանը կդառնա ոչ միայն ինտերակտիվ-մուլտիմեդիա թանգարան, այլև՝ երիտասարդական կենտրոն, կարևոր վայր զբոսաշրջության համար:
Թանգարանը այցելուների առաջ իր դռները կբացի 2018թ.-ին: