«Գարեգին Բ-ն իրեն կհռչակի վտարանդի կաթողիկո՞ս»․ Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայում
Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայում
Հայաստանում ակտիվորեն քննարկում են Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում գումարելու մասին Մայր Աթոռի որոշումը։ Սուրբ Էջմիածնից հայտնել են՝ ժողովը կայանալու է փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում։
«Որոշվեց Հայաստանից դուրս՝ Ավստրիայում [ժողով գումարել] եկեղեցու դեմ սանձազերծված արշավը և եկեղեցականների նկատմամբ ճնշումները նկատի ունենալով։ Ենթադրվում է, որ որոշակի բռնաճնշումներ կարող են իրականացվել»,- «Ազատությանն» ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։
Ժողովին մասնակցելու հրավեր են ստացել բոլոր 56 եպիսկոպոսները, այդ թվում՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջող և վարչապետ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» արշավին միացած 10 հոգևորականները։ Հրավերին նրանք պատասխանել են հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ չեն մասնակցելու ժողովին։
«Կոչ ենք անում բոլոր եպիսկոպոս հայրերին՝ հրաժարվել մասնակցել այս արկածախնդրությանը, որը խախտում է թե՛ Սբ․ Էջմիածնի նվիրապետության դարավոր ավանդությունը և թե՛ անսասան միաբանության սրբազան ուխտը»,- ասված է հայտարարության մեջ։
10 եպիսկոպոսներից մեկը՝ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը հարցազրույց է տվել իշխող ուժի հետ փոխկապակցված civic.am կայքին և ահազանգել ժողովն արտերկրում գումարելու վտանգավոր հետևանքների մասին։
«Մենք ի՞նչ գիտենք, որ կաթողիկոսը գնա Ավստրիա, այնտեղից էլ ուրիշ տեղ չի գնալու և իրեն չի հռչակելու «վտարանդի կաթողիկոս»։ Իմանալով իր և իր մերձակա շրջապատի տրամադրությոնները ՝ հնարավոր է, որ այդպիսի քայլեր լինեն»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ Հայաստանից դուրս՝ Ավստրիայում եպիսկոպոսաց ժողով գումարելով կաթողիկոսը փորձ է անում երկարաձգել իր պաշտոնավարումը։
Եպիսկոպոսաց ժողովը պետք է կայանար նախորդ տարի՝ դեկտեմբերի 10-12-ը, սակայն ժամանակավորապես հետաձգվեց։ Այդ ժամանակ Մայր Աթոռից պարզաբանել էին, որ նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով «եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները»։
Ավանդաբար Եպիսկոպոսաց ժողովները գումարվում են Հայաստանում։ ԶԼՄ-ների տեղեկատության համաձայն՝ վերջին անգամ արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարվել է Վազգեն Ա կաթողիկոսի գահակալության տարիներին՝ 1956 թ․ մարտի 5–8-ը Կահիրեում։
Գարեգին Բ-ին հավատարմություն հայտնած հոգևորականներից Արարատ քահանա Պողոսյանը, սակայն, նկատել է՝ Սուրբ Էջմիածնից դուրս ժողովի գումարումը չի կարող դիտարկվել որպես «աննախադեպ, խնդրահարույց քայլ» կամ «եկեղեցական-կանոնական շեղում»։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները՝ ստորև
- «Ամենայն հայոց կաթողիկոսը չի գնա դասալքության»․ Մայր Աթոռի դիվանապետ
- Փաշինյանը որոշել է հանդիպել «կաթողիկոսի թյուր ընթացքը» քննադատող հոգևորականների հետ
- «Որոշ ժամանակով կասեցնե՛լ ծառայությունը»․ կուսակրոն հայ հոգևորականին ինտիմ տեսանյութ է վերագրվում
«Իրենց դուրս են դնում Հայաստանից»․ իշխանական պատգամավոր
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հերքել է Մայր Աթոռի բռնաճնշումների մեղադրանքը։
«Իշխանությունը, կառավարությունը Հայաստանի որևէ ինստիտուտի նկատմամբ, առավել ևս Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում, ճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել»։
Խանդանյանը նշել է, որ տեղի է ունեցել հակառակը՝ ձեռնարկվել է եկեղեցու բարենորոգման «բավականին պոզիտիվ նախաձեռնություն», որին միացել են նաև հոգևորականներ։
Պատգամավորը լրագրողների հետ զրույցում տարակուսելի է համարել այն, որ եկեղեցու գլխավոր ժողովներից մեկը կազմակերպվում է արտերկրում.
«Սա է նաև փաստ և փաստարկ այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից: Ըստ էության, իրենց նպատակը չէ ի թիվս այլ նպատակների նպաստել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, միջազգային հեղինակության բարձրացմանը»։
«Չենթարկվել օտար ուժերին ծառայող, եկեղեցին պառակտող խմբակի սադրանքներին»․ հայտարարություն
Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու հրավերին ի պատասխան եկեղեցու բարենորոգման Փաշինյանի նախաձեռնած արշավին միացած եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ։ Հիշեցրել են՝ կաթողիկոսի նստավայրը Սուրբ Էջմիածինն է։ Հոգևորականների համոզմամբ՝ իր անկախությունն ամրապնդող Հայաստանի տարածքում, Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել, ուստի այդ որոշումը հիմնավորված չէ․
«Որևէ մեկն իրավունք չունի՝ նման կարևոր ժողովն օտար երկիր տեղափոխելով, հեղինակազրկելու Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինը և վարկաբեկելու Հայոց Պետականությունը»։
Տեղեկացրել են, որ չեն մասնակցելու ժողովին, քանի որ Մայր Աթոռը մինչ օրս չի արձագանքել վարչապետի և հոգևորականների բարձրացրած խնդիրներին, այդ թվում՝ որոշ բարձրաստճան հոգևորականների հետ կապվող աղմկահարույց դեպքերին և Ամենայն Հայոց «կաթողիկոսի գահը զբաղեցրած անձի հասցեին հնչեցված լուրջ մեղադրանքներին», չի ձեռնարկել ոչ մի գործընթաց։
Բարենորոգման խորհրդի անդամները կոչ են արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ «երկպառակություն սերմանող» որոշումը։
Բացի այդ, հորդորել են նաև
- «իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև,
- համատեղելու բոլոր ուժերն ու կարողությունները Հայ Եկեղեցու վաղուց սպասված բարենորոգումը կյանքի կոչելու համար,
- չտրվել բարոյահոգեբանական ճնշումների, չենթարկվել Մայր Աթոռի վերնախավում դեռևս գործող ապազգային, օտար ուժերին ծառայող, Հայ Եկեղեցին պառակտող և հակապետական խմբակի սադրանքներին»։
Կես տարուց ավելի է, ինչ Փաշինյանը կաթողիկոսին հեռացնելու թեման օրակարգում է պահում: Սկզբում վարչապետը նշում էր, որ Գարեգին Բ-ն պետք է հեռանա, քանի որ խախտել է կուսակրոնության ուխտը, դուստր ունի: Ավելի ուշ այդ մեղադրանքին միացավ մեկ ուրիշը, թե, իբր, կաթողիկոսն ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին: Սա, ըստ էության, նշանակում է, որ երկրի ղեկավարը հոգևոր առաջնորդին մեղադրում է օտարերկրյա ազդեցության գործակալ լինելու մեջ:
Վարչապետ Փաշինյանը գործակալ լինելու մեջ է մեղադրել նաև կաթողիկոսի եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
Տարեվերջին՝ դեկտեմբերի 20-ին իշխանությունների հետ փոխկապակցված civic.am կայքը հրապարակել էր փաստաթղթի պատճեն, ըստ որի՝ Ներսիսյանը համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի՝ ԿԳԲ-ի հետ, ունեցել է ծածկանուն՝ «Կարո»։ Չնայած այս հրապարակմանը՝ Ազգային անվտանգության ծառայությունը լրագրողներին տեղեկատվություն չի տրամադրել Գարեգին Բ-ի և Եզրաս արքեպիսկոպոսի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ ունեցած կապերի մասին: Գերատեսչությունից միայն նշել են, որ օպերատիվ հետախուզական գործունեության միջոցառումների իրականացմամբ ձեռքբերված տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին:
«Վտարանդի կաթողիկոս» սցենարը
Դեռևս 2025 թ․-ի դեկտեմբերին հայկական տելեգրամյան bagramyan26 ալիքը գրել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականից առաջ Ռուսաստանում խմորումներ են տեղի ունենում։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի անվտանգության մարմինները կանխատեսում են, որ շուտով Գարեգին Բ-ն չի կարողանա վերահսկել Հայաստանում տիրող իրավիճակը և ստիպված կլինի կամ հրաժարական տալ, կամ լքել երկիրը։
Նշվում էր, որ ուսումնասիրվում է սցենար, որի համաձայն՝ Ամենայն հայոց կաթողիկոսը չի հրաժարվի գահից, կգնա Ռուսաստան և այնտեղից կհայտարարի, թե հեռավար է իրականացնելու եկեղեցու ղեկավարումը․
«Նույնիսկ ուսումնասիրվում է մի սցենար, որի համաձայն՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի և Հարավային Ռուսաստանի թեմերը Ռուսաստանում կմիավորվեն՝ ստեղծելով «վտարանդի կաթողիկոսական գահի» տպավորություն»։
Տելեգրամյան ալիքի գրառման համաձայն՝ խոսք կարող է գնալ, օրինակ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նման որևէ միավորի ձևավորման մասին։
«Հոգևորականների տրամադրությունները ստուգելու համար Կտրիճ Ներսիսյանի [կաթողիկոսի աշխարհիկ անունը] եղբայրը՝ Մկրտիչը [Եզրաս արքեպիսկոպոսի աշխարհիկ անունը], մի քանի օր առաջ Մոսկվայում հոգևորականների ժողով է հրավիրել, որի ընթացքում ներկայացրել է վերը նկարագրված սցենարը»,- դեկտեմբերի 18-ին գրել էր bagramyan26-ը։
Ըստ աղբյուրի՝ հոգևորականների մեծ մասը տարակուսանք է հայտնել՝ հայտարարելով, որ նման քայլը կպառակտի եկեղեցին: Իսկ կաթողիկոսը եղբայրը պնդել, թե՝ այդ սցենարը «հիմնական այլընտրանքն է, որը որոշ իմաստով նույնիսկ պարտադրվել է [ռուսական հատուկ ծառայությունների կողմից — bagramyan26] և պարտադիր է»։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը հրապարակել է տեսանյութ, որում նշել է․
«Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը դեռ զբաղեցնող Գարեգին երկրորդ կաթողիկոսը՝ շատ լավ տեղյակ լինելով այն ճգնաժամից, որի հեղինակն ինքն է, որոշել է իր պաշտոնավարումն ինչ-որ ձևով երկարաձգել՝ տեղափոխելով Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս՝ Ավստրիա։
Դա, իհարկե, չի փրկի նրան, որովհետև ամեն ինչ պարզ է՝ ով ինչ է արել, ինչ է անում և հանուն ինչի։
Իհարկե, բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ եպիսկոպոսներն իրենց ասելիքը կասեն այնտեղ։ Բայց Հայ Առաքելական եկեղեցու ճակատագիրը որոշվում է հենց Հայաստանում, որովհետև դա հայկական եկեղեցի է, ՀՀ եկեղեցին է, որն ամբողջ աշխարհում ունի նաև իր թեմերը։ Այ դրա մասին է մոռացել Ամենայն հայոց կաթողիկոսը։
Եկեղեցու բարենորոգումը պետք է սկսվի առաջին քայլից՝ նրա պատվավոր հանգստի գնալուց։ Պատվավոր, քանի դա հնարավոր է, քանի նա այդ շանսը չի կորցրել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայում