ԵԱՀԿ-ն Վրաստանում «մոսկովյան մեխանիզմ» է գործարկում․ ի՞նչ է դա նշանակում
ԵԱՀԿ-ն Վրաստանում «մոսկովյան մեխանիզմ» է գործարկում
Հունվարի 29-ին ԵԱՀԿ անդամ 23 պետություններ որոշել են Վրաստանի դեմ գործարկել, այսպես կոչված, «մոսկովյան մեխանիզմը»։ Սա գործիք է, որն օգտագործվում է երկրում մարդու իրավունքների իրավիճակի լուրջ վատթարացման կասկածի դեպքում։
Որոշումը նախատեսում է անկախ փորձագիտական փաստահավաք առաքելություն տեղակայել Վրաստանում՝ ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը գնահատելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով 2024 թվականի գարնանը մեկնարկած քաղաքական և քաղաքացիական գործընթացների վրա։
Այս մեխանիզմն օգտագործվել է այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքմենստանը և Բելառուսը։ 1990 թվականից ի վեր այն գործարկվում է 17-րդ անգամ։ Մեխանիզմի շրջանակներում կնշանակվի հատուկ զեկուցող Վրաստանի վերաբերյալ զեկույց պատրաստելու համար։
«Մոսկովյան մեխանիզմն» ստեղծվել է ԵԱՀԿ-ի կողմից 1991 թվականին՝ մարդու իրավունքների հնարավոր խախտումները հետաքննելու համար։ Այն անդամ պետություններին թույլ է տալիս «մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լուրջ մեղադրանքների» դեպքում սկսել փաստահավաք գործընթաց՝ առանց որևէ կոնկրետ պետության համաձայնության։
Ներկայիս նախաձեռնությունը հեղինակել են Ալբանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիխտենշտեյնի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Սլովենիայի, Ուկրաինայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի ներկայացուցիչները։
Համատեղ հայտարարության մեջ երկրները նշում են, որ «ուշադիր հետևում են Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակին և աճող մտահոգություններ ունեն»։ Ընդգծում են, որ որպես ԵԱՀԿ անդամ պետություն՝ Վրաստանը պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։
Նրանց խոսքով՝ ԵԱՀԿ-ի Վիեննայի մեխանիզմը գործարկվել է դեկտեմբերին, սակայն հետագայում մտահոգություններն աճել են։ Հենց այս ֆոնի վրա էլ որոշում է կայացվել կիրառել ավելի խիստ գործիք՝ «մոսկովյան մեխանիզմը»։
Այս մեխանիզմի գործարկմանը նախորդել էր վրացական 4 քաղաքական կոալիցիաների կողմից 2024 թ․-ի դեկտեմբերին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ուղղված դիմումը։ Նամակին կցված էր Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի զեկույցը, որը, ըստ կոալիցիաների, նկարագրում է պետության կողմից բռնության կիրառումն ու քաղաքացիների ճնշումը։
Մեկնաբանություն
Սոցիալական արդարության կենտրոնի տնօրեն Թամթա Միքելաձե․

«Մոսկովյան մեխանիզմի» կիրառումը նշանակում է, որ Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակը քննադատաբար է գնահատվում միջազգային կազմակերպությունների կողմից, և Վրաստանի կառավարությունն արդեն դասակարգվում է այնպես, ինչպես առավել ավտորիտար երկրներինը (Ռուսաստան, Բելառուս):
«Մոսկովյան մեխանիզմը» ԵԱՀԿ մարդասիրական չափման ամենախիստ և հազվադեպ օգտագործվող գործիքներից մեկն է: Այն ակտիվացվում է, երբ երկրում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հետ կապված իրավիճակը հատկապես լուրջ է, ներքին և ավանդական մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմները ճգնաժամի մեջ են, և անհրաժեշտ է անհապաղ միջազգային միջամտություն:
Այս մեխանիզմի կիրառումը չի պահանջում կառավարության համաձայնությունը, ինչն ինքնին վկայում է երկրի իշխանությունների նկատմամբ միջազգային վստահության լուրջ պակասի մասին։
Կարևոր է, որ ստացված արդյունքները կազդեն նաև այլ միջազգային կազմակերպությունների գնահատականների և մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի դիրքավորման վրա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԵԱՀԿ-ն Վրաստանում «մոսկովյան մեխանիզմ» է գործարկում