Վրացի դիվանագետները բանակցություններ են վարում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ապստամբներին գերի ընկած Վրաստանի քաղաքացուն ազատելու համար։ Զինվորական օդաչու, նախկին վրացական զինվորական Սոսո Օսուրաուլին գերեվարվել է այն բանից հետո, երբ ապստամբները խոցել են կառավարական ուժերի ուղղաթիռը: Մեկ այլ վրացի օդաչու վիրավոր է, սակայն կարողացել է խուսափել գերի ընկնելուց:
«Մենք դիվանագիտական խողովակներով կապի մեջ ենք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչների հետ: Մենք տեղեկատվություն ունենք, որ զինված խմբավորմանը գերի ընկած Վրաստանի քաղաքացին առողջ է: Վրաստանի մեկ այլ քաղաքացի վիրավոր է և բուժվում է Գոմա քաղաքում», — «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հեռախոսով հայտնել է Հարավային Աֆրիկայում Վրաստանի դեսպան Բեքա Դվալին:
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կոնգոյում Վրաստանի քաղաքացու գերեվարման մասին լուրը հաստատել են այդ երկրի իշխանությունները:
Ինչպես մեկնաբանել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, Կոնգոյում գտնվող Վրաստանի քաղաքացիները զինված ուժերի շարքերում չեն: Օսուրաուլին բանակը լքել է 2014թ-ին: Նախկին զինվորականները Կոնգո են մեկնել որպես մասնավոր անձ:
Վրացի զինվորական օդաչուները ստիպված էին արտասահմանում աշխատանք փնտրել այն բանից հետո, երբ Վրաստանը որոշում ընդունեց դուրս գրել վրացական բանակի զինանոցում գտնվող Մի-24 մարտական ուղղաթիռները:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը Աֆրիկայի ամենամեծ և ամենաաղքատ երկրներից մեկն է: 1998-2002թթ-ին երկրի տարածքում արյունալի «Մեծ աֆրիկյան պատերազմն» էր ընթանում 20 զինված խմբավորումների մասնակցությամբ: Այդ պատերազմում 5մլն-ից ավել մարդ է զոհվել: Խաղաղության համաձայնագրի ստորգարումից հետո երկրում ՄԱԿ խաղաղապահներ են գտնվում: Ներկա պահին կառավարական զորքերի և տուտսի ապստամբների միջև հակամարտությունն ընթանում է արևելյան Կիվու բնակավայրում: