Դիանա Պետրիաշվիլի, Թբիլիսի
Թբիլիսիի վրա հարևան երկրների սեքսի գիտակները խեթ հայացք են գցում: Կարծես իմիջայլոց հարցնում են.
— Իսկ ինչո՞ւ վարպետության դասընթացներ չկազմակերպել օրալ տեխնիկաների վերաբերյալ:
Եվ եթե նախորդ տարիներին Թբիլիսիում ի պատասխան ապշած նայում էին, ապա այժմ քննարկում են կազմակերպչական հարցեր. որքա՞ն կարժենա տարածքը, որքա՞ն է տևելու և մի հոգու մասնակցությունն ի՞նչ է արժենալու:
Կազմակերպիչները հասկանալի պատճառներով դժվարանում են կանխագուշակել, քանի հոգու կհետաքրքրեն օրալ տեխնիկաներն այնքան, որ գայթակղվեն վարպետության դասընթացներով, սակայն ձեռնարկատիրական ջիղը նրանց հանգիստ չի տալիս և պահանջում է օգտվել ընձեռնված հնարավորությունից:
Այդ պատճառով էլ Ֆեյսբուքում փակ միջոցառումներ են ստեղծվում, Վկոնտակտեում «փաբլիքներ» են արագ ստեղծվում և նմանատիպ մանիպուլյացիաներ են արվում «Օդնոկլասնիկիում»:
Վախենամ, որ շուտով առաջին խումբը կհավաքվի:
— «Սուզում», «վակուում» և «նրբագեղություն»՝ սա տեխնիկաների ոչ ամբողջական ցուցակն է, ձեր տղամարդը միշտ ձեր ոտքերի մոտ կլինի, — հետաքրքրությամբ կարդում է հարևանուհիս՝ Միրանդան՝ 35-ամյա կինը, մայրն ու տնային տնտեսուհին:
Եթե մտածենք, ապա վարպետության դասընթացում նկարագրված տղամարդու կերպարն այնքան էլ գրավիչ չէ. մի էակ, ով սեքսից հետո գլուխը բոլորովին կորցրել է, ով ամեն ինչի ընդունակ է, միայն թե ևս մեկ անգամ կրկնվի այդ պարզ, բայց աստվածային հաճույքը:
Սակայն սա երևի այդ դեպքը չէ, որը կփոխի ավանդական վրացուհիներին: Նրանք սովոր են սեքսին վերաբերվել փոքր-ինչ հպարտ հեռավորության վրա, ամուսնուն՝ նույնպես:
Ոչ մի նոր բան չեմ ասի. հայր իշխանության երկակի չափանիշները մանրախնդրորեն պահանջկոտ են կնոջ հանդեպ. նրանք կնոջ մեջ գնահատում են նամուսը, արժանապատվությունը, զսպվածությունը: Եվ նվաստացնելու աստիճան ներողամիտ են տղամարդու հանդեպ. նրան թույլ է տրվում կնամոլ, խմող և կռվարար լինել:
Խաղի հաջորդ կանոնների համաձայն, կանայք իրենց ամուսիններին վերաբերվում են մոտավորապես ինչպես տնային կենդանիների. գլխավորը նրան կերակրելը, խմեցնելը և հոգ տանելն է: Աշխատատար է իհարկե, սակայն ինչ ասես չես անի հանուն սիրո:
Զարմանալի է, սակայն նման վերաբերմունքը բացարձակ չի նեղացնում խաղի կանոններին հետևող տղամարդկանց:
Շատ կցանկանայի գրել, որ վրացի սպառողներին օրալ քնքշանքների ենթարկելու մտադրություն ունեցող հարևանները մեզ մոտ օտար արժեքներ են սերմանում, սակայն չեմ կարողանում նման բան ասել:
Քանի որ «արժեքները» հարազատ են նահապետական մշակույթին: Օրալ տեխնիկաների մասին նոր գիտելիքները կընկնեն պարարտ և բազմադարյա հայրապետության կողմից ջրված հողի մեջ և անպայման արմատներ կգցեն:
Այստեղ նորը միայն այն է, որ նախկինում «վակուում» տեխնիկայի իմացության համար ավանդական կինը կարող էր ամուսնու տնից խայտառակ կերպով դուրս շպրտվել, իսկ այժմ այդ ունակությունը հավանաբար կամրապնդի նրա դիրքերը:
Վրաստանն, ինչպես հայտնի է, տեղակայված է պայմանական Արևմուտքի և պայմանական Արևելքի միջև: Երբեմն թվում է, ամեն մեկն իր կողմն է քաշում երկիրը, սակայն ուժերը մոտավորապես հավասար են, և Վրաստանը ձգվում է մեկ մի կողմ, մեկ՝ մյուս:
Պայմանական Արևմուտքը գրավիչ է, սակայն այնքան էլ հասանելի չէ: Երբեմն այն կիսաբաց է անում լուսամուտը և փչում է հավասար իրավունքների և հնարավորությունների քամին:
Սակայն այդ ժամանակ բերանն է բացում ճղճղան Արևելքը, և մեզ քշում է հայր իշխանության միջանցիկ քամին:
Գրում եմ «Արևելք» սակայն սա նույնպես պայմանական է, քանի որ հենց հիմա Հյուսիսից ուժեղ փչում է:
Հրապարակվել է 21.04.2016
Թ
արգմանություն ռուսերենից