ՀՀ-ում ձերբակալվել է Ուկրաինայում պատերազմի մասնակցած Վրաստանի քաղաքացի․ կարտահանձնվի՞ ՌԴ
Գիորգի Քինոյանը ձերբակալվել է Երևանում
Վրաստանի քաղաքացի Գիորգի Քինոյանը, որը մասնակցել է Ուկրաինայում ընթացող պատերազմին լայնամասշտաբ ներխուժման առաջին փուլում, Հայաստանում ձերբակալվել է և կարող է արտահանձնվել Ռուսաստան։
2024 թվականի հոկտեմբերի 25-ին Գիորգի Քինոյանը հեռակա կարգով յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել գրավված Դոնեցկի մարզում։
Ներկայումս նա գտնվում է կալանքի տակ՝ 40 օրով։ Այդ ընթացքում Ռուսաստանը պետք է ներկայացնի նրա արտահանձնման համար անհրաժեշտ ապացույցներն ու փաստաթղթերը։
Քինոյանը Հայաստան է մուտք գործել Վրաստանի տարածքով, վրացի սահմանապահները նրան թույլ են տվել հատել սահմանը՝ չտեղեկացնելով, որ նա գտնվում է հետախուզման մեջ։ Քինոյանի ընտանիքի անդամների փոխանցմամբ՝ եթե նա իմանար այդ մասին, Վրաստանի տարածքը չէր լքի։
«Չգիտեմ՝ ինչ է լինելու հետո, հայ փաստաբանները մեզ հույս չեն տալիս, ասում են՝ արտահանձնման ռիսկը շատ բարձր է։ Սահմանը հատելիս նրան չէին տեղեկացրել, որ նրան կարող են ձերբակալել և նա կարող է խնդիրների բախվել, այլապես տրամաբանական է, որ նա չէր կայացնի այդ որոշումը։
Ես եղել եմ նաև Հայաստանում Վրաստանի դեսպանատանը, սակայն այս փուլում պատասխան չկա։ Ինձ ասացին, որ իրենք տեղեկություններ ունեն, համապատասխան կառույցները աշխատում են, սակայն ոչ ինձ հետ, ոչ էլ ընտանիքի այլ անդամների հետ ոչ ոք կապ չի հաստատել։ Այսօր մենք պատրաստվում ենք կապ հաստատել Արդարադատության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և բոլոր այն կառույցների հետ, որոնք կարող են օգտակար լինել մեզ»,- «Պիրվելի» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Քինոյանի եղբայրը։
Քինոյանի ընկերներն ու հարազատներն ասում են, որ նրա արտահանձնումը Ռուսաստան մեծ վտանգներ է պարունակում։ Ընտանիքը դիմել է նաև Վրաստանի օմբուդսմենին, սակայն բարենպաստ ելքի որևէ հույս դեռ չկա։ Այժմ նրանք միակ ելքը տեսնում են այն բանում, որ գործը հասցնեն ամենավերև՝ վրացական կառավարությանը։
Վրաստանի ԱԳՆ-ի խոսքով՝ տեղական սահմանապահները որևէ կապ չունեն, քանի որ Ռուսաստանն Ինտերպոլի շրջաբերականի համաձայն չէր հետախուզում Գիորգի Քինոյանին, հետախուզումը հայտարարվել էր DESETE համակարգի միջոցով, որը վրացական սահմանապահները չէին կարող տեսնել, քանի որ Վրաստանն այլևս ԱՊՀ անդամ չէ։
Ինչ վերաբերում է Հայաստանում Վրաստանի դեսպանին, ապա «Պիրվելի» հեռուստաալիքի՝ նրա հետ կապ հաստատելու փորձերը ապարդյուն են եղել։
Մեկնաբանություն
Կատարվողի համատեքստում Վրաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հիշում են վրացի զինծառայողների մասին տեղեկությունների արտահոսքի դեպքերը, դրանք հայտնվել էին ռուսական հատուկ ծառայությունների ձեռքում։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավան նույնիսկ հայտարարել է, որ իշխող «Վրական երազանք» կուսակցությունը «Վրաստանի քաղաքացուն հանձնել է Ռուսաստանին և ոչինչ չի արել նրա փրկության համար»։

«Այս դավաճանների և հանցագործների ավազակախումբը Պուտինի բացահայտ դաշնակիցն է։ Փոխանակ պաշտպանեն Վրաստանի ազգային արժանապատվությունը, Վրաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ նրանց, ովքեր պայքարում են մեր ընդհանուր թշնամու՝ Պուտինի դեմ, նրանք այստեղ ևս բռնում են օկուպանտի կողմը, առաջնորդվում նրա շահերով։ Հետևաբար բացարձակապես բացառված չէ, որ դավաճան-հանցագործների այս ավազակախումբը Վրաստանի քաղաքացուն հանձնել է Ռուսաստանին»,— ասել է Բոկուչավան։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Գիորգի Քինոյանը ձերբակալվել է Երևանում