Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինը քայլերի իրականացումը վճռորոշ նշանակություն ունի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի համար։
«Վրաստանի ապագան Եվրամիությունում կապված է մի քանի կարևոր կետերի իրականացման հետ, որոնք հայտնի են որպես ինը քայլեր։ Դրանց իրականացումը վճռորոշ նշանակություն ունի Վրաստանի՝ հաջորդ փուլին անցնելու համար, որը ներառում է նաև Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը։ Այս քայլերի նպատակը «Բրյուսելին հաճոյանալը» չէ, այլ վրաց ժողովրդի կյանքը բարելավելն ու Վրաստանը ԵՄ չափանիշներին մոտեցնելը։
Քանի որ Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին է, քաղաքական առաջնորդները պետք է միասին աշխատեն կառուցողականորեն, ներգրավեն քաղաքացիական հասարակությանն ու բիզնեսին վրաց ժողովրդի եվրոպական նկրտումների իրականացման համար: Կարող եք վստահ լինել, որ այդ ճանապարհի յուրաքանչյուր փուլում ԵՄ-ն կաջակցի Վրաստանին»,- ասել է դեսպանը։
2023 թվականի դեկտեմբերի 5-ին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց սկսել Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել։
Մինչ այս որոշումը Խորհրդի գլխավոր քարտուղարությունը հրապարակել էր եզրակացություն ընդլայնման վերաբերյալ։ Խորհուրդը Վրաստանին կոչ էր արել հստակ հավատարմություն ցուցաբերել ԵՄ արժեքներին, առաջընթաց գրանցել բարեփոխումների օրակարգում և կատարել Հանձնաժողովի կողմից սահմանված պայմանները։
ԵՄ Նախարարների խորհուրդը շեշտել էր, որ Վրաստանը պետք է ապահովի հիմնարար իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքը, ներառյալ լրատվամիջոցների ազատությունը և բազմակարծությունը, կարծիքի, հավաքների և արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց պաշտպանությունը ահաբեկումից, բռնությունից և խտրականությունից:
Դեկտեմբերի 26-ին Վրաստանի կառավարությունը հրապարակել էր Եվրահանձնաժողովի կողմից սահմանված քայլերն իրականացնելու գործողությունների ծրագիրը։ Փաստաթղթում նշվում են հանձնաժողովի կողմից սահմանված ինը կետերը, ինչպես նաև համապատասխան միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն, ժամկետները և դրանց իրականացման համար պատասխանատու գերատեսչությունները:
Թվարկված աշխատանքները պետք է իրականացվեն 2023-2024 թվականների ընթացքում։ Ծրագիրը Եվրոպական ինտեգրման հարցերի կառավարական հանձնաժողովի կողմից հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին։