Վրաստանում Գերմանիայի դեսպան. «Թբիլիսին շեղվել է եվրոպական ուղուց»
Գերմանիայի դեսպանը՝ Վրաստանի եվրաինտեգրման մասին
Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանը շեղվել է եվրոպական ուղուց, և Գերմանիան այլևս չի աշխատում Վրաստանի եվրաինտեգրման ուղղությամբ։ Նրա դիտարկմամբ՝ դա վրացական կողմի գործողությունների արդյունքն է։
Դեսպանը պարզաբանել է, որ Գերմանիան «հավանություն է տալիս և համաձայն է» Եվրահանձնաժողովի 2025 թվականի զեկույցին և ակնկալում է, որ ԵՄ առաջնորդները նույնպես կհաստատեն այն դեկտեմբերին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում։
ԵՄ ընդլայնման մասին Եվրոպական հանձնաժողովի 2025 թ․-ի զեկույցի համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի հիմքերը զգալիորեն թուլացել են։ Զեկույցում նշվում է, որ կառավարության գործողությունները փաստացի կասեցրել են ԵՄ անդամակցության գործընթացը։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի խոսքով՝ Վրաստանի մասին զեկույցը թեկնածու երկրի մասին ամենավատ զեկույցն է ԵՄ ընդլայնման ողջ պատմության մեջ։

Պիտեր Ֆիշեր. «Ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը նշել է, որ զեկույցի համաձայն՝ ներկայիս իրավիճակում Վրաստանը չունի ԵՄ անդամակցության իրական հնարավորություն։
Ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարեց, որ սա ամենավատ զեկույցն է, որ երբևէ ստացվել է անդամակցության թեկնածու որևէ երկրի վերաբերյալ։
Եթե դուք վրացի եք և ձգտում եք միանալ Եվրամիությանը, ապա այդ զեկույցը ձեզ համար աղետ է։ Ես բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ Եվրամիությունը կառավարվում է օրենքի տառին համահունչ։ Ես կոչ եմ անում բոլորին առցանց ծանոթանալ զեկույցին։
Գերմանիան համաձայն է այդ զեկույցի հետ։ Վրաստանը շեղվել է ԵՄ անդամակցության ճանապարհից, և դա մեր պատասխանատվությունը չէ, այլ Վրաստանի։
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա պետք է լինի ազդանշան Վրաստանի քաղաքացիների համար։ Վրաստանի եվրոպական ինտեգրման թեման փակ է ոչ այն պատճառով, որ մենք չենք ուզում դա։ Մենք ուզում ենք դա և նույնիսկ վստահության հիման վրա Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ ենք շնորհել։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում…
Ներկայիս կուրսի պայմաններում Գերմանիան այլևս ԵՄ ընդլայնման օրակարգի շուրջ չի աշխատում Վրաստանի հետ՝ այնպես, ինչպես Եվրամիության մյուս երկրները։ Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում, երբ մեր պետությունների ղեկավարները հավաքվեն, նրանք կհաստատեն դա։
Գործընթացը կդադարեցվի վրացական կողմի գործողությունների պատճառով: Կարծում եմ՝ անհրաժեշտ չէ թվարկել դրանք, բայց թույլ տվեք հիշեցնել ձեզ. այս երկրում ոչնչացվում են ՀԿ-ներ, խախտվում են ցուցարարների իրավունքներ, ոչնչացվում են քաղաքական կուսակցություններ, իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ բանտում են:
Ծրագրում են ընդունել օրենք, որով կարգելվի այն անձանց քաղաքական գործունեությունը, ովքեր երբևէ կապված են եղել արգելված քաղաքական կուսակցության հետ, ինչպես նաև օրենք, որով կարգելվի առանձին քաղաքական կուսակցությունների գործունեությունը: Ես սպասում եմ, որ դա տեղի կունենա: Անկախ լրատվամիջոցները գտնվում են հսկայական ճնշման տակ:
Նախ պետք է անեմ մի կարևոր, շատ կարևոր հայտարարություն։ <…> Ես գերմանացի դիվանագետ եմ, որը ներկայացնում է Գերմանիայի շահերը որպես Եվրամիության մաս և մասամբ՝ ԵՄ-ի շահերը Վրաստանում։
Ես երբեք չեմ միջամտել և երբեք չեմ միջամտի Վրաստանի ներքին քաղաքականությանն ու ներքին գործերին։
Ես երբեք չեմ աջակցել և երբեք չեմ աջակցի Վրաստանում որևէ քաղաքական կուսակցության։ Ես երբեք դա չեմ արել և երբեք չեմ անի։ Ես երբեք չեմ խախտել և երբեք չեմ խախտի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան։
Վիեննայի կոնվենցիայի III հոդվածի չորրորդ նախադասության համաձայն՝ դիվանագետի պարտականություններից մեկը բոլոր օրինական միջոցներով տեղեկատվություն հավաքելն է այն երկրի մասին, որտեղ նա ուղարկվում է, և այն փոխանցել իր երկրին, և ես հենց դա եմ անում։ Ոչ ոք չի կարող ներկայացնել որևէ ապացույց, որ ես որևէ անօրինական գործողություն եմ կատարել։
Ես ներողություն եմ խնդրում հերքման երկար տեքստի համար, բայց գիտեմ, որ այս հարցազրույցից հետո [վրացական իշխանությունները] ինձ կմեղադրեն վերոնշյալ բոլոր կետերով, բայց այդ մեղադրանքներից ոչ մեկը ճշմարիտ չի եղել և չի լինի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Գերմանիայի դեսպանը՝ Վրաստանի եվրաինտեգրման մասին