Բելառուսում ցույցերի չորրորդ օրը մի քանի նոր զանգվածային իրադարձություն է բերել՝ բացի փողոցներում մարդկանց մահակներով, ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով ցրելը։
Մինսկում և Բելառուսի մյուս քաղաքներում հազարավոր մարդիկ պահանջում են չեղարկել նախագահական ընտրությունների կեղծված արդյունքները և վանկարկում «Հեռացիր»՝ դիմելով նախագահ վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյին։
◾ Աճում է արդյունաբերական ձեռնարկությունների քանակը, որոնք միանում են համազգային գործադուլին։ Նրանց թվում են այնպիսի խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Մինսկի տրակտորային գործարանը և «Բելշինան»։
◾ Բելառուսական պետական հեռուստատեսությունն արդեն լքել է հինգ հաղորդավար՝ որպես ցույցերի դաժան ցրման դեմ բողոքի նշան։
◾ Հատուկջոկատայիններն ու ՆԳՆ աշխատակիցները ֆլեշմոբ են կազմակերպել և սկսել հանրային կերպով դեն նետել իրենց համազգեստը՝ որպես ուժայինների գործողությունների հետ անհամաձայնության նշան։
◾ Մարդիկ փողոցում կանգնում են կողք կողքի որպես բողոքի և նախօրեին ձերբակալվածների հետ համերաշխության նշան։ Շատ են ճերմակազգեստ կանայք, դա ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի արշավի գույնն էր։
Ցույցերի մասնակիցները նրան են հաղթող համարում ընտրություններում։ Այժմ Տիխանովսկայան Լիտվայում է, քանի որ անվտանգության հետ կապված մտավախություններ ունի։
◾ Մոտ հինգ հազար մարդ է ձերբակալվել։ Բուժօգնության դիմած վիրավորների թիվը մոտ 500 է։ Երկու զոհ կա․ մեկը՝ ռետինե փամփուշտից, մյուսի ինքնազգացողությունը վատթարացել է ձերբակալման պահին։
◾ Կալանքից ազատված մարդիկ հաղորդում են ծեծի, կտտանքների և ծաղրի բազմաթիվ դեպքերի մասին։ «Եվրոռադիոն» երկժամանոց աուդիոձայնագրության հակիրճ տարբերակն է նախապատրաստել, թե ինչպես են իրենց պահում հատուկջոկատայինները ոստիկանական մեքենայում, որը լի է եղել տասնյակ կալանավորվածներով։
Նրանցից մեկը կարողացել է թաքցնել հեռախոսը և ձայնագրել է այն ամենն, ինչ իր հետ կատարվել է։ Նվաստացում, հայհոյանքներ, հարվածներ, սպառնալիքներ․ միլիցիայի աշխատակիցները հրճվում են իրեց ունեցած իշխանությամբ, իսկ ձերբակալվածներին մարդ չեն համարում։
◾ Եվրամիության մի քանի երկրների ղեկավարներ կոչ են արել արտահերթ գագաթաժողով կազմակերպել Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցների քննարկման համար։ Պատժամիջոցներ սահմանելու և նավթի մատակարարումների դադարեցման հնարավորության մասին է հայտարարել ԱՄՆ Պետդեպը։
◾ Լուկաշենկոն ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցությանը ցուցարարներին «քրեական անցյալով գործազուրկներ» է անվանել։
Պաստառ Մինսկի փողոցներից մեկում՝ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատկերով։ Հազարավոր մարդիկ են բողոքի ցույցերին մասնակցում փողոցներում՝ համարելով, որ ընտրությունները կեղծված են, և նա պետք է հեռանա։ 2020 թ–ի օգոստոսի 12։ REUTERS/Evgenia Novozhenina