Բաքվում ծեծել են YouTube-յան ալիքի ընդդիմադիր լրագրողի, կոտրել ձեռքը
Բաքվի ռեստորաններից մեկի բակում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անվտանգության աշխատակիցները ծեծել են YouTube-յան ալիքի ընդդիմադիր լրագրող Ավազ Խաֆիզլիին։ Բժիշկները նրա մոտ ձեռքի կոտրվածք են ախտորոշել։
- YouTube-ն արգելափակել է ռուսական RT-ի ալիքները Գերմանիայում կորոնավիրուսի մասին ֆեյքերի պատճառով
- Պատերազմից մեկ տարի անց․ տեսառեպորտաժ Գյանջայից, որտեղ 27 խաղաղ բնակիչ է զոհվել
- Այրված հող․ Արցախը պատերազմից մեկ տարի անց
Սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան Kanal13 ադրբեջանական ընդդիմադիր YouTube-յան ալիքի լրագրող Ավազ Խաֆիզլին ռեստորան է գնացել, որը տեղակայված է Բաքվի Բինագադիի թաղամասում: Turan-ի տվյալներով՝ այդ հաստատությունում հանդիսավոր արարողություն էր ընթանում, որին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Խաֆիզլիի խոսքով, որն այնտեղ տեսանկարահանում էր իրականացնում, ռեստորանի դռները փակ են եղել և ներս հնարավոր է եղել մտնել միայն անվտանգության ծառայությանը զանգահարելուց հետո։
Ըստ առկա տեղեկությունների՝ «Դեյիրման» ռեստորանը, որտեղ անցկացվում էր միջոցառումը, պատկանում է Բաքվի Յասամալի թաղամասի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Հասանովին։ Լրագրողն այդ մասին հարցրել է հաստատության անվտանգության աշխատակիցներին և հետաքրքրվել, թե ինչու հասարակ այցելուները չեն կարող ներս մտնել։
Սոցցանցերում տարածված տեսագրությունում երևում է, թե ինչպես է կարճ զրույցից հետո անվտանգության աշխատակիցը լրագրողի նկատմամբ ուժ կիրառում, և տեսագրությունն ընդհատվում է։
Խաֆիզլին նշում է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել ռեստորանից հնչած հրահանգից հետո։ «Անվտանգության աշխատակիցները լրագրողին տարել են ցանկապատված բակի ներսը՝ ռեստորանի խաղատան մոտ։ Խլել են մի հեռախոսը, մյուսը լրագրողը նախապես թաքցրել է։ Զգուշացրել են, որ հեռախոսը չեն վերադարձնելու, դրա փոխարեն նրան կարող են թանկարժեք «Այֆոն» նվիրել։ Այնուհետև լրագրողին կաշառք է առաջարկվել, Խաֆիզլին չի համաձայնել և պահանջել է ազատ արձակել իրեն և վերադարձնել հեռախոսը։ Այդ ժամանակ նրան սկսել են սպառնալ շշով և բռնության այլ միջոցներով, որոնք կիրառվում են համապատասխան շրջանակներում»։
Լրագրողը հաջողեցրել է ոստիկանություն զանգահարել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բաժանմունք են տարել Խաֆիզլիին և ռեստորանի աշխատակիցներից մեկին։ Այնտեղ երկու կողմերը գրավոր ցուցմունք են տվել։
Այսօր առավոտյան Խաֆիզլիի մոտ Վնասվածքաբանության ինստիտուտում ձեռքի կոտրվածք է ախտորոշվել, բժիշկները գիպս են դրել։
Ավազ Խաֆիզլին հայտնի է նաև որպես LGBTQI+ ներկայացուցիչների իրավունքների պաշտպան։ Վերջերս նա բողոքի միայնակ ակցիա էր անցկացրել Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքի մոտ։ JAMnews-ի էջը սոցցանցում հեռարձակում էր այդ ակցիան։