Ինչից է վախենում և ինչպես է ապրում Բաքուն։ Ֆոտոպատմություն
Մետրոն, սրճարաններն ու ռեստորանները փակ են, քաղաքացիներին արգելված է տնից դուրս գալ առանց անհրաժեշտության
Ըստ պաշտոնական տվյալների, մարտի վերջին, Ադրբեջանում 300-ից ավելի մարդ է վարակվել Covid-19-ով, նրանցից հինգը մահացել է, քսանվեցն՝ արդեն ապաքինվել։ Իշխանություններն արմատական միջոցներ են նախաձեռնում, որպեսզի երկիրը կարանտինի մեջ «նստացնեն»։
Բայց, կարծես թե, Բաքվում շատերն ավելի շատ վախենում են կարանտինից և դրա հետևանքներից, քան հենց կորոնավիրուսից։
Մուրադը պատրաստվում էր նշել իր 16–ամյակը համադասարանցիների հետ․ այցելել կարաոկե բար, հետո գնալ զբոսնելու քաղաքում։ Բայց արդյունքում՝ նրան շնորհավորեցին առցանց, իսկ զվարճանքներից նրան բաժին հասավ շան հետ խաղալը։ Ընտանիքը շրջան է մեկնել՝ գարնանային տոները նշելու, իսկ այդ ընթացքում փակվել են ճանապարհները. շրջանների բնակիչներին և շրջաններում գրանցված ավտոմեքենաներին արգելվում է Բաքու և Ապշերոնի թերակղզի մուտք գործել՝ բացառությամբ «հատուկ» մեքենաների (օրինակ՝ շտապօգնության) և պարենով բեռնված բեռնատարների։
«Էլի ոչինչ, բայց ինտերնետն այստեղ դանդաղ է», — բողոքում է Մուրադը։
Փակ են Ադրբեջանի բոլոր ցամաքային սահմանները հարևան երկրների հետ, կասեցված է ավիահաղորդակցությունը։ Այն ադրբեջանցիների համար, ովքեր, ի հեճուկս նախազգուշացումների, մարտին ճամփորդության են մեկնել և մնացել ուրիշ երկրում, նախագահի հրաման կա, որ հետևանքները նրանց սեփական պատասխանատվությանն են մնում։
Մետրոն սկզբից աշխատում էր օրական երկու ժամ, ինչն իրարանցում և հրմշտոց էր ստեղծում վագոններում։ Մարտի 31-ին այն փակվեց, և հրմշտոցը տեղափոխվեց ավտոբուսներ։ Փակ են սպասարկման ոլորտի բոլոր օբյեկտները. չեն աշխատում սրճարանները, գեղեցկության սրահները, առևտրի կենտրոնները։
«Ուզում եմ, որ արագ գա այն օրը, երբ մենք կրկին կերթևեկենք լեփ-լեցուն մետրոյով, երկրորդ փորձից տեղավորվելով մեր ուզած գնացքում, կգնանք առևտրի կենտրոն, իսկ այնտեղ՝ երրորդ հարկում, որտեղ սրճարաններն են՝ և ոչ մի ազատ տեղ չկա, մենք սուրճը ձեռքներիս այսուայնկողմ կգնանք և «կսկանավորենք» մարդկանց, որպեսզի տեսքից հասկանանք, թե ով է պատրաստվում վեր կենալ, որ անմիջապես նրանց տեղը զբաղեցնենք», — գրում է բաքվեցիներից մեկը Ֆեյսբուքում։
Աշակերտների դասերն անցնում են հեռուստատեսությամբ. ուսուցիչները դասավանդում են նախարարության ստեղծած հեռուստաստուդիայից, իսկ մի քանի ալիք հեռարձակում է դա։ Համալսարանները խոստանում են առցանց ուսուցում կազմակերպել, բայց գործընթացը դեռ նորմալ չի սկսվել։
Ռեստորաներն աշխատում են առաքման ռեժիմով, սակայն նրանց ծառայությունները հատուկ պահանջարկ չունեն։
Թափ է հավաքում #evdəqal (մնա տանը) արշավը. պետական կառույցների նկարահանած տեսանյութերից բացի տարածվում է նաև «ժողովրդական ֆոլկլորը»՝ սիրողական տեսանյութերը, որոնք քարոզում են տանը մնալ։
Արգելված են ցանկացած միջոցառումներ՝ բացառությամբ թաղումների։ Ոչ մի հարսանիք և նշանդրեք։ Հոգեհանգիստ չի կարելի անցկացնել մզկիթներին կից հատուկ դահլիճներում, ինչպես նախկինում ընդունված էր։
Չեղարկվել են բոլոր մեծ իրադարձությունները, որոնք պլանավորվում էին գարնանն ու ամռան սկզբին։ Այդ թվում՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը և Ֆորմուլա-1.6-ի Բաքվի մրցավազքը։
Նավթի համաշխարհային գները նվազում են։ Եվ քանի որ Ադրբեջանը նավթ արտադրող երկիր է, տեղի բնակիչներն անհանգստանում են, թե արդյոք դա չի բերի հերթական արժեզրկմանը։
Նախորդ երկուսը տեղի են ունեցել 2015 թվականին, երբ դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքը գրեթե կրկնակի նվազել էր։ Մանաթը դեռևս պահպանում է իր դիրքերը, սակայն շատերը նախընտրում են ամեն դեպքում դոլար գնել։
Բանկերում գոյացող հերթերը բաքվեցիների դժգոհության պատճառներից մեկն են։ Ահա մի մեկնաբանություն սոցցանցերից. «Ինչու է այս հակավարակային ռեժիմն այսպիսի ամբոխներ ստեղծում։ Երեկ բանկ մտա, բոլորն առանց դիմակների էին, միմյանց վրա էին շնչում»։