«Միջանցքից» մինչև «հիվանդ» հասարակություն․ ամերիկյան այցից հետո Ալիևի խոսույթը չի փոխվել
Ալիևի խոսույթը հակասում է վաշինգտոնյան որոշումներին
Վաշինգտոնում կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից և ձեռքբերված պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում հասցրել է բազմիցս խախտել ինչպես ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան հռչակագրի դրույթները, այնպես էլ Հայաստանի հետ նախաստորագրած համաձայնագրի ոգուն հակասող պնդումներ անել։
Հայաստանյան «Փաստերի ստուգման հարթակը» (fip.am) ամփոփել է Ալիևի՝ վերջին մեկ ամսվա հայտարարությունները։ Դրանք վերլուծելով՝ արձանագրել է․ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով, ապաշրջափակման համատեքստում հանդես գալ միջանցքային տրամաբանությունն առաջ տանող դիրքերից։ Բացի այդ, նախագահ Ալիևը զերծ չի մնում նաև ատելության խոսք հնչեցնելուց:
«Այս [հայ] հասարակությունը հիվանդ է, և ես սա բացահայտ ասում եմ», — օսգոստոսի 25-ին Քարվաճառում (Քելբաջար) բնակեցված ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։
Եվ սա այն պարագայում, երբ այդ ելույթից շաբաթներ առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ նախաստորագրել էին խաղաղության պայմանագիրը, որտեղ ամրագրված է նաև «անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության» բացառման մասին դրույթ։
Խաղաղության համաձայնագրի 8-րդ հոդվածը սահմանում է, որ «կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։
- «ԱՄՆ-ն խաղադրույք կատարեց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա»․ կարծիք Երևանից
- «Թուրքիան փորձում է նվազեցնել Հայաստանի տարանցիկ պոտենցիալը»․ կարծիքներ
- «Երրորդ կողմի վերահսկողություն չի լինելու»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղի» ծրագրի մասին
- «Պայմանագիրը ենթադրում է՝ Բաքուն պետք է հրաժարվի «Արևմտյան Ադրբեջան» թեզից»․ կարծիք Երևանից
Ադրբեջանը շարունակում է ապաշրջափակվող ճանապարհն անվանել «Զանգեզուրի միջանցք»
«Վերջին համաձայնագրերը, որոնք միացնում են Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, ավելի կընդլայնեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունները։ Վստահ եմ՝ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս–Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված»,- Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել էր Ալիևը։
Ադրբեջանի նախագահը «միջանցք» տերմինն էր գործածել՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացվելիք հաղորդակցությունների բացման ծրագրի մասին խոսելիս։
Fip.am-ի գնահատմամբ՝ այդ կերպ Իլհամ Ալիևը հակասել է ինչպես նախաստորագրված համաձայնագրում ներառված՝ «միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չառաջադրելու» հոդվածին, այնպես էլ ԱՄՆ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հռչակագրի դրույթներին։
«Հայաստանն աշխատելու է Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» — TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով»,- ասված է հռչակագրում։
Այսպես կոչված, «միջանցքի» մասին որևէ դրույթ այդ փաստաթղթում առկա չէ։
Սպիտակ տանը Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ստորագրվել էր համատեղ հռչակագիր։ Այդ փաստաթղթում արձանագրված է (հոդված 3), որ կողմերը վերահաստատել են «ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»։
«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,- նշված է հռչակագրում։
ՇՀԿ գագաթնաժողովում Ալիևի միջանցքային հռետորաբանությանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշեցրել՝ վաշինգտոնյան հռչակագրում համաձայնեցվել է նաև որոշակի տերմինաբանություն։
«Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանն ու Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի»»,- ընդգծել էր նա։
Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ «ճշտված, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտին և հետագա աշխատանքի իրացմանը»։
Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին՝ պահանջելով փոխել երկրի մայր օրենքը
Նահանգներում արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից նախաստորագրված խաղաղության պայմանագրի համաձայն՝ կողմերը պետք է ձեռնպահ մնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։
Սահմանադրության փոփոխությունը Երևանն իր ներքին գործն է համարում։ Այնինչ Ադրբեջանից շարունակում են պնդել, թե այնտեղ տարածքային պահանջներ կան ամրագրված։ Բաքվից ամենաբարձր մակարդակով հայտարարում են, թե փաստաթղթի չստորագրման միակ պատճառը հենց Սահմանադրության փոփոխության պահանջի՝ դեռևս չիրականացված լինելն է։
«Որքան մենք ենք հասկանում, այս փոփոխությունը կկատարվի: Հենց կատարվի, հենց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր»,- Al Arabiya-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահը:
Բաքուն խնդրահարույց է համարում այն, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արված Անկախության հռչակագրին։ Իսկ հռչակագրում խոսվում է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Հայաստանի բարձրագույն դատական մարմինը՝ Սահմանադրական դատարանն առանձին որոշմամբ անդրադարձել է հռչակագրին արված հղմանն ու նշել, որ վերամիավորման մասին դրույթը չի ամրագրվել ՀՀ Սահմանադրության և դրա հետագա փոփոխությունների մեջ։
«Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»,- եզրակացրել էր դատարանը։
Սահմանադրական դատարանի այս որոշումն ու դրան հետևած պարզաբանումները, սակայն, Բաքվին չեն համոզել հրաժարվել իր նախապայմանից։
«Փաստերի ստուգման հարթակն» արձանագրել է՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հակասում են ոչ միայն համաձայնագրի 4-րդ՝ «միմյանց ներքին գործերին միջամտելուց ձեռնպահ մնալու» մասին հոդվածին, այլև ևս երկու հոդվածների՝ 2-րդ և 12-րդ։
Մասնավորապես՝ նախաստորագրված փաստաթղթի 2-րդ հոդվածի համաձայն՝«կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի»:
Ըստ նույն համաձայնագրի 12-րդ հոդվածի՝ «կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես համաձայնագրի չկատարման հիմնավորում»:
«Փաստացի, համաձայնագիրը փարատում է նման մտահոգությունները, սակայն Ալիևը շարունակում է այս նախապայմանը [ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության] առաջ մղել»,- ասված է Fip.am-ի հրապարակման մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ալիևի խոսույթը հակասում է վաշինգտոնյան որոշումներին