Ազգային թշնամա՞նք, թե՞ թյուրըմբռնում։ Ադրբեջանցի տենորի և հայ երգչուհու մասնակցությամբ օպերային սկանդալն ավարտվել է
Ադրբեջանցի տենորի և հայ սոպրանոյի միջև սկանդալը տասն օր բուռն քննարկվում էր հայկական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, դրան հետևում էին նաև եվրոպական երկրների լրագրողները։
Այն խաղաղ ավարտ ունեցավ՝ փառատոնի կազմակերպիչների հետ բուռն բանակցություններից և սոցիալական ցանցերում վեճերից հետո։
Ո՞վ է մեկնելու պարահանդեսին
Սկզբից հաղորդվում էր, որ երգիչներ Յուսիֆ Էյվազովն ու Ռուզան Մանթաշյանը հրավիրված են մասնակցելու փետրվարի յոթին Դրեզդենի հանրահայտ օպերային պարահանդեսի բացմանը։
Այդ միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 1925 թ–ին։ 40-ականներին այն դադարեցին կազմակերպել։ Սակայն 2006 թ–ից պարահանդեսը վերածնվեց Դրեզդենի հիմնադրման 800-ամյակի կապակցությամբ և մինչև հիմա անցկացվում է յուրաքանչյուր տարի։ Միջոցառումը սովորաբար հավաքում է քաղաքի ավելի քան տասը հազար բնակիչների և զբոսաշրջիկների։
Հունվարի 13–ին Մանթաշյանի շահերը ներկայացնող ֆրանսիական Massis Opèra գործակալությունը տեղեկություն տարածեց այն մասին, որ երգչուհին չի մասնակցի միջոցառմանը։ Պատճառն այն է, որ ադրբեջանցի երգիչը հրաժարվել է հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ նույն բեմում հանդես գալ։
Հաջորդ օրը Յուսիֆ Էյվազովն իր Ինստագրամում հերքել էր այդ մեղադրանքը՝ այն սադրանք անվանելով և հավատիացնելով, որ իր քաղաքական դիրքորոշումները չեն տարածվում իր մասնագիտության և գործընկերների վրա։
Նա հրապարակեց նաև SemperOperaball–ի գեղարվեստական ղեկավար Հանս–Յոահիմ Ֆրայի հայտարարությունը, որում նա հերքում է «մեղադրանքը, թե պատճառը, որ երգչուհի Ռուզան Մանթաշյանը ելույթ չի ունենալու 15-րդ SemperOperaball–ին 2020 թ–ի փետրվարի 7–ին, նրա ազգությամբ է պայմանավորված»։
Կազմակերպիչները ֆեյսբուքյան իրենց էջում հաղորդեցին նաև, որ Էյվազովը որևէ պահանջ չի ներկայացրել, իսկ Մանթաշյանի ելույթը պարզապես պլանավորված չի եղել։
Այստեղ կրկին հայտարարությամբ հանդես եկավ Massis Opèra գործակալությունը՝ հայտարարելով, որ Մանթաշյանը հրավեր էր ստացել դեռ 2019 թ–ի սեպտեմբերին։ «2020 թ-ի հունվարի 10-ին մենք ևս մեկ նամակ ենք ստացել, որում մեզ հայտնում էին Ռուզան Մանթաշյանի ելույթի չեղարկման մասին, քանի որ պարոն Էյվազովը չի ցանկացել նրա հետ ելույթ ունենալ», — հայտարարել էր Massis Opèra–ն։
Այնուհետև միջամտեց «Եվրոպայի հայկական միավորումների համաժողովը», որը բացատրություններ պահանջեց SemperOperaBall–ի գեղարվեստական ղեկավարից և խոստացավ հակառակ դեպքում դիմել օրենքի օգնությանը։
Կազմակերպությունն իր հայտարարությունում չբացառեց նաև երգչուհու հետ պայմանավորվածության խախտման դիմաց ֆինանսական փոխհատուցման պահանջի հնարավորությունը։
«Եվրոպայի հայկական միավորումների համաժողովի» հետ երկօրյա բանակցություններից հետո SemperOperaball–ի գեղարվեստական ղեկավար Հանս–Յոահիմ Ֆրայը որոշել էր, որ Մանթաշյանը ելույթ է ունենալու Դրեզդենի պարահանդեսի բացմանը։
Հունվարի 23–ին հայ երգչուհին Ֆեյսբուքում հաղորդեc, որ ընդունել է SemperOpernball–ի գեղարվեստական ղեկավարի առաջարկը։
Արձագանքը Հայաստանում
Միջադեպի մասին առաջիններից մեկը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը․
«Այս ո՞ւր ենք հասել։ Ես բազմիցս ելույթ եմ ունեցել այդ բեմում, նման բան չեմ հիշում»։
Հասմիկ Պապյանը շատ պոպուլյար է Հայաստանում, թեև վերջին ժամանակներս բնակվում է Ավստրիայում և ելույթ ունենում Վիեննայի պետական օպերայի բեմում։ Նրա գրառումը բուռն քննարկումներ էր առաջացրել սոցցանցերում, վրդովված գրառումներ էին անում նաև այլ հայտնիներ, օրինակ, հայկական ծագմամբ ռուսաստանցի գրող Նարինե Աբգարյանը։
Լրատվամիջոցները նույնպես այս դեպքին մեծ տեղ տվեցին՝ լուսաբանելով իրադարձությունների զարգացման յուրաքանչյուր փուլն ու Էյվազովին անվանելով «Նետրեբկոյի ամուսին» [հայտնի ռուս և ավստրիացի օպերային երգչուհի — JAMnews]»։
Արձագանքն Ադրբեջանում
Ադրբեջանում միջադեպն ավելի քիչ ուշադրության արժանացավ, քան Հայաստանում։
Թեմային անդրադարձել էր միայն մի քանի կայք։
Մասնավորապես, 1news–ը հրապարակել էր Յուսիֆ Էյվազովի հերքումն, ինչպես նաև գրել էր, որ «հայկական լրատվամիջոցները հերթական անգամ սենսացիա են սարքում դատարկ տեղը»՝ ավելորդ ուշադրություն դրսևորելով ադրբեջանցի երգչի նկատմամբ։
Սոցցանցերն այս սկանդալի նկատմամբ նույնպես առանձնահատուկ հետաքրքրություն չցուցաբերեցին։ Պոպուլյար Disput.az ֆորումը փորձեց քննարկում սկսել, սակայն այն արագ մարեց, երբ պարզվեց, որ տեղեկությունները չեն հաստատվում։