Ադրբեջանցիները Խոջալուում հանդիպել են ռուս խաղաղապահների ղեկավարության հետ
Այսօր Խոջալուում կայացել է Ադրբեջանի պետական կառույցների աշխատակիցների և Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարության հանդիպումը։ Սա անցած շաբաթ օրը Լաչինի միջանցքի փակման պատմության շարունակությունն է։ Բանակցությունների արդյունքում ռուս զինվորականները նախազգուշացվել են խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքում գտնվող հանքավայրում ոսկու արդյունահանման աշխատանքների անօրինականության մասին։
- Լաչինի միջանցքի փակման հետքերով․ ո՞րն է Բաքվի նպատակը
- «Փափուկ հետախուզություն». ի՞նչ է տեղի ունեցել Լաչինի միջանցքում
- «Կանադան կաջակցի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»․ դեսպան Էլիսոն ԼըՔլեր
Չորեքշաբթի առավոտյան՝ դեկտեմբերի 7-ին, Ադրբեջանի մի շարք պետական կառույցների՝ Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, պետական գույքի ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները լրագրողների ուղեկցությամբ մեկնել են Խոջալու։
Այս քաղաքում, որը գտնվում է Ղարաբաղի այն հատվածում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, պետք է շարունակվեին անցյալ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին մեկնարկած սկանդալային բանակցությունները։
Բաքուն պնդում է, որ Ղարաբաղի նախկին Աղդերեի (Մարտակերտ) շրջանի տարածքում աշխատանքներ են տարվում ոսկու հանքում, այնուհետև բեռնատարներով ապօրինի հանածոն տեղափոխվում է Հայաստան։
Երբ մի խումբ ադրբեջանցի լրագրողներ փորձել են մեկնել Խոջալու՝ հանդիպման վայրից ռեպորտաժ պատրաստելու, խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը փորձել է խոչընդոտել նրանց մուտքը խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք։
Այսօրվա հանդիպմանը հաջորդած միակ հայտարարությունն արել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը նախազգուշացրել է ռուս խաղաղապահներին Ղարաբաղում ապօրինի հանքարդյունաբերական գործողությունների անթույլատրելիության մասին։