Ադրբեջանական երրորդ արբանյակը տիեզերքում․ հաղթանա՞կ, թե՞ շռայլություն
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանական հերթական Azerspace-2 հեռուստահեռահաղորդակցային արբանյակը տիեզերք է ուղրակվել Կուրուի (ֆրանսիական Գվինեա) տիեզերակայանից։ Սա արդեն ադրբեջանական երրորդ արբանյակն է 2013թ-ին տիեզերք ուղարկված Azerspace-1-ից և ցածրաուղեծրային Azersky արբանյակներից հետո։
Azerspace-2 արբանյակը շահագործվելու է 15 տարի։ Ընդգրկելով Եվրոպայի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի, Մերձավոր Արևելքի և Արևադարձային Աֆրիկայի երկրներն, այն թույլ կտա ադրբեջանական արբանյակային Azerkosmos օպերատորին ավելի մեծ աշխարհարգրություն ներառել, ինչպես նաև պահեստային արբանյակ կլինի ուղեծրին Azerspace-1-ի համար։
Նախագիծն Ադրբեջանի վրա նստել է գրեթե 192 միլիոն դոլար։ Նախագիծն իրականացվում է Արտահանման զարգացման կանադական գործակալության (Export Development Canada, EDC) երկարաժամկետ և արտոնյալ վարկայի գծի հաշվին։
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ժողովրդին և պատմել արբանյակներից օգտվելու դրական և շահավետ կողմերի մասին․
ադրբեջանական հեռուստաալիքները կարող են աշխարհին ներկայացնել իրենց հաղորդումները,
կխորանա միջազգային համագործակցությունը տիեզերական արդյունաբերության ոլորտում,
հնարավոր կլինի հետևել իրադարձություններին ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ աշխարհի ցանկացած կետից,
նոր արբանյակը կուժեղացնի ռազմական ներուժը և այլն։
«Azerspace-2 հեռուստահեռահաղորդակցային արբանյակն ուղեծիր դուրս բերելը մեր հերթական պատմական հաղթանակն է։ Ադրբեջանն այսուհետ նույնպես կընթանա միայն հաղթանակների և հաջողությունների ճանապարհով», — ամփոփել է նախագահը։
Սոցցանցերում ինչպես հասարակ օգտատերերն, այնպես էլ մասնագետներն ակտիվորեն քննարկում են հարցի ֆինանսական մասը։
Մասնավորապես, տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին դրան թերահավատորեն է վերաբերվում։ Նա հաշվել է, որ յուրաքանչյուր արբանյակի շինարարության ծախսերից բացի, դրանց սպասարկումը տարեկան 5-10 մլն մանաթ ($3-6 մլն) գումար է պահանջում։ Ընդ որում, առաջին արբանյակը տարեկան ընդամենը 10 մլն մանաթ եկամուտ է բերում, իսկ առավելագույնը 15 տարուց այն անպետք կլինի։
«Եթե այդ արբանյակները ռազմական գործառույթ կատարեին, դեռ կարելի էր հասկանալ։ Իսկ հիմա դրանցից ամենամեծ օգուտն այն է, որ Շեքիում [քաղաք Ադրբեջանի հյուսիսում – հեղ․] 33 հեկտար չօգտագործվող հող է «հայտնաբերվել»։ Շեքիի ցանկացած նախրապանի 100 մանաթ տային, նա Ազերկոսմոսին չօգտագործվող 500 հեկտար ցույց կտար», — գրում է տնտեսագետը։