«Միջազգային հանրության համար մենք բոլորս ռուսներ ենք»: Աբխազիայի կառավարամետ կուսակցություններից մեկի ղեկավար Ալխաս Բարզանիայի այս արտահայտությունը սոցցանցերում վրդովմունքի ալիք է բարձրացրել: Ընդդիմությունն այն անվանել է «շողոքորթության պոռթկում»:
«Միասնական Աբխազիա» կուսակցության նախագահի պարտականությունները կատարող Ալխաս Բարզանիան այդ սկանդալային արտահայտությունն արել է կլոր սեղան-քննարկումներից մեկի ժամանակ:
Բառացիորեն այն հնչել է այսպես.
«Մեր ճակատագիրը որոշվում է հատուկ ռազմական գործողության [Մոսկվան այդպես է անվանում Ուկրաինայում ընթացող պատերազմը] տարածքում, և մեր այն երիտասարդների շնորհիվ, որոնք այնտեղ արժանապատվությամբ պահում են մեր դրոշը։ Միջազգային հանրության համար մենք բոլորս ռուսներ ենք: Ահա այդ դիտանկյունից պետք է ելնենք»:
Ամենայն հավանականությամբ, Բարզանիան այդքան անհաջող է արտահայտվել այն պատճառով, որ որպես քաղաքական գործիչ՝ չունի հանրային ելույթներով հանդես գալու փորձառության: Մինչև բոլորովին վերջերս նա Ռուսաստանում Աբխազիայի դեսպանատան աշխատակից էր, ոչ ոք նրա ասածները չէր արձանագրում, ուստի չկար նաև խոսքերը զգուշորեն ընտրելու անհրաժեշտություն:
Սակայն 2025 թվականի մայիսին նա ընտրվեց «Միասնական Աբխազիա» կուսակցության նախագահի պարտականությունները կատարող՝ այդ պաշտոնը լքած աբխազական քաղաքականության վետերան Սերգեյ Շամբայի փոխարեն: Սոցցանցերը պնդում են, որ Բարզանիան Շամբայի զարմիկն է, և, համապատասխանաբար, այս պաշտոնը ստացել է «ժառանգաբար»:
Բարզանիայի խոսքերին հատկապես բուռն և հեգնական է արձագանքել ընդդիմադիր «Հանրապետություն» տելեգրամյան ալիքը:
Նշված է. «Արդյո՞ք պետք է ենթադրել, որ բելառուսները, վրացիները, հայերը, ղազախները, ադրբեջանցիները, այսինքն՝ մյուս հետխորհրդային ժողովուրդները նույնպես միջազգային հանրության կողմից ընկալվում են որպես ռուսներ, թե՞ դա տարածվում է միայն աբխազների վրա»:
Ալիքի հեղինակները Ալխաս Բարզանիային նախատել են նաև այն բանի համար, որ նա և իր ենթադրյալ հորեղբայր Սերգեյ Շամբան «ոչ մի անգամ չեն եղել հատուկ ռազմական գործողության գոտում», որտեղ Աբխազիայի քաղաքացիները «զոհվում են՝ կատարելով դաշնակցային պարտքը»:
Ալիքը շեշտում է, որ Աբխազիան Ռուսաստանի դաշնակիցն է, բայց այդ փաստի բերումով աբխազները ռուսներ չեն դառնում:
«Շողոքորթության նման պոռթկումները հասարակությանը ոչ թե հիացնում են, այլ գրգռում, հակառակ ազդեցությունն են գործում։ Այդ մասին են վկայում նաև սոցցանցերի մեկնաբանությունները: Մարդիկ տեսնում են կեղծիքը»․- գրում է «Հանրապետությունը»: