Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է, որ TRACECA նախագիծը հնարավոր է դարձել, այդ թվում, շնորհիվ նախկին նախագահի գործունեության " />

Միջադեպ Բաքվի TRACECA խորհրդաժողովին․ հայկական պատվիրակությունը չի ցանկացել այցելել Հեյդար Ալիևի գերեզման

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է, որ TRACECA նախագիծը հնարավոր է դարձել, այդ թվում, շնորհիվ նախկին նախագահի գործունեության

Հայկական պատվիրակությունը, որը Բաքու էր ժամանել TRACECA նախագծի վերաբերյալ միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու, դժգոհ էր մնացել միջոցառման ծրագրի որոշ կետերից։

Մասնավորապես, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի հասկանում, ինչու խորհրդաժողովի մասնակիցները պետք է այցելեն Ադրբեջանի նախկին նախագահ (և ներկայիս նախագահի հայր) Հեյդար Ալիևի գերեզմանը։ Որպես կանոն, այնտեղ են տանում գրեթե բոլոր արտասահմանցի պաշտոնատար հյուրերին, որոնք Ադրբեջան են գալիս։

 «Միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի մասնակիցների ծրագիրը Երևանում անցյալ տարի չէր պարունակում քաղաքական համատեքստով որևէ թեմատիկ կետ, թեև կարծում եմ, որ դուք գիտեք, թե ինչ պատմական փորձությունների միջով ենք մենք ստիպված եղել անցնել», – ասել է Սիմոնյանը։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը պատասխանել է․ 

«Ադրբեջանական կողմը մշակութային ծրագիր կազմելիս հաշվի է առնում ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում ընդունված հարաբերությունների բացարձակ հասկանալի ասպեկտները»։ 

Հեյդար Ալիևի գերեզմանի այցելությունը Ջաբարովը փաստարկել է նրանով, որ TRACECA նախագիծը հնարավոր է դարձել, այդ թվում, շնորհիվ նախկին նախագահի գործունեության։ 

Դեկտեմբերի 5

Անսովոր համատեքստով է զուգակցվում Եվրամիության TRACECA տարածաշրջանային տրանսպորտային նախագծի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումը Բաքվում։

TRACECA-ի միջկառավարական հանձնաժողովի խորհրդաժողովն ու նիստը պետք է աշխատանքը սկսի դեկտեմբերի 6-ին։ Ենթադրաբար, արդեն դեկտեմբերի 4-ին Բաքու է ժամանել Հայաստանի պատվիրակությունը։

Եթե այս տեղեկությունները հաստատվեն, սա բացառիկ իրադարձություն կլինի, քանի որ երկու երկրները գտնվում են Ղարաբաղի շուրջ չլուծված հակամարտության վիճակում 1990-ականների զինված դիմակայության ժամանակներից ի վեր։

Վերջին անգամ Հայաստանի պաշտոնատար անձինք Բաքու են մեկնել 2017 թ-ին։ Բաքվում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի խորհրդաժողովին ներկա գտնվեցին այդ պահի դրությամբ Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Հայաստանի պաշտոնական պատվիրակության Բաքու այցի մասին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում դեռևս դեկտեմբերի 2-ին։ Նա նշել է անգամ պատվիրակության կազմը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյան, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյան, ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյան։

Սակայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները դեռ ոչ հաստատում են, ոչ էլ հերքում այս լուրը, իսկ լրատվամիջոցները հաղորագրություններ են  հրապարակում՝ վկայակոչելով հայկական կայքերը։

TRACECA (Transport Corridor Europe-Caucasus-Asia)-ն տարածաշրջանային համագործակցության ծրագիր է, որն առաջարկվել է Եվրամիության կողմից 1993 թ-ին։ Դրա նպատակը Եվրոպայից Սև ծովով, Կովկասով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումն է: Սա հնագույն Մետաքսի ճանապարհի վերածննդի յուրօրինակ փորձ է։ 

Բաքվում կայանալիք հանդիպումները նվիրված են TRACECA-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման 20-ամյակին։ Միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության դեկտեմբերի 6-ին կայանալիք նիստին կմասնակցեն TRACECA ծրագրի դիտորդ երկրների և միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչները։

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի կապերի աննախադեպ ակտիվացում

2019 թ-ի աշնանը կտրուկ ակտիվացել են հայ-ադրբեջանական երկկողմանի շփումները տարբեր մակարդակներում։

Նոյեմբերի 17-21-ին Հայաստանից երկու լրագրող և Ղարաբաղից մեկ լրագրող այցելել են Ադրբեջան, ինչպես նաև երեք ադրբեջանցի լրագրող է եկել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի շրջանակում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Դեկտեմբերի սկզբին նաև հաղորդագրությունների որոշակի «փոխանակում» է տեղի ունեցել Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահի և Հայաստանի վարչապետի տիկնոջ միջև։ Մեհրիբան Ալիևան սոցցանցերում գրել է, որ կցանկանար մուղամ լսել Ղարաբաղում, իսկ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ նա կարող է դա անել որպես հյուր։ 

Ի՞նչ են խոսում Երևանում և Բաքվում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, Երևան․

«Չեմ բացառում, որ Բաքու մեկնելու որոշումն ինչ-որ ազդեցություն ունի։ Սակայն դա ինչ-որ աննախադեպ երևույթ չի։ Չմոռանանք, որ 2015 թ-ին հայկական օլիմպիական պատվիրակությունը Բաքու էր մեկնել։ Եվ դա այն ժամանակ էր, երբ իրավիճակը բավականին լարված էր։ Եվ մենք, ըստ էության, մոտենում էինք 2016 թ-ի պատերազմին»։ 

Քաղաքագետ Նազաքյաթ Մամեդովա, Բաքու․

«[Հայկական դիվանագիտության] ռազմավարական պլանը «մեծ Հայաստանն է», իսկ Մխիթարյանը [հայ ֆուտբոլիստ], TRACECA-ն և մնացածը մարտավարական քայլեր են, որոնք ծառայում են խորամանկ պլանի։ Եթե Մխիթարյանն օգտագործվում է Ադրբեջանի միջազգային իմիջի խաթարման համար, ապա այնպիսի մեծ նախագծի մասնակցելն, ինչպիսին է TRACECA-ն, անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ ստեղծվի Հայաստանի՝ որպես քաղաքակիրթ, ժողովրդավարական պետության իմիջ»։ 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված հանրապետություն է Հարավային Կովկասում, որի բնակչության մեծ մասն էթնիկ հայեր են։ Լեռնային Ղարաբաղն իր հարակից տարածքներով հայկական կողմի վերահսկողության տակ է անցել 1991-1994թ-ի ռազմական գործողությունների ժամանակ։ Հակամարտությունը «սառեցված» է համարվում, սակայն զորքերի շփման գծում փոխհրաձգությունը շարունակվում է, և մարդիկ են զոհվում։ 


Կարդալ ավելին JAMnews-ում