«Անորակ երաժշտությունը ոչ միայն թբիլիսցիների դժգոհությունն է առաջացնում, այլ նաև բացասական ազդեցություն է թողնում զբոսաշրջիկների տպավորությունների վրա», - ասել է Սերգի Գվարջալաձեն " />

Թբիլիսիի փողոցային երաժիշտներից կարող է լիզենցիա պահանջվել

«Անորակ երաժշտությունը ոչ միայն թբիլիսցիների դժգոհությունն է առաջացնում, այլ նաև բացասական ազդեցություն է թողնում զբոսաշրջիկների տպավորությունների վրա», - ասել է Սերգի Գվարջալաձեն

Թբիլիսիի քաղաքապետարանը, հնարավոր է, կարգավորումներ սահմանի փողոցային երաժիշտների համար: Նրանք իրենց գործունեության համար պետք է հատուկ թույլտվություն ունենան:

Այս մասին «Ինտերպրեսնյուս» գործակալությանը հայտարարել է գիշերային Թբիլիսիի տնտեսության զարգացման նախագծի ղեկավար Սերգի Գվարջալաձեն: Նրա կարծիքով՝ որոշ փողոցային երաժիշտներ ազդում են ոչ միայն թբիլիսցիների նյարդերի վրա, այլ նաև բացասական տպավորություն են ստեղծում զբոսաշրջիկների մոտ: Այդ պատճառով էլ, ըստ Գվարջալաձեի, փողոցային երաժիշտներին փաստաթղթեր հարկավոր կլինեն, որոնք թույլ կտան նրանց շարունակել իրենց գործունեությունը:

Թե ով է զբաղվելու այդ թույլտվությունների տրամադրմամբ և ինչ չափանիշներով են դրանք տրվելու, ինչպես է որոշվելու՝ ով նվագի և երգի փողոցում, ով՝ ոչ, Սերգի Գվարջալաձեն չխոսեց:

Այդ նույն հարցազրույցում Գվարջալաձեն հայտարարել է, որ լիցենզավորում պետք է անցնեն նաև այն ռեստորանների տերերը, որոնք «կենդանի երաժշտություն» են առաջարկում: Լիցենզավորման պարտադիր լինելը Գվարջալաձեն բացատրում է նրանով, որ Թբիլիսիի պատմական թաղամասերում մի քանի ռեստորան կա, որտեղից մայրաքաղաքի հյուրերին անհանգստացնող կենդանի կատարումներ են լսվում: Լիցենզիա կստանան միայն այն ռեստորանները, որոնք ակուստիկ մեկուսացում կապահովեն:

«Աշխարհի շատ երկրներում «կենդանի երաժշտության» հարցը լիցենզավորման միջոցով է լուծվում: Այսինքն՝ ռեստորանները, որոնք ի վիճակի չեն ակուստիկ մեկուսացում ապահովել, լիցենզիա չեն ստանա: Այդ հարցը մեզ մոտ պետք է օրենսդրական մակարդակում լուծվի», – կարծում է Գվարջալաձեն: Նրա խոսքով՝ մոտ մեկ ամիս անց Թբիլիսիում էր ակուստիկայի հարցերով լավագույն մասնագետներից մեկը:

«Մենք միասին երեք գիշեր շարունակ ուսումնասիրում էինք իրավիճակը մի քանի կրիտիկական վայրերում: Նրա առաջին խորհուրդն այն էր, որ ռեստորանների տերերը պետք է նվազեցնեն ձայնի մակարդակը, քանի որ չափազանց բարձր երաժշտությունը հաճախորդների համար անհարմարություն է ստեղծում օրվա ցանկացած ժամին», – ասում է Գվարջալաձեն:

Թբիլիսիի գիշերային տնտեսության զարգացման նախագիծը քաղաքապետ Կախա Կալաձեի նախաձեռնությունն է: Ըստ նրա՝ նախագծի գլխավոր նպատակը Թբիլիսիի գիշերային մշակութային կյանքը կենդանացնելու և մայրաքաղաքի բյուջե մուտքերի ավելացումն է: Մարտին նախագծի ղեկավար է նշանակվել վրացի երաժիշտ և հեռուստապրոդյուսեր Սերգի Գվարջալաձեն:

Թբիլիսցիները թերահավատորեն են վերաբերվում քաղաքապետի այս նախաձեռնությանը: Հատկապես այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները թմրանյութերի տարածման դեմ պայքարի անվան տակ ռեյդ անցկացրին մի քանի գիշերային ակումբներում և բավականին կոպիտ ձևով ստիպեցին այցելուներին դուրս գալ ակումբներից:

«Ո՞ւր ես, Կալաձե: Գիշերային տնտեսությունը փլվեց հենց քո գլխին», – այդ օրերին գրում էին Ֆեյսբուքի վրացական սեգմենտի օգտատերերը:

«Ինտերպրեսնյուս» գործակալությանը տված հարցազրույցում Գվարջալաձեն ասում է, որ գիշերային ակումբներում անցկացված հատուկ գործողությունը լուրջ ազդեցություն է ունեցել ակումբային բեմերի վրա:

«Կադրերը, որոնցում մեր ռեյվերը պարում են խորհրդարանի շենքի մոտ անցկացված բողքի ակցիային, որն էլ առաջացել էր հենց այդ ռեյդին ի պատասխան, աշխարհում միլիոնավոր մարդիկ են տեսել: Այդ տեսանկյունից իրավիճակը դրական կողմ էլ է ունեցել: Մյուս կողմից, մենք բոլորս տեսանք, որ մի շարք խնդիրներ ունենք, որոնք պետք է կարգավորենք», – ընդգծել է Գվարջալաձեն:

  • «Գիշերային տնտեսությունը» համեմատաբար նոր տերմին է և ենթադրում է օրվա գիշերային ժամերին գործող հաստատությունների գործունեությունը տնտեսական տեսանկյունից: «Գիշերային ժամը» պետք է ոչ այնքան բառացի հասկանալ, խոսքն ավելի շատ օրվա այն ժամանակահատվածի մասին է, երբ մարդկանց մեծ մասն ավարտում է աշխատանքային օրը՝ աշխատանքը, դասերը և այլն:
  • «Գիշերային տնտեսության» գլխավոր բաղադրիչը գիշերային ակումբներն են, բայց ոչ միայն: «Գիշերային տնտեսության» մաս են համարվում մինչև ուշ գիշեր աշխատող սրճարան-ռեստորանները, թանգարանները, կենդանի երաժշտությունը, բոուլինգ-ակումբներն ու զվարճանքի այլ հաստատություններն, ինչպես նաև տրանսպորտը, որը մարդկանց սպասարկում է գիշերային ժամերին, և նույնիսկ դեղատները, որոնք գիշերն են աշխատում:

Կարդալ ավելին JAMnews-ում