Երիտասարդ երևանցիներն ավելի ուշադիր են դարձել հագուստի նկատմամբ և հաճախ նախընտրում են հայ դիզայներների առաջարկները` նորաձևության ոլորտի փորձահետների կարծիքները " />

Ոճային հագուստ՝ պարտադիր չէ թանկ

Երիտասարդ երևանցիներն ավելի ուշադիր են դարձել հագուստի նկատմամբ և հաճախ նախընտրում են հայ դիզայներների առաջարկները` նորաձևության ոլորտի փորձահետների կարծիքները

Երևանի փողոցները տարեցտարի ավելի շատ են լցվում վառ գույներով, համարձակ, երբեմն ուլտրանորաձև, երբեմն էլ՝ արտասովոր կերպարներով: Հայաստանյան ոճաբանների դիտարկմամբ, երևանցիները սկսել են ավելի շատ ուշադրություն և ժամանակ հատկացնել հագուստի ընտրությանը, քան մի քանի տարի առաջ: Նրանք մեզ պատմել են, թե ինչպես է երևանյան street fashion-ը առաջընթաց ապրել, ինչի հաշվին են տեղի ունեցել դրական փոփոխությունները:

Ոճաբան և դիզայներ Մարիաննա Քաբաբյանի դիտարկմամբ՝ Հայաստանում նորաձևությունը հատկապես զարգացավ վերջին 5-6 տարիների ընթացքում, երբ Երևանում բացվեցին  առաջին մոլերը, որոնք առաջարկում էին բրենդային հագուստի տեսականի:

Իսկ մինչ այդ, Մարիաննայի խոսքով, Հայաստանում կրում էին ներկրված հագուստ, որի մեծ մասը արտասահմանյան թանկ բրենդերի կեղծ կրկնօրինակումներն էին.

«Հիմա հայ հանրության մեծ մասը չի ընդունում կեղծ բրենդային հագուստը»:

Ըստ ոճաբանի՝ առօրյա հագուստի բնույթը դարձել է իսկապես առօրյա.

«Մի քանի տարի առաջ դժվար էր տարբերել համալսարան գնացող աղջկան երեկույթի գնացողից: Հիմա հստակ տարբերակվում են առիթները և ընտրվում են համապատասխան կերպարներ, չնայած՝ շպարը դեռևս երեկոյան է: Սա էլ, հավանաբար, կապված է դրա հետ, որ հայերը խնամքին մեծ տեղ են տալիս»:

Բլոգգեր-ոճաբան Նարինե Սիմոնյանն էլ կարծում է, որ թե՛ աղջիկները, թե՛ տղաները սկսել են շատ ավելի համարձակ լուծումներ տալ իրենց առօրյա կերպարներին: Ավելի ստեղծագործ մոտեցում են ցուցաբերում, ավելի բաց ու հեշտ են ընդունում յուրաքանչյուր նոր ուղղություն, քան նախկինում, իսկ տոնական «լուքերը» [անգլերեն «look» բառից՝ այս դեպքում «տեսք» նշնակությամբ] միշտ էլ տարբերել են թե առաջ, թե հիմա՝ դետալների, զարդերի հաշվին:

Վերջինս նկատում է, որ հայ երիտասարդները մեծ հետաքրրություն են սկսել ցուցաբերել հայ դիզայներների առաջարկած հագուստի նկատմամբ, որպեսզի առանձնանան, յուրահատուկ տեսք ունենան, ինչին Mass market fashion-ի [նորաձևություն հասարակության լայն շրջանակների համար] առաջարկած հագուստով հասնելը դժվար է: 

«Այնուամենայնիվ հաճախ նկատում եմ քեժուալ՝ ամենօրյա և տոնական ոճերի խառնուրդ: Հայ կանանց, աղջիկների առօրյա կերպարներում բարձրակրունկ կոշիկները դեռևս առկա են, որոնք շատ հաճախ կերպարին համապատասխան չեն ընտրվում»,– նշում է բլոգգեր-ոճաբանը:

Տղամարդիկ նույնպես, Նարինեի խոսքով, բավական հետաքրքիր կերպարներ են ստեղծում: Սկսել են կրել գունավոր պրինտերով, ձևավորումով վերնաշապիկներ, կոստյումներ, հագնել լոֆերներ [առանց կապիչների կոշիկներ ցածր լայն կրունկով], հետաքրքիր համադրել հագուստի երկարությունները՝ դրան շերտեր հաղորդելով:

Միաժամանակ, Նարինեն ցավում է, որ հագնվելու արվեստի առաջընթացին զուգահեռ կա բացասական երևույթ՝ կրկնօրինակումը.

«Շատերը չեն կարողանում նորաձևության այս կամ այն միտումը հարմարեցնել իրենց ոճին և կերպարին, արդյունքում կամ շատ թերի են համադրում, կամ էլ նույնությամբ կրկնօրինակում են, որը սեփական ոճի զգացողության ցուցանիշ չէ»:

Իսկ ոճաբանները խորհուրդ են տալիս լինել համարձակ, հետևել սեփական ոճի զգացողությանը, ձեռքբերել բազային հագուստ, հագնվել մարմնի կառուցվածքին համապատասխան ու չընկնել տրենդերի հետևից, եթե դրանք հակասում են ձեր կերպարին:

Նորաձև հագնվելու համար ամենևին էլ պետք չէ մեծ գումարներ ծախսել: Գեղեցիկ հագնվել կարելի է գրպանին համապատասխան: Նարինե Սիմոնյանը համոզված է.

«Միջինում 45 հազար դրամը բավարար է ամբողջական կերպար ստեղծելու համար»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում