Ի՞նչ է «Բաց երկնքի մասին պայմանագիրն» և ինչպե՞ս կազդի ԱՄՆ-ի ելքը դրանից Վրաստանի և Ուկրաինայի անվտանգության վրա" />

Կարծիք․ Թրամփը Պուտինին միանձնյա վերահսկողություն է նվիրում Արևելյան Եվրոպայում ռուս զինվորականների գործողությունների նկատմամբ

Ի՞նչ է «Բաց երկնքի մասին պայմանագիրն» և ինչպե՞ս կազդի ԱՄՆ-ի ելքը դրանից Վրաստանի և Ուկրաինայի անվտանգության վրա

Նախագահ Թրամփը հայտարարել է «Բաց երկնքի մասին պայմանագրից» դուրս գալու ԱՄՆ մտադրության մասին։ Ի՞նչ է ենթադրում պայմանագիրը, և ինչպիսի՞ն են լինելու ամերիկյան նախագահի որոշման հետևանքներն, այդ թվում, Կովկասի համար։

CNN-ը ներկայացնում է զինաթափման հայտնի մասնագետ Դևիդ Էդելմանի կարծիքը։

Ի՞նչ է «Բաց երկնքի մասին պայմանագիրը»

«Բաց երկնքի մասին» պայմանագիրը կարևորագույն ձեռքբերում է սպառազինության նկատմամբ վերահսկողության ոլորտում։ Այն թույլ է տալիս մասնակիցներին օդից միմյանց տարածքների տեսչական ստուգում  անցկացնել՝ սպառազինության կրճատման մասին պայմանագրերի պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով։

Առաջին անգամ այդպիսի պայմանագիր առաջարկվել է կնքել դեռևս 1955թ-ին ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերի կողմից, սակայն այն իրականություն է դարձել միայն 2002-ին։

Պայմանագրին մասնակցում է 34 երկիր։

Ինչո՞վ է օգտակար «Բաց երկնքի մասին պայմանագիրը»

Սպառազինության նկատմամբ վերահսկողությունից բացի պայմանագիրը թույլ է տալիս հետևել ռուս զինվորականների գործողություններին այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին է Ուկրաինան, Վրաստանն ու Արևելյան Եվրոպայի երկրների սահմանները։

Քանի որ նման տեսչական ստուգումների ընթացքում ստացված տվյալները գաղտնի չեն, դրանք կարող են օգտագործվել լրատվամիջոցներում՝ դրանով իսկ ազդելով հասարակական կարծիքի վրա։

Օրինակ, 2018թ-ի դեկտեմբերի 6-ին նման ստուգման արդյունքում ստացված տվյալներն օգնել են պարզել, որ ռուս զինվորականներն ագրեսիվ գործողություններ են կատարել ուկրաինական նավերի դեմ Կերչի նեղուցում։

Իսկ Կալինինգրադի շրջանի տարածքի նկատմամբ վերահսկողությունը, որտեղ տեղակայված են ռուսական միջուկային հրթիռները, կարևոր է Բալթիկ երկրների համար։

Ինչո՞ւ է վտանգավոր պայմանագրից դուրս գալը

«Բաց երկնքի մասին պայմանագրից ելքը» ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կզրկի ռուս զինվորականների գործողությունների մասին կարևոր տվյալներից։

Սակայն ամենավտանգավորն այն պառակտումն է, որն այդ քայլը կարող է մտցնել ՆԱՏՕ-ի շարքերում։

Ինչո՞ւ է ԱՄՆ վարչակազմն ուզում լքել «Բաց երկնքի մասին պայմանագիրը»

Այդ պայմանագրից դուրս գալու մտադրության դեմ են արտահայտվում բոլորն՝ ԱՄՆ պետական դեպարտամենտը, Պենտագոնը, սպառազինության ոլորտի մասնագետները։ Այդ որոշմանը կողմ է միայն նախագահ Թրամփը։

Բացատրություններ, թե ինչու է ԱՄՆ-ն մտադիր այդ քայլին դիմել պայմանագրի 17 տարվա գործողությունից հետո, չկան։

Միակ բացատրությունն, ինչպես պնդում է CNN-ի հրապարակման հեղինակ Դևիդ Էդելմանը, հետևյալն է․

«Հետևելով նրան, թե ինչպես է նախագահ Թրամփը պատրաստվում ոչնչացնել կարևորագույն միջազգային պայմանագիրը, մտածում եմ, թե որքան հաճելի հեռանկար է դա Վլադիմիր Պուտինի համար»։


Կարդալ ավելին JAMnews-ում