Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների անցյալը, ներկան և հեռանկարները" />

Restart-ի սպասումով

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների անցյալը, ներկան և հեռանկարները

Անկախության ձեռքբերումից հետո հայ-իրանական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարթություններում։

2000-ականների վերջին տնտեսական համագործակցության զարգացման տեմպն արգելակվեց՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Սակայն այս տարվա սկզբից՝ պատժամիջոցների վերացումից հետո, երկու երկրներում կրկին սկսեցին խոսել երկկողմ հարաբերությունների խորացման, նոր ծրագրերի ու նոր հնարավորությունների մասին։ Շատերն սպասում են, որ պատժամիջոցների վերացումը «կվերաբեռնավորի» Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերը, ինչից կշահեն բոլոր կողմերը։

Սակայն մինչ հեռանկարների մասին խոսելը՝ համառոտ ներկայացնենք այն պատկերը, որն այսօր առկա է, և առևտրային հարաբերությունների պատմությունը։

Եվ այսպես,  ամենաթարմ տվյալներով (2016 թվականի հունվար-օգոստոս), Իրանը Հայաստանի 5-րդ առևտրային գործընկերն է, որին բաժին է ընկնում ընդհանուր արտաքին առևտրի 5.1%-ը (ավելի մեծ առևտրաշրջանառություն Հայաստանը ունի Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի և Վրաստանի հետ)։

1-TenPartners-ARM

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 157.6 մլն դոլար։ Այս ժամանակահատվածում Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 48.9 մլն դոլար, իսկ Իրանից ներմուծվել է 108.7 մլն դոլարի ապրանք։ Իրանի հետ առևտուրն, ինչպես տեսնում եք, բացասական հաշվեկշիռ ունի։ Ավելի շատ ներմուծվում է, քան արտահանվում։

Նշենք նաև, որ նախորդ տարվա համեմատ՝ Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը նվազել է 13.3%-ով։ Այդ թվում՝ արտահանումը դեպի Իրան նվազել է 9%-ով, իսկ ներմուծումը՝ մոտ 15%-ով։

Առևտրաշրջանառության նվազումը մասամբ պայմանավորված է գնանկմամբ, մասամբ՝ ՀՀ ընդհանուր տնտեսական վիճակի վատթարացմամբ։

Եվրամիությունը 2016 թվականի հունվարին հանեց Թեհանի հետ ֆինանսական հաղորդակցության արգելքը։ Սա նշանակում է, որ իրանական բանկերը կարող են ներկայացուցչություններ բացել ԵՄ երկրներում, իսկ եվրոպական բանկերը՝ Իրանում։ Իրանցիները կրկին կարող են օգտվել SWIFT միջազգային համակարգից։ Բացի այդ, հանվել են այդ երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում ներդրված սահմանափակումները։

Եվրամիությունը չեղյալ է հայտարարել նաև Իրանից նավթի և նավթամթերքների ներմուծման արգելքը, որն ուժի մեջ էր մտել 2012-ին։ Հանվել է նաև Իրանին նավթային ոլորտի համար նախատեսված սարքավորումների և տեխնոգիաների մատակարարման արգելքը։ Թույլատրվել է ներդրումներ կատարել Իրանի էներգետիկ ոլորտում։ Այժմ հնարավոր է նաև նավթի տեղափոխման համար նախատեսված տանկերներ վաճառել Իրանին։

ԱՄՆ-ը նույնպես հանել է նմանատիպ ֆինանսական և առևտրային սահմանափակումները։ Թույլատրվել է նաև ամերիկյան մարդատար օդանավեր վաճառել Իրանին։ Ընդ որում, օդանավերի մատակարարումը թույլատրվել է նաև ԵՄ երկրներից, իսկ Թեհրանն արդեն հայտարարել է Airbus և Boeing ինքնաթիռներ գնելու ցանկության մասին։ Բացի այդ, ապասառեցվել են Իրանի արտասահմանյան միջոցները, որոնք արգելափակվել են մի քանի տարի առաջ։

Դրանք, մասնավորապես, Իրանի Կենտրոնական բանկի միջոցներն են (ավելի քան 20 մլրդ դոլար) և նավթի վաճառքից ստացված եկամուտները։ Ընդհանուր առմամբ, 100 միլիարդ դոլարի միջոցներ կրկին հասանելի կդառնան Իրանի համար։

Ինչ ենք ներմուծում ու ինչ ենք արտահանում

Արտաքին առևտրի ապրանքային կառուցվածքին վերաբերող տվյալները այնքան էլ օպերատիվ չեն թարմացվում, այդ իսկ պատճառով՝ ներկայացնում ենք 2016-ի առաջին կիսամյակի տվյալները՝ ըստ ՀՀ մաքսային ծառայության բազայի։

Սկսենք ներմուծումից։

Ընդհանուր առմամբ՝ Իրանից Հայաստան ներմուծվել է շուրջ 300 անուն ապրանք (խոշորացված խմբերով)։

Ամենամեծ կշիռն ունի բնական գազը։ 2016-ի առաջին կիսամյակում Իրանից Հայաստան է ներկրվել 31.4 մլն դոլարի գազ (186.5 մլն խմ)։ Դա կազմում է Իրանից Հայաստան ներմուծման 40%-ից ավելին։ Գազի դիմաց Հայաստանը վճարում է ոչ թե փողով, այլ էլեկտրաէներգիայով։

Գազից բացի Իրանից Հայաստան են ներմուծվում սուլֆիդներ (կշիռը ներմուծման մեջ՝ 6.1%), պոլիմերներ (5.9%), պարարտանյութեր (5.1%), նավթ և նավթամթերք (4.8%) և այլն։ Այսինքն, եթե չհաշվենք գազը՝ մնացած ապրանքատեսակները բավականին դիվերսիֆիկացված են։

Իսկ ի՞նչ է Հայաստանից արտահանվում Իրան։

Առաջին կիսամյակում Հայաստանից Իրան արտահանվել է շուրջ 40 անուն ապրանք՝

Արտահանման 90.4%-ը էլեկտրաէներգիան է (մոտ 36 մլն դոլար արժեքով)։ Նաև որոշ քանակությամբ ոչխարի ու այծի միս է արտահանվել Հայաստանից Իրան. 342 տոննա՝ 1.5 մլն դոլարից քիչ արժեքով, որի տեսակարար կշիռը Հայաստանից Իրան արտահանման կառուցվածքում 3.7% է։ Մնացած ապրանքների արժեքն ու կշիռը շատ ցածր է՝ 1%-ից քիչ։

Սա նշանակում է, որ Իրանից Հայաստան ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է, քան Հայաստանից Իրան արտահանումը։

Բերված գծապատկերում ավելի լավ է երևում  մեկ ապրանքից կախվածությունը՝ ներմուծման և արտահանման տեսանկյունից։

2-share-ARM

Աղբյուրը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայություն

Ինչ զարգացումներ է ունեցել Իրան-Հայաստան առևտուրը 2005 թվականից ի վեր

Իրան-Հայաստան արտաքին առևտրաշրջանառությունը 2005 թվականից հետո կայուն աճ է ունեցել՝ բացառությամբ 2009 ճգնաժամային տարվա։ Ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը 2005-2011 ժամանակահատվածում գրեթե եռապատկվել էր՝ 117.7 մլն դոլարից հասնելով 323 մլն դոլարի։

Ընդ որում, բնական գազի դիմաց Իրանին էլեկտրաէներգիա մատակարարելու սխեման սկսել է աշխատել 2009 թվականից։ Այսինքն՝ 2005-2009 թվականներին երկկողմ առևտրի աճը այս գործոնով պայմանավորված չէր։

Իրան-Հայաստան բնական գազի խողովակաշար նոր գազատարը կառուցվել է 2008 թ. հոկտեմբերին։ Տարեկան թողունակությունը կազմում է 2.3-2.5 մլրդ խմ։ Այն Հայաստանյան գազաբաշխիչ ցանցը միացնում է հարևան Իրանին։ Ըստ երկկողմ համաձայնության՝ Հայաստանը գազի դիմաց վճարումը կատարում է էլեկտրաէներգիայի միջոցով։ Իրանական գազը Հայաստան սկսել է մատակարարվել 2009 թվականից։

3-TradeYears-AZE

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

2012 թվականին Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներն արտացոլվեցին արտաքին առևտրի պաշտոնական ցուցանիշներում. գրանցվեց անկում, որը շարունակվեց նաև հաջորդ տարիներին։

2015 թվականի համար ներկայացված տվյալը վերաբերում է հունվար-նոյեմբեր ժամանակահատվածին, քանի որ հոդվածը հրապարակվելու պահին դեկտեմբերի ցուցանիշները դեռ չէին ամփոփվել։

Հեռանկարները

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանում ակտիվորեն սկսեց քննարկվել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունը, և այն տնտեսական օգուտները, որ Հայաստանը կարող է ստանալ։

Արտաքին առևտրի մասով, տեսակետներ  կան, որ պատժամիջոցների վերացումից հետո արտաքին առևտրի ծավալները կսկսեն վերստին աճել (ինչպես մինչև 2011 թվականն էր)։ Իրանից ներմուծման մասով թերևս այդպես էլ կլինի։ Սակայն Հայաստանից Իրան արտահանման տեսանկյունից չափից դուրս լավատես լինել չի կարելի` հաշվի առնելով ՀՀ ընդհանուր արտահանման կառուցվածքը։ Այսինքն, Հայաստանն այսօր իրանական շուկային առաջարկելու մեծ տեսականի չունի։ 

Սակայն Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության, Իրանի և Վրաստանի միջև։ Օրինակ, պատժամիջոցների վերացումից գրեթե անմիջապես հետո սկսեց քննարկվել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տարանցելու հնարավորությունը, սակայն այս առումով դեռ լուրջ քայլեր չեն կատարվել։

Հեռանկարային է նաև իրանական ապրանքները Հայաստանի տարածքով եվրոպական շուկա հասցնելու և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծրագիրը։ Իդեալական տարբերակը երկաթուղին է. Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ աշխատանքներ է տանում Իրանի հետ՝ երկու երկրներ կապող երկաթուղու կառուցման ուղղությամբ: Սակայն երկաթուղի կառուցելը թանկ հաճույք է և պահանջում է հսկայական ներդրումներ ու ժամանակ։

Դրա համար այս պահին քննարկվում է առավել իրատեսական տարբերակ։ Այն է՝ բեռներն Իրանից ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվում են Հայաստանում գտնվող Երասխ երկաթուղային կայարան, իսկ այնտեղից արդեն հայկական գնացքներով՝ դեպի վրացական Փոթի նավահանգիստ, այնուհետև՝ եվրոպական շուկաներ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալոյանը վերջերս նշել է, որ այս երթուղու գաղափարն իրանցիներին գրավում է և բավականին առարկայական է։

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություններից է նաև զբոսաշրջության ոլորտը։ Այստեղ, ըստ փորձագետների, մեծ պոտենցիալ կա: Այս պահին արդեն Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է զբոսաշրջության առումով։ Հատկապես Նովրուզ Բայրամի օրերին Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ են ժամանում Հայաստան։

2016 թվականի առաջին կիսամյակում Իրանից Հայաստան են ժամանել մոտ 90 հազար զբոսաշրջիկներ, որը կազմում է զբոսաշրջիկների ընդհանուր թվի 17.8%-ը։ Այս առումով, Իրանը զիջում է միայն Ռուսաստանին, որին բաժին է ընկնում զբոսաշրջիկների 22.3%-ը։

4-tourism-ARM

Ընդ որում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է՝ 50.2%-ով։ Աճի ցուցանիշով Իրանն առաջին տեղում է։

Իհարկե, սրանք բոլոր ոլորտները չեն, որտեղ զարգանալու պոտենցիալ կա։ Մասնագետները արդյունավետ համագործակցության հեռանկարներ են տեսնում նաև էներգետիկ, բանկային և այլ ոլորտներում։ Սակայն այդ պոտենցիալը զարգացման վերածելու համար անհրաժեշտ է տանել ճիշտ և արդյունավետ քաղաքականություն։

Հրապարակվել է՝ 29.10.2016


Կարդալ ավելին JAMnews-ում