Հարցվածների 46%-ը կարծում է, որ Վրաստանը սխալ ուղղությամբ է զարգանում, 56%-ը կառավարության աշխատանքը բացասական է գնահատում" />

NDI․ Իվանիշվիլին գլխավորել է հակավարկանիշն, իսկ առավել մեծ համակարանք են վայելում Սերգեյենկոն ու Կալաձեն

Հարցվածների 46%-ը կարծում է, որ Վրաստանը սխալ ուղղությամբ է զարգանում, 56%-ը կառավարության աշխատանքը բացասական է գնահատում

«Ազգային ժողովրդավարական ինստիտուտը» (ԱՄՆ) (NDI) հրապարակել է Վրաստանում անցկացված հերթական հետազոտության արդյունքները։ Հարցվածներին տրված հարցերը վերաբերել են Վրաստանի իշխանությունների, քաղաքական գործիչների և կուսակցությունների հանդեպ նրանց վերաբերմունքին։

Հարցվածների մեծ մասը բացասական է գնահատում կառավարության աշխատանքը։

NDI հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 46%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է զարգանում։ 26%-ի կարծիքով Վրաստանում լճացում է, իսկ հարցվածների 25%-ը կարծում է, որ Վրաստանը ճիշտ ուղղությամբ է զարգանում։

56%-ը բացասական է գնահատել կառավարության աշխատանքը, 36%-ը դրական։

Քաղաքական կուսակցություններ

Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 37%-ը չի կարողացել նշել այն կուսակցությունը, որի գաղափարախոսությունը մոտ է իր սեփականին։ 21%-ը կարծում է, որ իր հայացքներն առավել լավ է արտացոլում իշխող «Վրացական երազանքը», 15%-ը նշել է «Ազգային շարժումը»։ Համապատասխանաբար 4% և  3% են ստացել «Եվրոպական Վրաստանն» ու «Հայրենասերների դաշինքը»։

Հարցվածների 60%-ը հայտարարել է, որ չգիտի, թե ում օգտին կքվեարկեր, եթե վաղը խորհրդարանական ընտրություններ անցկացվեին։ «Վրացական երազանքի» օգտին կքվեարկեր 17%-ն, «Ազգային շարժման» օգտին՝ 14%-ը, «Եվրոպական Վրաստանի» օգտին՝ 3%-ը, «Հայրենասերների դաշինքի» օգտին՝ 3%-ը։

Քաղաքական գործիչների հանդեպ համակրանքն ու հակակրանքը

Ըստ հարցման արդյունքների՝ բնակչության ամենամեծ համակարանքն է վայելում առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Հարցվածների 40%-ը նրանց մասին դրական է արտահայտվել։

Հարցվածների 31%-ը որպես առավել համակրելի քաղաքական գործիչ նշել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ 28-ական տոկոս են «ստացել» լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Միացյալ ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն։

Հարցվածների 27%-ը համակրանք է տածում ՆԳՆ ղեկավար Գիորգի Գախարիայի հանդեպ, 26%-ը՝ վարչապետ Մամուկա Բախտաձեի, իսկ 21%-ը՝ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հանդեպ։

Բիձինա Իվանիշվիլին էլ գլխավորել է հակավարկանիշը։ Նրան բացասաբար է վերաբերվում հարցվածների 39%-ը։ Երկրորդ տեղում է «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն՝ 35%։ Այնուհետև գալիս է «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան՝ 33%, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ 32%։

∗ NDI և «Բաց հասարակություն․ Վրաստանի» հետազոտությունն անցկացվել է 2019 թ-ի մարտի 28-ից մինչև ապրիլի 15-ը։ Ընդհանուր առմամբ հարցվել է 2927 մարդ։ Սխալի միջին հավանականությունը՝ +/- 2.3%։
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում