Ինչ է տեղի ունեցել Ֆրանսիայի հետ նշանակալից ահաբեկչությունից հետո ընկած ժամանակահատվածում" />

«Je suis Charlie»-ն երեք տարի անց

Ինչ է տեղի ունեցել Ֆրանսիայի հետ նշանակալից ահաբեկչությունից հետո ընկած ժամանակահատվածում

Նկարիչ Կրիստիան Գյուեմին (ծածկանունը՝ C215) նախկին խմբագրության կողքի պատին նկարել է Charlie-ի զոհված աշխատակիցների դիմանկարները: Լուսանկարը՝ Յուրի Սաֆրոնովի / «Նովայա գազետա»

Ըստ Նովայա գազետայի նյութի

Հունվարի 7-9-ին երեք տարի է լրացել Ֆրանսիայի համար ահաբեկչական ամենաարյունալի փուլից: 2015թ-ի հունվարի 7-ին ահաբեկիչները Փարիզում գրոհեցին «Charlie Hebdo» երգիծական թերթի խմբագրությունը և սպանեցին 12 մարդ, հաջորդ օրը՝ ոստիկանության կին աշխատակցին, իսկ հունվարի 9-ին պատանդներ վերցրին Hyper Cacher կոշերային խանութում, արդյունքում 4 մարդ զոհվեց։ Հունվարի 7-ին «Charlie Hebdo»-ի դեպքերի երրորդ տարելիցին Փարիզի Հանրապետության հրապարակում զոհվածների հիշատակը հարգելու գրեթե ոչ ոք չէր եկել:

Երեք տարի առաջ այդ նույն հրապարակում և դրա մերձակայքում «Je suis Charlie» պաստառներով մեկուկես միլիոն մարդ կար: Այդպիսի զանգվածային հավաքներ այլևս չեղան: Ահաբեկչությունները սարսափելի առօրյա դարձան: Եվ պաստառներով ցույց անելն արդեն քչերին է ոգեշնչում: Իշխանություններն էլ չէին ողջունում զանգվածային հավաքները՝ վախենալով նոր ահաբեկչական գրոհներից:

Charlie Hebdo-ում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննությունն ավարտին է մոտենում

Charlie Hebdo-ում և Hyper Cacher-ում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննությունը պետք է ավարտվի այս տարվա գարնանը-ամռանը, ինչպես հաղորդում են Le Monde-ի աղբյուրները: Սակայն հետաքննության մեջ մինչև հիմա շատ «մութ կետեր» կան: 14 մեղադրյալ կա, այդ թվում՝ զենքի վաճառքով զբաղվող երկու հանցավոր խմբի մասնակից:

Դրանցից մեկը գլխավորում էր Լիլի ուլտրաաջ «գործիչ», նախկին զինվորական, որին հոկտեմբերին առանձին դատապատեցին (7 տարվա ազատազրկման) Արևելյան Եվրոպայից զենքի ապօրինի ներկրման ամար: Նա դատարանում պնդում էր, որ աշխատել է ոչ միայն իր համար, այլ նաև որպես իրազեկիչ օգնել է ֆրանսիական ժանդարմերիային և մաքսատանը: «Ուժայինների» հետ կապերն իրենց հերթին հավանաբար օգնել են Էրմանին ազատության մեջ մնալ մինչև այն պահը, երբ պարզվել է, որ 6 հրազեն նրանից գնել է ահաբեկիչ Կուլիբալին, որը սպանել է ոստիկանության կին աշխատակցին և «Hyper Cacher» խանութի պատանդներին: Կուլիբալին գործել է Կուաշի եղբայրների հետ միասին, որոնք ահաբեկչություն էին իրականացրել Charlie Hebdo-ում:

Այստեղ, ինչպես նաև բոլոր այլ դեպքերում, «ուժայիններն», ինչպես նաև Էրմանը, որի հանդեպ նրանք հովանավորչություն էին իրականացնում, հազիվ թե մտադրություն են ունեցել օգնելու ահաբեկիչներին: Պարզապես մոլեռանդներն օգտվում են «անհավատների» շահամոլությամբ և անփութությամբ: Եվ, իհարկե, նրանք օգտվում են նրանց անկսզբունքայնությունից:

Երբ խոշորագույն ֆրանսիական ընկերություններից մեկը, համենայնդեպս այն հիմա դրա համար կասկածվում է, վճարում էր ահաբեկիչներին իր ցեմենտի սիրիական գործարանը պահպանելու համար, Charlie Hebdo-ի և «Hyper Cacher»-ի ահաբեկչություններին ընդամենը երեքուկես ամիս էր մնում: Այժմ ընկերության մեղադրվող աշխատակիցներն արդարանում են, թե չէ որ այն ժամանակ Ֆրանսիայում ահաբեկչություններ չկային: Եվ ընդհանրապես, «հովանավորչության» համար ահաբեկիչներին վճարելու որոշում կայացնելիս նրանք գործել են ֆրանսիացի դիվանագետների լիակատար համակարգմամբ:

Ինչո՞ւ «Je suis Charlie»

Հավանաբար, մի քանի ամիս անց նրանցից ինչ-որ մեկը մասնակցում էր Հանրապետության հրապարակի միլիոնանոց ցույցին՝ «Je suis Charlie» ցուցապաստառով:

Դա ոչ թե այն պատճառով էր, որ այդ դիվանագետներն ու ցեմենտի գործարանի թոփ-մենեջերներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեղավոր էին ահաբեկչություններից մեկի համար: Չէ՞ որ նրանք չեն ֆինանսավորել ահաբեկչությունները, նրանք ֆինանսավորել են իրենց գործարանի անվտանգությունը և մտածել են երկրի ֆինանսական բարգավաճման մասին:

Եվ նրանք, ովքեր հպատությամբ ասում են՝ «Ես Շառլի չեմ» և սպանությունն արդարացնում են «մարգարեի համար վրեժ լուծելու» կամ «անարգված կրոնի» «շարժառիթով», նույնպես ուղղակիորեն մեղավոր չեն ուրաքանչյուր հետագա ահաբեկչության համար: Չէ՞ որ ահաբեկչությունները կատարում են խելացի տղաներն, ովքեր հակված չեն ենթարկվելու օտարների ազդեցությանը:

Եվ երբ ֆրանսիացիների միայն 61%-ն է (10%-ով ավելի քիչ, քան մեկ տարի առաջ) 2018թ-ի հունվարին ասում՝ «ես նախկինի պես Charlie եմ», դա տխուր է: Երկիրը պետք է կառչեր այդ կարգախոսից, քանի որ դրա գլխավոր իմաստը խոսքի ազատությանն աջակցելն է, որը պետք է արտաբերվի առանց վախենալու, որ դրա համար կսպանեն:

2015թ-ի հունվարի 11-ին 4մլն մարդ էր դուրս եկել ֆրանսիական քաղաքների փողոցներ՝ «Je suis Charlie» պաստառներով:

Libération-ի և Charlie Hebdo-ի լրագրող Ֆիլիպ Լանսոնը, որը ծանր վիրավորում էր ստացել խմբագրությունում իրականացրած ահաբեկչության ժամանակ, երեք տարի անց այդ կարգախոսի մասին սյունակ էր գրել.

«Je suis Charlie». այն ժամանակ այդ կարգախոսը նշանակում էր. «Ես այնքան էլ չեմ կարդում, ես այնքան էլ չեմ սիրում Charlie-ն, բայց ես դեմ եմ, որ սպանեն նրա համար, ինչ նրանք անում են… Այն ժամանակ բոլորը ոտքի կանգնեցին՝ սկզբունքից ելնելով, հանուն կյանքի, հանուն կյանքի սկզբունքի հաղթանակի…»:

Այո, իսկ հետո կարգախոսն անհամացրին քաղաքական գործիչներն ու ատելություն սերմանողներն ամբողջ աշխարհում, և շատերի համար այն դադարեց նույնքան համոզիչ լինել, սակայն պետք չէ մոռանալ դրա սկզբնական իմաստի մասին:

««Je suis Charlie» կարգախոսն ինձ համար շարունակում է նշանակել ահա թե ինչ. ես ուզում եմ ինձ ազատ զգալ գրելու և կարդալու այն ինչ սրտովս է, և որպեսզի ուրիշները նույնպես օգտվեն այդ ազատությունից», — գրում է Լանսոնը, որը շարունակում է աշխատել Charlie Hebdo-ում: Իսկ դա շատ ծանր բեռ է:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում