Վրաստանը համաձայն է Հայաստան տարանցվող գազի վճարման ձևի վերաբերյալ «Գազպրոմի» պահանջներին" />

«Գազպրոմը» փոխում է Վրաստանի հետ պայմանագրի պայմանները

Վրաստանը համաձայն է Հայաստան տարանցվող գազի վճարման ձևի վերաբերյալ «Գազպրոմի» պահանջներին

«Գազպրոմը» փոխում է Վրաստանի հետ կնքած պայմանագրի պայմանները:

Մինչ այժմ Վրաստանը ստանում էր իր տարածքով անցնող գլխավոր գազատարով Հայաստան տարանցվող բնական գազի ընդհանուր ծավալի 10%-ը:

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Մինսկում հանդիպել է «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ հունվարի 10-ին: Վճարման նոր ձևի վերաբերյալ որոշումն ընդունվել է այդ հանդիպման ընթացքում: Նոր պայմանագիրը կնքվելու է 2 տարի ժամկետով: Դրա համաձայն, հումքի տեսքով վճարման նոր ձևն ուժի մեջ կմնա ևս մեկ տարի, իսկ հաջորդ տարվանից այն կփոխարինվի գումարով:

Վրաստանի էներգետիկայի նախարարի հայտարարության համաձայն, «այդ պայմանագիրը Վրաստանին ավելի մեծ կախվածության մեջ չի գցում ռուսական էներգակիրներից: Կփոխվի միայն վճարման ձևը, ինչը սովորական միջազգային պրակտիկա է»:

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման սակագնին, ապա Կալաձեի խոսքով, «դա եվրոպական երկրների շրջանում ամենաբարձր սակագներից մեկն է լինելու»:

Բացի այդ, ըստ նախարարի հայտարարության, պայմանավորվածություն կա, որի համաձայն, անհրաժեշտության դեպքում Վրաստանը կարող է ռուսական գազ ձեռք բերել 185 ԱՄՆ դոլարի դիմաց՝ 215 դոլարի փոխարեն:

«Գազպրոմը» պնդում էր, որ պայմանագրի պայմանները վերանայվեն և վճարման ձևը դրամայինի վերածվի դեռևս նախորդ տարի: Որպես փաստարկ ընկերությունը վկայակոչում էր եվրոպական էներգետիկ խարտիան, որը Վրաստանին ստիպում է «Գազպրոմից» որպես գազի տարանցման ձև ընդունել դրամ հումքի փոխարեն: Սակայն, վրացական փորձագետների կարծիքով, այդ պայմանավորվածությունը Վրաստանի համար պարտվողական կլիներ: Նախորդ տարի Վրաստանի կառավարությունը հրաժարվեց «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության առաջարկած պայմաններից: Սակայն այս տարի կառավարությունն ընդունեց ռուսական կողմի պայմանները:

Նախորդ տարի վրացական կառավարությունը նույնպես բանակցություններ էր վարում «Գազպրոմի» հետ՝ ընկերությունից բնական գազի լրացուցիչ ծավալներ գնելու հույսով, ինչը Վրաստանում բողոքի ալիք բարձրացրեց: Արդյունքում, «Գազպրոմի» հետ համաձայնություն ձեռք չբերվեց:

• Այս փուլում Վրաստանի բնական գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է: Նախորդ տարի Վրաստանում օգտագործվող բնական գազի ընդհանուր ծավալի 87,1%-ն Ադրբեջանն է մատակարարել: Վրաստանն ադրբեջանական գազն արտոնյալ գներով է գնում. բնակչությանն այն վաճառվում է 120 ԱՄՆ դոլարով 1000 կուբամետրի դիմաց, ՋԷԿ-երին՝ 143 ԱՄՆ դոլար 1000 կուբամետրի դիմաց, ինչը զգալիորեն ցածր է այն գնից, որը «Գազպրոմն» առաջարկում է իր ռազմավարական գործընկեր Հայաստանին: Ներկա պահին Հայաստանը վճարում է 165 ԱՄՆ դոլար 1000 կուբամետր ռուսական գազի դիմաց:

• Ադրբեջանական գազից բացի Վրաստանը ռուսական գազ էլ է ստանում, չնայած՝ փոքր ծավալներով: 2014թ-ին Վրաստանը 267 մլն 773 հազար կուբամետր ռուսական գազ է ստացել, ներառյալ 206մլն 166 հազար կուբամետր՝ տարանցման դիմաց: Վրաստանը ստանում է 221 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավ գազատարով Հայաստան տարանցվող ռուսական բնական գազի ընդհանուր ծավալի 10%-ը:

• Մոտ 2,1 մլրդ կուբամետր բնական գազ է տարանցվել Հայաստան Վրաստանի տարածքով անցնող գլխավոր գազատարով: Վրաստանը ստացել է տարանցված գազի ընդհանուր ծավալի 0,3 մլրդ կուբամետրը:

• «Գազպրոմը» համաշխարհային մասշտաբի խոշորագույն ռուսական ընկերություն է: Պետության մասնաբաժինն ընկերության կապիտալում կազմում է 51%:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում