Ամեն տարի միլիոնավոր թռչուններ Աջարիայի երկնքով թռչում են դեպի հարավ ձմեռելու: Այդ միգրացիան տարածաշրջանում շատ բան է փոխում" />

Birdwatching-ն Աջարիայում: Թե ինչպես են թռչունները գրավում զբոսաշրջիկներին

Ամեն տարի միլիոնավոր թռչուններ Աջարիայի երկնքով թռչում են դեպի հարավ ձմեռելու: Այդ միգրացիան տարածաշրջանում շատ բան է փոխում

Օգոստոսի երկրորդ կեսից մինչև հոկտեմբերի կեսերը Աջարիայի երկնքում նեղ 10 կիլոմետրանոց միգրացիոն միջանցքով մեկ միլիոնից ավելի թռչուններ չվում են դեպի տաք երկրներ:

Թռչունների ավելի քան 35 տեսակ, այդ թվում՝ հազվագյուտ գիշատիչ թռչում են դեպի Աֆրիկա ձմեռելու, և իրենց ճանապարհին ստիպված են մի շարք դժվարություններ հաղթահարել:

Թռչունների միգրացիայի ուսումնասիրման համար, որը մինչև այսօր զարմանալի ֆենոմեն է, Աջարիա են գալիս հարյուրավոր զբոսաշրջիկներ, մասնագետներ և կենդանական աշխարհի հասարակ սիրահարներ: Նրանք իրենց birdwatcher-ներ են անվանում (թռչուններին հետևողներ) և արդեն տասներորդ տարին է տարվա այս եղանակին Աջարիա են գալիս՝ այն պահից սկսած, երբ հայտնաբերել են, որ այստեղի երկնքում թռչունների միգրացիայի բացառիկ միջանցք կա: Այստեղ Մեքսիկայից և Կոստա Ռիկայից հետո թռչունների չվելու մասշտաբով երրորդ միջանցքն է:

Birdwatcher-ները Վրաստանում գիտության և գիտելիքների հետ մեկտեղ փող են բերում. թռչուններին հետևելը համարվում է սևծովյան տարածաշրջանում զբոսաշրջության աճող ուղղություններից մեկը:

Մեկ միլիոն չվող թռչուն


Կրետակերներն Աջարիայի երկնքում: Լուսանկարն՝ Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի

Առավոտյան ժամը 7-ն է: Դիտակետն աստիճանաբար լցվում է արտասահմանցի գիտնականներով, զբոսաշրջիկներով և կամավոր-սիրողներով: Նրանք զինված են հեռադիտակներով և ֆոտոխցիկներով, վերադառնում են նախօրեին դիտարկման համար ընտրված տեղեր:

Սկսվում է երկնքի բազմաժամ զննման գործընթացը: Եվ ոչ ոք չգիտի, թե արդյո՞ք օրը դրա համար հաջող կլինի:

Հավաքվածները հետևում են թռչունների երամներին:

Թռչուններին հետևելու ամենամեծ դիտակետը Սախալվաշոյում է

Աջարիայում մի քանի դիտակետ կա՝ Չայիսուբանի գյուղում, Մթիրալիի ազգային պարկը, Իսպանիի ճահիճներն ու Ճորոխիի դելտան: Իսկ գլխավոր դիտակետը տեղակայված է Բաթումիից 20 րոպե հեռավորության վրա գտնվող Սախալվաշո բնակավայրում: Ամռան վերջին և վաղ աշնանը հարմարավետ դիտակետը, որը ծովի մակերևույթից 300մ բարձրության վրա է գտնվում, սկսում է փոքր կղզի հիշեցնել, որտեղ հնչում է միայն անգլերեն լեզուն, ավելի հազվադեպ՝ այլ օտար լեզու:

Թռչունների միգրացիային հետևելու համար Վրաստան, ավելի ճիշտ՝ հենց Աջարիա օգոստոսի 17-ից մինչև հոկտեմբերի 17-ը զբոսաշրջիկների հոծ զանգված է ժամանում՝ հատուկ տեխնիկայով և հսկայական ուսապարկերով զինված:

Սախալվաշո բնակավայրը նմանվում է փոքր կղզյակի, որտեղ հնչում է անգլերեն կամ այլ օտար լեզու

Բելգիացի Յոհանես Յանսենն Աջարիայում ամենափորձառու birdwatcher-ն է: Առաջին անգամ նա այստեղ է եկել 11 տարի առաջ, և այդ օրվանից բաց չի թողել ոչ մի միգրացիոն ժամանակաշրջան: 2010թ-ին նա ընկերների հետ հիմնել է Batumi Raptor Count (BRC) միջազգային բնապահպանական կազմակերպությունը և Աջարիայում զբաղվում է թռչունների միգրացիայով արդեն պրոֆեսիոնալ մակարդակում:

Յոհաննես Յանսենն Աջարիայում առաջին birdwatcher-ներից մեկն է

Իր զբաղմունքի մասին նա գիտի ամեն ինչ: Աջարիան նա բացառիկ վայր է համարում թռչուններին հետևելու համար: Այս տարին birdwather-ների համար բարենպաստ էր. միգրացիոն սեզոնը հաջող է ստացվել: Ինչպես ասում է Յոհանեսը, Բաթումիի միգրացիոն միջանցքում համաշխարհային ռեկորդ է գրանցվել:

«Գրանցվել է 1591 մարգագետնային մկնաբազե: Դա համաշխարհային ռեկորդ է: Շատ էին կրետակեր արծիվներն ու ուրուրները», — պատմում է Յանսենը:

Ստացված տվյալներն անհրաժեշտ են մասնագետներին թռչունների պոպուլյացիան մոնիթորինգ անելու համար: Հստակ պատկեր ունենալու համար մի քանի տարիների դիտարկումներ են անհրաժեշտ: Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում գիշատիչ թռչուններին: Աջարիայի երկնքում կարելի է տեսնել 35 անուն գիշատիչ թռչուն՝ 5 տեսակի արծիվ, բվեր, կրետակերներ, ուրուրներ, լալկան բազեներ, անգղեր:

Birdwatching-ը որպես զբոսաշրջության տարատեսակ

Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտում ասում են, որ վերջին 10 տարում թռչունների զանգվածային միգրացիային հետևելու նպատակով տարածաշրջան է եկել ավելի քան 1000 թռչնաբան, գիտնական, էկոզբոսաշրջիկ և լուսանկարիչ աշխարհի 40 երկրներից: Սախալվաշո բնակավայրում, որտեղ սովորաբար ամենաշատ հյուրերն են գալիս հետևելու չվող թռչուններին, կողմնորոշվել են՝ զգալով հեռանկարը. այսօր բնակավայրում ավելի քան 20 ընտանեկան հյուրանոց կա, և դրանց քանակն ավելանում է:

Ռուսլան Դալավերդովն այն բնակիչներից մեկն է, որն ընտանեկան հյուրանոց է բացել: 35-ամյա Ռուսլանը զբոսաշրջիկներ է ընդունում 2011թ-ից, և այդ օրվանից ձգտում է բարելավել հյուրերի կեցության պայմանները:

Սախալվաշոյում ընտանեկան հյուրանոցի տեր Ռուսլան Դալավերդովը (ձախից) և birdwatcher-հյուրերը

Ռուսլանի առաջին հյուրը բելգիացի Յոհաննեսն է եղել: Ռուսլանը հիշում է, որ սկզբում հյուրերը ձգտում էին մեկ սենյակում տեղավորվել, քիչ էին վճարում, սակայն աստիճանաբար իրավիճակը փոխվեց:

«Առաջին իսկ տարում ես հասկացա, որ պետք է ապագայի պլաններ կազմել: Վերանորոգեցի տունս, կահավորեցի: Իսկ իմ հյուրերը սկսեցին ինձ օգնել. գովազդում էին հյուրանոցը, Ֆեյսբուքում տեղադրում բնության, վրացական ուտեստների լուսանկարներ… Այն տարիներին ես մեկ հյուրից 19 լարի էի վերցնում մեկ օրվա համար՝ երեքանգամյա սնունդով, այսօր՝ 15 եվրո, սակայն հյուրերն ավելի շատ հարմարություններ են պահանջում», — ասում է Ռուսլանը:

Ասլան Բոլկվաձեն տեղացի է: Մի քանի տարի առաջ նա գնահատեց ստեղծված իրավիճակն ու վերաորակավորվեց որպես գիդ: Այսօր նա Սախալվաշո եկող էկոզբոսաշրջիկներին է դիմավորում և իր եկամտից չի բողոքում:

Ասլանն ասում է, որ դինամիկան աճում է, և ամեն տարի չվող թռչուններին տեսնելու Սախալվաշո է գալիս ավելի ու ավելի շատ մարդ, սակայն մի հանգամանք կա, որը կարող է գործի զարգացման համար խոչընդոտներ ստեղծել:


Աջարիայի վրայով ամեն տարի թռչում է թռչունների 35 տեսակ: Սա բազե է: Լուսանկարն՝ Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի

Երբ հարյուրավոր մարդիկ երկնքին են հետևում իրենց սարքերի օբյեկտիվների միջոցով, այդ ընթացքում կարելի է կրակոցների ձայներ լսել. ինչ-որ տեղ թաքնված որսորդը թռչուն է որսում:

Ապօրինի որսն ու ոչ կատարյալ օրենսդրությունը թռչունների միգրացիայի գլխավոր խոչընդոտն են, որոնք դեպի Աֆրիկա են թռչում Աջարիայի վրայով: Գիշատիչ թռչունների որսը Վրաստանում ապօրինի է: Հաճախ էկոզբոսաշրջիկներն ու մասնագետները ստիպված են լինում հանդիպել որսորդներին և բացատրել, թե ինչ կարևոր դեր են բնության մեջ խաղում գիշատիչ թռչունները:

Աջարիայում մի քանի կազմակերպություն է աշխատում, որոնք փորձում են խոչընդոտել որսին: Ալեքսանդր Ռուխայան դրանցից մեկի ղեկավարն է, նա շատ դեպքեր է հիշում, երբ որսագողության պատճառով շատ էկոզբոսաշրջիկներ չեղարկել են հյուրանոցի ամրագրումն ու այլ ծառայությունները:

«Որսագողության արդյունքում ամեն տարի 10-30 հազար թռչուն է մեռնում: Կան այնպիսի զբոսաշրջիկներ, որոնք կարող են կանգնել որսորդի կողքին և յուրօրինակ կերպով հետևել թռչուններին: Սակայն, որպես կանոն, նրանց մեծ մասն էմոցիոնալ է և բացասական վերաբերմունք ունի դրան», — ասում է Ալեքսանդրը:

Նրա «Սաբուկո» կազմակերպությունը որսի մոնիթորինգ է անցկացնում ողջ Վրաստանի տարածքում և աշխատում է թռչունների որսի դադարեցման ուղղությամբ: Կազմակերպության անդամների գործողությունների արդյունքում Սախալվաշո և Չայիսուբանի բնակավայրերում որսված թռչունների քանակը 2015թ-ին 2008թ-ի համեմատ կրճատվել է 80%-ով:


Կրետակեր: Լուսանկարն՝ Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի

Նմանատիպ ուղղությամբ՝ ապօրինի որսի կասեցմամբ է զբաղվում նաև BRC (Batumi Raptor Count) կազմակերպությունը: Դրա տնօրեն Ֆոլկերտ դը Բուրն ասում է, որ տեղի բնակչության հետ մշտական աշխատանք է տարվում. մարդկանց բացատրում են, որ էկոզբոսաշրջության աճը կմեծացնի նրանց անձնական բարեկեցությունն ու ողջ բնակավայրի բարօրությունը, սակայն եթե ապօրինի որսը շարունակվի, եթե դրա վերջը չտրվի, էկոզբոսաշրջիկների մեծ մասը կշրջանցի Աջարիան

Ֆոլկերտ դը Բուրը (ձախից) արդեն 11 տարի աշունն Աջարիայում է անցկացնում

«Չայիսուբանիում և Սախալվաշոյում գիշերող, այդտեղ փող ծախսող զբոսաշրջիկները շատ բան են փորձում անել տեղի բնակչության գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ: Տեղացիներն արդեն լիովին պատկերացնում են, որ պետք է ընտրել որսի և զբոսաշրջիկների միջև, եթե շարունակեն որս անել, զբոսաշրջիկները կդադարեն իրենց մոտ գալ, հետևաբար կկորչի եկամտի աղբյուրը: Այդ պատճառով որսի «ծավալները» զգալիորեն նվազել են», — ասում է 30-ամյա հալանդացի կենսաբան Ֆոլկերտ դը Բուրը, որը մյուսների պես Աջարիայում է անցկացնում յուրաքանչյուր աշունը:

 


Կարդալ ավելին JAMnews-ում