Ռուսաստանը՝ որպես ապրուստի միջոցի աղբյուր։ Ռեպորտաժ վրացական շրջանից, որտեղ հայեր են ապրում
Վրաստանում մի քանի հազար քաղաքացի կա, որոնք ամբողջությամբ կախված են այլ երկրից․ նրանց անձնագրերը ռուսական են, նրանք ապրուստի միջոց են վաստակում Ռուսաստանում և ծերանալուց հետո ռուսական կենսաթոշակի հույս ունեն։
Յուրաքանչյուր տարի Վրաստանի՝ հայերով բնակեցված Ջավախք լեռնային շրջանի հարյուրավոր տղամարդիկ Ռուսաստան են մեկնում՝ սեզոնային աշխատանքների։ Այժմ, երբ կորոնավիրուսի համավարակն է, նրանք միայն մեկ բան են պահաջում՝ բացել սահմանները, որպեսզի հնարավոր լինի Ռուսաստան մեկնել՝ գումար վաստակելու։
_____________________

66-ամյա Սամվել Այվազյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում։
Ամբողջ կյանքում Սամվելը Ռուսաստան է մեկնել՝ գումար աշխատելու։ Արդեն չորս տարի է՝ նա թոշակի է անցել, գրեթե դուրս չի գալիս հայրենի գյուղից, ընտանիքով հողամաս են մշակում, հիմնականում՝ կարտոֆիլ և այլ բանջարեղեն ցանում։
Սակայն գյուղական աշխանքով ընտանիք չես կերակրի, ասում է նա։ Նրա գլխավոր եկամուտը ռուսական կենսաթոշակն է՝ 17 հազար ռուբլի [մոտ $225], որն ամեն ամիս ստանում է։ Իսկ դա գրեթե 750 լարի է, որը երեք անգամ ավելին է, քան վրացականը՝ 240 լարի [մոտ $72]։
«Ռուսաստանի քաղաքացի եմ 1999 թ-ից ի վեր։ Այն ժամանակ եզակի մարդիկ ռուսական անձնագիր ունեին, այժմ՝ շատերը։ Ռուսական կենսաթոշակիս շնորհիվ՝ առանց պարտքերի ենք ապրում», – պատմում է նա։
Հազարավոր մարդիկ Ջավախքում ապրում են ռուսական անձնագրով և ռուսական փողով՝ հիմնականում այն բանի հաշվին, որ տարեկան վեց ամիս անցկացնում են Ռուսաստանում և սեզոնային աշխատանք կատարում։
Սակայն կորոնավիրուսի համավարակը փոխել է նրանց պլանները՝ շատերին ստիպելով մնալ տանը։
Ջավախքում վերջին երկու ամսում բողոքի մի քանի ակցիա է անցկացվել, որոնց ընթացքում շրջանի բնակիչներն իշխանություններից պահանջել են բացել ռուսական և հայկական սահմանները, որպեսզի սեզոնային աշխատողները կարողանան մեկնել։
«Այլապես՝ մեր ընտանիքները սովի կմատնվեն», — ասում են նրանք։
______________________________________________________________________________
● Վրաստանի Ջավախքի շրջանում պահանջում են բացել Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանները
● «Վախենում ենք աշխատանք կորցնել»․ վրացական Ախալքալաք քաղաքը կորոնավիրուսին սպասելիս
● Եթե չբացեն Ռուսաստանի հետ սահմանը, մեզ սով է սպասվում․ համավարակը Ջավախքում։ Տեսանյութ
______________________________________________________________________________
Մյուսներն, ընդհակառակը, մնացել են Ռուսաստանում և չեն կարողանում հայրենիք վերադառնալ։
«Մարտին ուղիղ մեկ տարի կլինի, ինչ Մոսկվայում եմ, վարորդ եմ աշխատում», — պատմում է Արթուր Մելքոնյանը՝ Ախալքալաքի 33-ամյա բնակիչը։
Արթուրը Ռուսաստան է մեկնել 2020 թ-ի մարտի 6-ին, իսկ արդեն մարտի կեսերից և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը սահմանները փակել են համավարակի պատճառով։
Այժմ Արթուրը կարող է հայրենիք վերադառնալ, բայց չի շտապում, քանի որ հետո արագ Ռուսաստան վերադառնալ, հավանաբար, չի կարողանա․
«Ինը հոգանոց ընտանիք ունեմ։ Եթե վերադառնամ և մնամ Վրաստանում, նրանք սովի կմատնվեն։ Հնարավոր չէ ընտանիք պահել փոքր հողամասով և երկու կովով։ Այս տարի գրեթե կես միլիոն ռուբլի եմ տուն ուղարկել։ Չեմ բողոքում, աշխատում եմ, լավ էլ վարձատրվում եմ, բայց սա կյանք չէ, բոլորից հեռու եմ, կարոտում եմ երեխաներիս, ծնողներիս», — ասում է Մելքոնյանը։
Վրաստանի հարավում գտնվող Ջավախք լեռնային շրջանում բնակչության 93 տոկոսն թնիկ հայեր են։ Նրանց մեծ մասը չի տիրապետում պետական վրացերենին և լավ ներգրավված չէ վրացական հասարակությունում։
Ինչպես ողջ Վրաստանում, այս շրջանում էլ հսկայական գործազրկություն կա։ Վիրահայերը հիմնականում կարտոֆիլ են աճեցնում, զբաղվում անասնապահությամբ և մեղվաբուծությամբ, սակայն դա չի հերիքում ընտանիք պահելուն։
Այն բանից հետո, երբ 2007 թ-ին Ախալքալաքում փակվեց ռուսական ռազմաբազան, որը մեկ ու կես հազար հայերի եկամտի աղբյուրն էր, շրջանն ընդհանրապես մնաց առանց ապրուստի միջոցի։
Միակ ելքն արտագաղթն էր։ Տեղացիներից շատերը Ռուսաստան կամ Հայաստան են մեկնել մշտական բնակության և փող են ուղարկում շրջանում մնացած հարազատներին։
______________________________________________________________________________
● 25 լուսանկար Ջավախքից, Վրաստան․ գուղեր, լճեր, թռչուններ
______________________________________________________________________________
Մեծ մասը երկու բնակավայր ունի․ կես տարին անցկացնում է Ռուսաստանում և սեզոնային աշխատանք անում, հաջորդ կես տարին՝ հայրենիքում։
Տեղի jnews պարբերականի գնահատականով՝ Ջավախքի 63 տոկոս ընտանիքներից նվազագույնը մեկ մարդ Ռուսաստան է մեկնում աշխատելու։
Տղամարդիկ, որպես կանոն, մեկնում են առանց ընտանիքների․ այդպես ավելի էժան է։ Նրանք բնակարան են վարձակալում մյուս հայերի հետ և մի քանի հոգով ապրում փոքր բնակարաններում։
Սովորաբար մեկնում են վաղ գարնանն ու վերադառնում ուշ աշնանը, այդ պատճառով էլ նրանց անվանում են սեզոնային աշխատողներ և սեզոնային ամուսիններ։
Նրանք հիմնակում զբաղվում են ֆիզիկական աշխատանքով՝ ճանապարհների, կամուրջների, շենքերի և այլնի շինարարությամբ։
Չնայած նրան, որ 36-ամյա Արտակն այլ սերնդի ներկայացուցիչ է, նրա ճակատագիրն այնքան էլ չի տարբերվում Սամվելի պատմությունիից։ Նա նույնպես վիրահայ է, Ռուսաստանի քաղաքացի, ամեն տարի Ռուսաստան է մեկնում աշխատելու և գումար հավաքում, որով էլ հետո ընտանիքն ապրում է ողջ տարին։
Իր ծերությունը նա նույնպես իրեն Սամվելի պես է պատկերացնում՝ հայրենի գյուղում, ընտանիքով շրջապատված և ռուսական կենսաթոշակի հույսով, որը հանգիստ ծերություն կապահովի։
«Ընտանիքիս բոլոր անդամները, բացառությամբ մորս, Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ռուսական քաղաքացիությունը շատ կարևոր է, որովհետև այնտեղ աշխատանք կա։ Ռուսական անձնագիրն աշխատանքիս բանալին է, որ լուծում է բոլոր ֆինանսական խնդիրներս», — ասում է նա։
Վիճակագրություն այն մասին, թե հայկական բնակչության քանի տոկոսը ռուսական անձնագիր ունի, չկա, սակայն, կարելի է ասել, որ այդ թիվը հազարների է հասնում, այլ ոչ թե՝ հարյուրներով չափվում։
Այստեղի բնակիչների մեծ մասը ռուսական անձնագիր է ստացել դեռևս նախորդ դարի 90-ական թվականներին, երբ Ախալքալաքում էր տեղակայված ռուսական 62-րդ կայազորային ռազմաբազան։ Դրա ողջ ռազմական անձնակազմը, որում հազարից ավելին տեղի հայեր էին, պարտավոր էր ռուսական քաղաքացիություն ընդունել։
90-ականներին և դրանից հետո Ախալքալաքում նույնպես դիլերներ հայտնվեցին, որոնք ռուսական (հայկական) անձնագրեր էին վաճառում նրանց համար, ովքեր ուզում էին Ռուսաստանում աշխատել։
Այսօր ռուսական անձնագրեր են ստանում նրանք, որոնց հարազատները՝ ծնողները, տղան, աղջիկը, եղբայրը կամ քույրը, Ռուսաստանի քաղաքացիներ են։ Իսկ այդպիսիք ջավախահայերի մեջ քիչ չեն։
Այն բանից հետո, երբ 2007 թ-ին Հայաստանն օրենք ընդունեց, որը հայկական ծագում ունեցող օտարերկրյա քաղաքացիներին թույլ է տալիս կրկնակի քաղաքացիություն ունենալ, ջավախահայերը սկսեցին Երևան մեկնել՝ հայկական անձնագիր ստանալու․ դրանով շատ ավելի հարմար էր Ռուսաստան մեկնել (Վրաստանի քաղաքացիներին վիզա է պետք Ռուսաստան մեկնելու համար)։
Արդյունքում՝ մի իրավիճակ ստեղծվեց, որ տեղացիներից շատերն այսօր երկու անձնագիր ունեն՝ վրացական և ռուսական կամ հայկական։
Շատերը թաքցնում են իրենց երկրորդ անձնագիրը՝ հստակ իմանալով, թե որ մաքսակետում՝ որը ցույց տալ։ Իսկ ոմանք կորցրել են վրացական քաղաքացիությունը, քանի որ, ըստ վրացական օրենսդրության, այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձն ինքնաբերաբար կորցնում է վրացականն ու պետք է այն կրկին ձեռք բերի։
Ժամանակ առ ժամանակ ռուսական անձնագրերով ջավախահայերի թեման բարձրացվում է Վրաստանի քաղաքական և մեդիաօրակարգում՝ հատկապես Օգոստոսյան պատերազմից, ինչպես նաև 2014 թ-ից հետո, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը։
Քննարկում էր կատարվում այն մասին, որ Ռուսաստանը կարող է օգտվել այդ առիթից՝ Ջավախք ներխուժելու համար, եթե հաշվի առնենք, որ Հարավային Օսիա Ռուսաստանի ներխուժման արդարացումն իբր իր քաղաքացիների պաշտպանությունն էր։
Տեղի բնակչությունը վստահեցնում է, որ շրջանում ռուսական անձնագրեր են ստանում ոչ թե լավ կյանքից դրդված, այլ՝ ապրուստի միջոց ունենալու համար․ հեշտ է Ռուսաստան մեկնելն ու աշխատելը, կենսաթոշակ ստանալը և այլն։
«Ի՞նչ կարող եմ ասել։ Մենք սիրում ենք մեր երկիրը, հաճույքով մեր տանը ճանապարհներ կսարքեինք, ոչ թե Ռուսաստանում, բայց տեղում ոչ մի աշխատանք չկա։ Այս տարի բոլորը մշակել են իրենց հողերը, հողի չմշակված ոչ մի հատված չի մնացել։ Եվ ի՞նչ։ Գյուղմթերքը ոչ մի արժեք չունի, դրանով չես ապրի», — ասում է Սամվել Այվազյանը։
Սակայն վերջերս այն պատճառով, որ վրացական քաղաքացիություն չկա, ամեն ինչ ավելի է դժվարանում, ասում են տեղացի բնակիչները։
Շատ են հողի, սեփականության գրանցման խնդիրները․ Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների համար այս հարցում սահմանափակումներ կան։
Իսկ «ամենաթարմ» խնդիրը կապված է համավարակի հետ․ Վրաստանում կորոնավիրուսի բուժումն անվճար է միայն Վրաստանի քաղաքացիների համար։ Մնացած բոլորն, այդ թվում Ջավախքի բնակիչները, որոնք Վրաստանի քաղաքացի չեն, պետք է վճարեն դրա համար։
Սամվելը պատմում է, որ դեկտեմբերին կորոնավիրուս է ընկել, և ասում է, որ այսքան տարվա մեջ առաջին անգամ է անհարմարություն զգացել վրացական քաղաքացիության բացակայության առնչությամբ․
«Ծանր ընթացք ունեցավ հիվանդությունը, հիվանդանոց ընկա, պարզվեց, որ քանի որ այլ երկրի քաքացի եմ, ինձ անվճար չեն բուժելու։ Ստիպված եղա օրական 600 լարի [մոտ $180] վճարել հիվանդանոցին։ Շատերը հիմա խնդիր ունեն՝ քաղաքացիության հետ կապված»։