Պետությունը պետք է ինչ-որ բան անի՞, որ իրեն սիրեն, թե՞ նրան սիրելը ձեր պարտականությունն է, իսկ նա ձեզ ոչինչ պարտք չէ՞" />

Օրգազմը հայրենասիրություն է առաջացնում: Թե՞ ընդհակառակը

Պետությունը պետք է ինչ-որ բան անի՞, որ իրեն սիրեն, թե՞ նրան սիրելը ձեր պարտականությունն է, իսկ նա ձեզ ոչինչ պարտք չէ՞

Այս գրառումը կարելի էր հրապարակել երկու օր առաջ, երբ ադրբեջանցի անդրոլոգ Ռաուֆ Ռզաևն աշխարհին հայտնեց կանանց հեշտանքի նոր ու հեքիաթային հատկությունների մասին: Սակայն ցանկություն առաջացավ ավելի լավ մարսել այդ տեղեկատվությունը:

Բոլոր նրանց համար, ովքեր դեռ չգիտեն. oxu.az կայքում հրապարակված սենսացիոն բացահայտումն այսպես էր հնչում. «Այսինքն, նորմալ կինը պետք է սեռական կապի մեջ մտնի և օրգազմ ստանա: Օրգազմ ստացող կինը շատ բարեհոգի է դառնում: Այդպիսի կինը կսիրի ամուսնուն և իր հայրենիքը»:

Սոցցանցերում փորձեցին կատակել այս թեմայով, սակայն դժվար էր ինչ-որ բան ավելացնել: Օրգազմի մասին մի փոքր խոսեցին չեզոք համատեքստում կամ այլ երկրի տարածքում, և, ինչպես ասում են, ցրվեցին:

Սակայն եթե մտածենք, չէ՞ որ սա անառողջ տենդենց է: Ձեզ չի՞ վախեցնում սեռական ակտին հայրենիքի մասնակցության նման գաղափարը: Հայրենասիրությունը, որը զգուշությամբ քաղաքացիների վերմակի տակ է մտնում. չէ՞ որ մենք դա արդեն անցել ենք Խորհրդային Միությունում: Եվ ոչ մի լավ բանով դա չավարտվեց:

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչը պետք է հայրենիքի հանդեպ սեր առաջացնի: Հարցրեք հայրենասերներին: Նրանք կպատասխանեն. չե՞ս ամաչում: Հայրենիքի հանդեպ սերը պետք է մորդ կաթի հետ փոխանցվեր: Կամ էլ ծնողներդ պետք է այն դաստիարակեին քո մեջ:

Թերևս կարելի է ծնվել և մեծանալ տան, ընտանիքի, փողոցի, պատուհանից երևացող ծովի հանդեպ սիրով: Սակայն ի՞նչ է հայրենիքը. քաղա՞ք, աշխարհագրական սահմաննե՞ր, զինանշա՞ն, դրո՞շ, կրո՞ն, լեզո՞ւ, մշակո՞ւյթ, ավանդույթնե՞ր: Այս ամենից ի՞նչն եք սիրում, իսկ ինչը՝ ոչ: Որքա՞ն անկեղծ:

Իսկ ի՞նչ է սերը: Արտասվել, երբ հավաքականը պարտվում է, դա՞ է սերը: Թե՞ ներբողները գրելը: Թե՞ այլ երկրներն ատելը:

Ի՞նչ եք կարծում, պետությունը նույնպե՞ս պետք է սիրել: Սիրո՞ւմ եք հարկերի նախարարությունը: Իսկ կրթության նախարարությո՞ւնը: Իսկ նախագահի աշխատակա՞զմը: Պետությունը պետք է ինչ-որ բան անի՞, որ իրեն սիրեն, թե՞ նրան սիրելը ձեր պարտականությունն է, իսկ նա ձեզ ոչինչ պարտք չէ՞:

Իսկ երկի՞րը, մարդի՞կ: Արդյո՞ք նրանք պետք է զանգվածաբար բարի, ազնիվ, կոկիկ և հյուրասեր լինեն, որ դուք հպարտությամբ ասեք «Ես սիրում եմ իմ ժողովուրդը», թե՞ ժողովրդին էլ եք պարտք: Նրա՞ն էլ սիրել միայն նրա համար, որ քոնն է:

Ես կարծում եմ, որ խնդիրն այս հարցերի պատասխանները չեն: Խնդիրները սկսվում են, երբ մարդիկ, առաջին հերթին, ոչ մի հարց չեն տալիս, քանի որ հստակ գիտեն, թե ինչ և ում է պետք և չի կարելի սիրել; երկրորդ հերթին, երբ այդ մարդիկ գիտեն, թե ում և ինչպես պետք է սիրես դու: Եվ սկսում են պատմել քեզ այդ մասին:

Երբ այդպիսի մարդիկ իշխանության են գալիս, իրականանում են ամենասարսափելի հակաուտոպիաները:

Դե, իսկ մինչ այդ, ադրբեջանցի հայրենասերներին ոչ հայրենասերների հետ վեճերում նոր փաստարկ են հուշել. ինչպե՞ս, չե՞ս սիրում հայրենիքդ: Որքա՞ն ժամանակ է՝ սեքս չես ունեցել:

Հրապարակվել է 17.01.2017


Կարդալ ավելին JAMnews-ում