Քննադատությունը հնչել է նաև ցանկի մեջ ընդգրկված մարզիկի կողմից" />

Հայաստանի 2017թ.-ի լավագույն 10 մարզիկների անվանացանկը դժգոհություն է առաջացրել

Քննադատությունը հնչել է նաև ցանկի մեջ ընդգրկված մարզիկի կողմից

Հրապարակվել է 2017թ.-ի Հայաստանի լավագույն մարզիկների ցուցակը: 10 լավագույններն ընտրվել են մարզասերների SMS քվեարկության և մարզական լրագրողների քվեարկության արդյունքներով:

Հաղթողների կազմը հետևյալն է.

  • Հենրիխ Մխիթարյան՝ ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան
  • Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն
  • Լևոն Արոնյան՝ միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր
  • Գրիգոր Մխիթարյան՝ սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն
  • Մաքսիմ Մանուկյան՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն
  • Հովհաննես Բաչկով՝ բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
  • Սիմոն Մարտիրոսյան՝ ծանրամարտիկ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
  • Էդգար Ստեփանյան՝ հեծանվավազքի Հայաստանի հավաքականի անդամ
  • Արթուր Թովմասյան՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ
  • Տիգրան Կիրակոսյան՝ Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 4 անգամ հաղթել է աշխարհի գավաթի խաղարկությունում, 3 անգամ՝ Եվրոպայի և 1 անգամ՝ աշխարհի առաջնությունում:

Որպես պարգև մարզիկները ստացել են խորհրդանշական արձանիկ և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա:

Սակայն, ոչ բոլոր մարզիկներն ու մարզասերներն են համաձայն տարվա 10 լավագույնների անվանացանկի հետ: Շատերը կարծում են, որ կան արժանի մարզիկներ, որոնք ընդգրկված չեն ցուցակում:

Դժգոհություն արտահայտողներից մեկը ցուցակում ընդգրկված հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է: Նրա հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել մարզական աշխարհում: Սա առաջին դեպքն է, երբ լավագույնների ցուցակում ընդգրկված մարզիկը հրապարակային քննադատում է այն:

«Ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Այս տարի ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից: Կարծում եմ՝ սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել: Երևի թե սխալ են կազմակերպել քվեարկությունը: Ինչպես կարող է աշխարհի մրցանակակիրը դուրս մնալ լավագույն տասնյակի ցանկից: Թող տպավորություն չստեղծվի, թե ինձ վրա ազդել է լավագույն տասնյակի առաջին տեղում չլինելը, ուղղակի ես համաձայն չեմ քվեարկության արդյունքների հետ»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

«Տարվա 10 լավագույն մարզիկների» անվանացանկը քննադատել է նաև Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը, ով ևս հունահռոմեական ոճի ըմբիշ է: Նա ասել է, որ մասնավորապես ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, չպետք է ընդգրկվեր Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում:

«Ես շատ հարգում եմ Հենրիկ Մխիթարյանին։ Նա, անկասկած, Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց իր երկրի համար ոչինչ չի նվաճել, որ արժանանար լավագույն տասնյակում գտնվելուն։ Այն, որ նա ճանաչում է բերել մեր երկրին, չի նշանակում, որ պետք է հայտնվեր Հայաստանի 10 լավագուն մարզիկների ցանկում»,- ասել է մարզիկը:

Facebook Comments

Առավել կարդացված

Կարդալ ավելին JAMnews-ում