Հարյուր տարի առաջ կնքած Կարսի պայմանագիրը բաժանել է եղբայրների, քույրերի, ծնողների և երեխաների: Նրանք հայտնվել են վրաց-թուրքական սահմանի տարբեր կողմերում " />

70 տարի չէր կարելի անգամ նայել այդ կողմ. բնակավայր, որը բաժանվել է Կարսի պայմանագրով

Հարյուր տարի առաջ կնքած Կարսի պայմանագիրը բաժանել է եղբայրների, քույրերի, ծնողների և երեխաների: Նրանք հայտնվել են վրաց-թուրքական սահմանի տարբեր կողմերում

Չորս տարի հետո կլրանա հարյուր տարի այն օրից, երբ 1921թ-ի հոկտեմբերի 13-ին Կարս քաղաքում վալիի (կառավարչի) կեցավայրում փաստաթուղթ ստորագրվելց, ինչի արդյունքում Խորհրդային Միության և Թուրքիայի միջև նոր սահմաններ գծվեցին:

Այդ պայմանագրի համաձայն՝ Թուրքիան Խորհրդային Միությանն է փոխանցել Աչարան՝ իր խոշորագույն Բաթում քաղաքով, իսկ փոխարենը Խորհրդային Միությունից ստացել է Կարսը, Արդվինն ու Արդահանը:

Դա տեղի է ունեցել Վրաստանի օկուպացիայից հետո, երբ այնտեղ էր արդեն Կարմիր բանակը. Վրաստանի ժողովրդավարական կառավարությունն արտաքսման մեջ հայտնվեց, իսկ երկրում օկուպացիոն ռեժիմ հաստատվեց:

Կարսի համաձայանգիրը կնքելուց հետո Մաճախելա կիրճը երկու մասի բաժանվեց. կիրճի վերին հատվածը 6 բնակավայրերով (շրջկենտրոնը՝ քաղաք Բորչխա) անցավ Թուրքիային, իսկ ներքին հատվածը՝ Վրաստանին:

Խորհրդային ժամանակաշրջանում այդ տարածքը մի կետ էր դարձել, որտեղ հավաքվում էին սոցիալիստական և կապիտալիստական աշխարհները և լրիվ օրինաչափ կերպով գտնվում էին խիստ վերահսկողության տակ: Սահմանապահներից և տեղի բնակիչներից բացի, որոնք հատուկ անցագրեր ունեին, ոչ ոք չէր կարող մուտք գործել այս տարածք: Սահմանը բաժանեց ընտանիքներ, ընդմիշտ միմյանցից հեռացրեց եղբայրների, քույրերի, ծնողների, երեխաների, ազգականների:

Լրագրող Նաթիա Թավդգիրիձեն եղել է Մաճախելա կիրճի վրացական և թուրքական գյուղերում և բազում հետաքրքիր պատմություններ լսել:

Քվեմո (Ներքին) Մաճախելա՝ Վրաստան

Քվեմո Մաճախելա կիրճը

Քվեմո Մաճախելա կիրճը ծովի մակերևույթից 600մ բարձրության վրա է և մտնում է Խելվաճաուրիի շրջանի կազմի մեջ: Այստեղ ավելի քան 10 բնակավայր կա, որոնցում՝ 722 տնային տնտեսություն: Գրեթե բոլոր ընտանիքները հազիվ են ծայրը ծայրին հասցնում՝ զբաղվելով անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

Դավիթ Կախիձե, 78 տարեկան.

«Այս տունը թերևս հարյուր հիսուն տարեկան է: Այստեղ 4 սերունդ է մեծացել: Այն դեռ պապս է կառուցել: Իսկ շինանյութը մորս օժիտն է: Պատի լուսանկարում մայրս է: Ամուսնությունից առաջ նա հարևան գյուղում էր ապրում: Ունևոր ընտանիքից էր: Նոր տան շինարարության համար անհրաժեշտ ամեն ինչ այդ գյուղից են ուղարկել:

Ավանդական տուն Մաճախելա կիրճում՝ մեծ պատշգամբով

Ռուս-թուրքական պատերազմն իմ ընտանիքին շատ տանջանքներ է բերել: Հարյուր տարի առաջ Մաճախելա կիրճը հսկայական էր: Ժանդարմներն ու սահմանը շփման համար խոչընդոտներ չէին ստեղծում: Իսկ ռուս-թուրքական պատերազմից հետո սահմանը փակեցին: Երբ պատերազմն ավարտվեց, ռուսական բանակը կանգնած էր Աչարիցկալիում, իսկ թուրքական զորքերը՝ Բորչխայում: Նրանց միջև տարածքն ազատ էր, և այն հետո կիսեցին: Այդ ամենը Կարսի պայմանագիրը բերեց:

Երբ սահմանը գծում էին, մորս հարցրին՝ այստեղ է մնալու, թե իր տնեցիների մոտ կգնա: Ի՞նչ կարող էր նա անել: Մյուս կողմում ծնողներն էին, եղբայրները, քույրերը: Բայց մի՞թե նա կարող էր հինգ երեխաներին թողնել: Իսկ հետո սահմանն ամուր փակեցին: Մայրս այդպես էլ մահացավ՝ առանց տեսնելու իր մոտ ազգականներին:

Մաճախելայի թուրքական հատվածում վրացական ավանդույթները մինչ օրս մոռացված չեն: Տներն էլ են նույն կերպ կառուցում, ինչպես վրացական հատվածում: Այնտեղ էլ բնակչությունն ապրում է անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

Որքան ծերանում եմ, այնքան ավելի շատ է ձգում դեպի մորս հարազատ վայրերը: Իմ տան պատշգամբից երևում են այնտեղի սարերը: Ազգականներիս շատ հազվադեպ եմ տեսնում: Այնտեղ, իհարկե, կարելի է հասնել, սակայն պետք է Սարփիի մաքսակետով հատել սահմանը, հետո էլի մի քանի ժամ ճանապարհ անցնել՝ փոխելով տրանսպորտը: Տանջանք է, շատ էլ փող ես ծախսում: Իսկ եթե մեզ մոտ սահմանը բաց լիներ, այստեղից ընդամենը կես ժամվա ճանապարհ է:

Այս սարերի հետևում Մաճախելա կիրճի թուրքական գյուղերն են

Նրանք ավելի հաճախ են մեզ մոտ տեղափոխվում. ձմռանը նրանց գյուղերը մնացած Թուրքիայից կտրվում են, այդ պատճառով էլ ծանր հիվանդներին բերում են մեր հիվանդանոցներ: Նրանց իրավունք են տվել կարճ ճանապարհից օգտվել, մեզ՝ ոչ: Երևի որովհետև Թուրքիայի իշխանություննները մերից լավն են»:

Ֆադիմե Կիրկիտաձե, 102 տարեկան.

«Ինձ շատ երիտասարդ ամուսնացրին՝ առանց որևէ բան հարցնելու: Այն ժամանակ այդպիսի կարգեր էին: Ես ու ամուսինս տուն էլ ենք կառուցել, թեև մեծ տանջանքով, և երեխաներին ենք մեծացրել, ոտքի կանգնեցրել: Ես ինստիտուտում չեմ սովորել. պատերազմ էր, սակայն երեխաներս ու թոռներս բարձրագույն կրթություն ունեն: Իմ բոլոր ազգականները մնացին սահմանից այնկողմ, երբ այն փակեցին: Սկզբում համագյուղացիները գաղտնի միմյանց հյուր էին գնում մեկ հոգանոց նեղ արահետով: Գյուղերն այնքան մոտ էին, որ կերակուրով կեցին (կավե աման) ածուխի վրա էին դնում, հասցնում էին հյուր գնալ և հետ վերադառնալ, իսկ կերակուրը նորմալ չէր հասցնում տաքանալ:

Ֆադիմե Կիրկիտաձե՝ գյուղի հնաբնակը: Նա մյուսներից ավելի լավ է հիշում, թե ինչպես էին կիսում Մաճախելա կիրճը

1936թ-ին գյուղում ժանդարմներ (այնուամենայնիվ, երևի միլիցիա) հայտնվեցին և փակեցին սահմանը: Այնկողմ նույնիսկ նայել արգելեցին: Եվ ռուսները, և թուրքերը շատ խիստ հետևում էին դրան:

Որպեսզի գոնե տեղեկություն ունենանք միմյանցից, թե ում է դժբախտություն պատահել, ում՝ երջանկություն, գաղտնի նամակներ էինք գրում: Հատկապես ակտիվ էին կանայք: Գրում էին գաղտնալեզվով, որը հորինվել էր նախապապերի կողմից: Դա վրացական գրի հազվագյուտ տարատեսակ է: Նամակը կարդալուն պես այրում էին այն, այդ պատճառով էլ այսօր ոչինչ չի պահպանվել:

Ես շատ ազգականներ ունեմ Խերթվիսիում, Արտվինիում: Շատ արցունք թափեցինք, երբ մեզ բաժանում էին: Հիշում եմ, որ նամակներից մեկում բանաստեղծություն էի գրել. «Թռի՛ր, սև ծիծեռնակ, թռի՛ր Սամսունի մոտ, տանջված եղբորից նամակ բեր»:

 

Ռոյին Մալաքմաձե, պատմաբան, ազգաբան.

«Մինչև 1980-ականներն, ինչպես ասում են հնաբնակները, այն ուղղությամբ արված ժեստն անգամ անթույլատրելի էր: 70 տարի ապրել ենք իջեցված երկաթյա վարագույրով ինչպես խորհրդային, այնպես էլ թուրքական կողմից: 1988թ-ին  Զեմո (Վերին) Մաճախելայից մեզ մոտ բերեցին հիվանդ տարեց մի կնոջ: Այդ տարի շատ ձյուն էր դրել, և նրան որևէ խոշոր թուրքական քաղաքի հիվանդանոց տանել չէին կարող, այդ պատճառով էլ օգտվեցին մեր ճանապարհից: Դա շատ վառ իրադարձություն էր մեր գյուղի կյանքում:

Մաճախելան՝ Ռոյին Մալաքմաձեի հարազատ վայրը: Նա ուսումնասիրում է երկրամասի պատմությունը

Այնուհետև մեր կողմից այնտեղ տեղափոխվեց հարյուրամյա մի կին: Նա ծնունդով Բորչխայից էր, ամուսնացել էր և 70 տարի ազգականներին չէր տեսել: Այդպես քիչ-քիչ հարաբերությունները ջերմացան»:

Զեմո (Վերին) Մաճախելա՝ Թուրքիա

Զեմո Մաճախելայի կանայք հանգստանում են մարգագետնում

Սարփիի հսկիչ անցակետում մեծ հերթ է: Այն անցնելուց հետո ևս 4 ժամ կպահանջվի Զեմո Մաճախելա բնակավայր հասնելու համար:

Բնակավայրի կենտրոնում մզկիթ է: Մուտքի մոտ 3 լեզվով գրառում կա՝ թուրքերեն, անգլերեն և վրացերեն: Գրված է, որ մզկիթը մոտ 100 տարի առաջ կառուցել է լազ մի վարպետ (լազերը վրացի ազգություն են, ապրում են գլխավորապես Թուրքիայում):

Զեմո Մաճախելան շատ է հիշեցնում վրացական կողմը՝ նույնպիսի տներ, նույնպիսի դարպասներ:

Այն գտնվում է ծովի մակերևույթից 400-1200մ բարձրության վրա և պատկանում է Արդվինի վիլայեթի Բորչխա շրջանին: Դրա կազմում 6 բնակավայր կա: Այստեղ հիմնականում վրացիներ են ապրում: Ձմեռն այստեղ խստաշունչ է. եթե առատ ձյուն է տեղում, գյուղերի կապն արտաքին աշխարհի հետ կտրվում է: Այդ պատճառով էլ ձմռանն այստեղ գրեթե դատարկ է: Տեղի բնակիչներն աշխատանք գտնելու համար ցրվում են Թուրքիայի տարբեր քաղաքներով, սակայն ամռանը հավաքվում են հարազատ բնակավայրում:

Աշխարհագրական խիստ պայմանները որոշակի առումով մեկուսացրել են Զեմո Մաճախելան Թուրքիայի մյուս հատավծներից, ինչի պատճառով այստեղ, ի տարբերություն Թուրքիայում վրացիների բնակության այլ վայրերի, վրացերենը շատ ավելի լավ է պահպանվել: Տեղացիները հիանալի պահպանել են ոչ միան վրացերենն, այլ նաև ավանդույթները, կենսակերպը, ֆոլկլորը և այլն: Անգամ երիտասարդությունը և նույնիսկ երեխաներն են տիրապետում վրացերենին:

Մևլուդ Օզայիդինը միակն է, որը կլոր տարի, առանց դուրս գալու, ապրում է գյուղում: Ճերմակամորուս և ալեհեր, միջին կազմվածքի տարեց տղամարդը հրավիրում է տուն:

«Ողջունում եմ հյուրերին», — ասում է նրա կինը, որը բակում վառարան է վառում հաց թխելու համար:

Տան մուտքի մոտ տանտերերը խնդրում են կոշիկները հանել: Տանտիկինն ավանդական թեյ է հյուրասիրում:

Մևլուդ Օզայիդին (Թևթիձե), 75 տարեկան.

«Իմ երեխաները Ստամբուլում են ապրում, իսկ ես նախնիներիս գերեզմանները չեմ կարող թողնել: Մայրս Աբաշիձեների ցեղից էր Ցխեմլանա գյուղից: Երբ սահմանը փակեցին, մայրս արդեն նշանված էր հորս հետ: Սահմանապահները նրան այսկողմ չթողեցին: Հայրս ստիպված էր փախցնել նրան՝ իր իսկ հարսնացուին:

Ամուսնանալուց հետո նա այդպես էլ ոչ մի անգամ իր ծնողներին չտեսավ: 1987թ-ին մահացավ, իսկ մինչ այդ արտասուքն աչքերին հարազատներին էր հիշում: Մեկ տարի չդիմացավ. 1988թ-ին սահմանը Սարփիի հատվածում բացեցին: Չապրեց մինչև այդ օրը:

Բաթումիում 4 մորաքույր ունեի: Նրանց երեխաների տուն հաճախ եմ մեկնում: Քվեմո Մաճախելա ազգականներիս տեսնելու առաջին անգամ գնացել եմ 1996թ-ին: Շատ ջերմ դիմավորեցին: Մեկ ամիս նրանց մոտ հյուր էի:

Վրացական ավանդույթներն ու մշակույթը մինչ այսօր պահպանվել է Զեմո Մաճախելայում

Երազում եմ այն մասին, որ սահմանը վերջնականապես բացվի, և երեխաներս ու թոռներս հանգիստ հանդիպեն ազգականներին, նրանք գան մեզ մոտ: Առանց նման սերտ շփման կարող ենք լեզուն էլ կորցնել: Առանց այդ էլ, վրացերեն միայն տանն ենք խոսում: Այն էլ՝ ավագ սերունդը միայն: Երեխաներս վրացերեն հասկանում են, բայց լավ չեն խոսում, չէ՞ որ այստեղի դպրոցներում վրացերենի դասեր չկան:

Իբրահիմ Կայիա (Վասաձե), 24 տարեկան.

«Ամեն օր այս ճանապարհով դպրոց էի գնում: Այնտեղ, որտեղ Էֆրաթե մզկիթն է, մանկությանս տարիներին կիսավեր եկեղեցի էր: Լավ եմ հիշում՝ պահմտոցի էինք խաղում: Հայրս պատմում էր, որ եկեղեցին ժամանակին շատ գեղեցիկ էր, նրա տատն ու պապը գաղտնի այնտեղ մոմ էին վառում: Իսկ ավելի ուշ եկեղեցու քարերից մզկիթ կառուցեցին, և այժմ ամեն ուրբաթ այնտեղ հավատացյալ մուսուլմաններն են հավաքվում: Ես ընկերներիս հետ Բաթումիում հազվադեպ եմ լինում: Մեծերն ավելի հաճախ են մեկնում: Մենք թերացանք մեր արմատների պահպանման հարցում։ Թեև մանկուց գիտեմ իմ ծագման մասին, հասկանում եմ վրացերեն, սակայն չեմ խոսում»:

Թամիլա Լոմթաթիձե, ազգաբան.

Մաճախելա կիրճում մինչև հիմա պահպանվել են վրացական հին ավանդույթները, կենսակերպի տարրերն ու որոշ տոներ: Այստեղ այնպիսի ծեսեր են պահպանվել, որոնք պատմական հայրենիքում էլ չես հանդիպի՝ Խիդիրելեզին, Ախոթոբան, Մարիոբան, Շուամթոբան: Դա սովորական երևույթ է օտար շրջապատում, երբ նրանց արգելվել է ապրել քրիստոնեական ավանդույթներով, սեփական ինքնության պահպանման համար այդ ժողովրդի մոտ սկսել է աշխատել ինքնապաշտպանության մեխանիզմը, և նրանք հիշել են հին կարգերն ու կանոնները:

Օթար Գոգոլաշվիլի, պատմաբան.

1990-ականներին, երբ Վրաստանը վերականգնել է անկախությունը, Վրաստանի իշխանությունները չեղարկել են շատ հին համաձայնագրեր և հանձնել են դրանք պատմության արխիվ, թեև Կարսի պայմանագրին ձեռք չեն տվել. Թուրքիան դեմ է հանդես եկել:

1992թ-ի հուլիսի 30-ին Վրաստանի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Շևարդնաձեն և Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը Կարսի պայմանագրի հիման վրա նոր համաձայանգիր են ձևակերպել և փաստացի անժամկետ երկարաձգել են Կարսի պայմանագրի գործողությունը:

Զազա Շաշիկաձե, պատմաբան, Թուրքիայի պատմության մասնագետ.

Կարսի պայմանագիրը կնքվել է 100 տարի ժամկետով, և դրա ժամկետն ավարտվում է 4 տարուց՝ 2021թ-ին: Այդ կապակցությամբ հաճախակի են դարձել քաղաքական շահարկումները, թեև ժամկետի լրանալը չի նշանակում վերադարձ դեպի այն կետը, որը եղել է պայմանագրի ստորագրումից առաջ: Առաջին հերթին, միջազգային իրավագիտության տեսանկյունից այդ պայմանագիրն ուժ չունի, քանի որ այն երկրնները, որոնք 1921թ-ին կնքել են Կարսի պայմանագիրն, այսօրվա դրությամբ դադարել են գոյություն ունենալ:

Երկրորդ հերթին, Վրաստանի և Թուրքիայի միջև 1992թ-ի հուլիսի 30-ի համաձայնագիր գոյություն ունի, որում ասվում է, որ կողմերը ճանաչում են Կարսի պայմանագրում ամրագրված սահմանները: Այդ պայմանագիրն ավելի բարձր իրավաբանական մակարդակ ունի, քան Կարսի պայմանագիրը:


Կարդալ ավելին JAMnews-ում