Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երկու օր առաջ Քվեմո Քարթլիում, որը բնակեցված է հիմնականում ադրբեջանցիներով, արյունալի միջադեպեր են սկսվել" />

5 մարդ է վիրավորվել Վրաստանում քաղաքական կուսակցության շտաբի վրա հարձակման արդյունքում

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երկու օր առաջ Քվեմո Քարթլիում, որը բնակեցված է հիմնականում ադրբեջանցիներով, արյունալի միջադեպեր են սկսվել

Հոկտեմբերի 19-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երկու օր առաջ Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիզիլաջլո գյուղում անհայտ անձինք հարձակվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության շտաբի վրա և կրակ բացել:

Տուժել է 5 մարդ, նրանցից երկուսի դրությունը ծանր է: Նրանց Մառնեուլիի «Ջեո-հոսփիթալի» վերակենդանացման բաժանմունքում միացրել են արհեստական շնչառության ապարատին: Պատասխանն այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել «Վրացական երազանքի» շտաբի մոտ, պետք է տա ներքին գործերի նախարարությունը:

Տուժածների հարազատները խուսափում են լրագրողների հետ շփումներից: Հակիրճ մեկնաբանություններում նրանք ընդգծում են, որ ոչինչ չգիտեն այն մասին, թե ովքեր են հարձակվողները կամ ինչ շարժառիթներ են ունեցել: Ներքին գործերի նախարարությունը կատարվածի փաստով գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով (ծանր վնասվածքներ հասցնելը): Սակայն դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանում իրավիճակը:

Դեպքի վայրում երեկ ուշ երեկոյան եղել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին և խորհրդարանի պատգամավոր Արչիլ Թալաքվաձեն: «Ջեո-հոսփիթալի» տարածքում են հավաքվել «Վրացական երազանքի» կողմնակիցները, մոբիլիզացվել է պարեկային ոստիկանությունը:

ՆԳՆ ղեկավար Գիորգի Մգեբրիշվիլին կոչ է արել մինչև քննչական միջոցառումների ավարտը զերծ մնալ նախնական վարկածներ առաջ քաշելուց հարցի չափազանց քաղաքականացումից խուսափելու համար:

Սակայն այն փաստը, որ ընտրություններից երկու օր առաջ իշխող կուսակցության գրասենյակի մոտ կրակել են, արդեն քաղաքական հայտարարությունների առիթ է դարձել:

Մառնեուլիի ընդդիմության ներկայացուցիչները համառորեն պնդում են, որ դա տարբեր քաղաքական ուժերի միջև հարցերի պարզում է եղել:

Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու Ահմեդ Իմամկուլիևը «Եվրոպական Վրաստանից» պնդում է, որ հրաձգությունը ներկուսակցական վեճերի հետևանք է:

«Ի սկզբանե «Վրացական երազանքից» քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել Ամիրան Գիորգաձեն, իսկ երկու ամիս անց նրան փոխարինել են Թեմուր Աբազովով: Մառնեուլիում «Վրացական երազանքը» երեք մասի է բաժանվել՝ Գիորգաձեի կողմնակիցների, Աբազովի կողմնակիցների և այն պատգամավորների, որոնք արդեն կորցրել են բնակչության վստահությունը: Թեկնածուին փոխարինելն, ըստ շրջանառվող լուրերի վրա հիմնված մեր տեղեկատվության, կուսակցության երեք թևերի միջև դիմակայություն է առաջացրել: Մեր տեղեկատվության համաձայն՝ «Վրացական երազանքի» շտաբում պարբերաբար վեճեր են առաջանում, որոնք կոշտ դիմակայության են վերածվում: Որքան մեզ հայտնի է, միմյանց դիմակայող կողմերը «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում են»,- հայտարարել է Իմամկուլիևը:

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային շարժման» թեկնածու Ազեր Սուլեյմանովը նույն կարծիքին է:

«Մառնեուլի են վերադարձել 90-ականները, ժողովուրդը վազվզում է ինքնաձիգներով, ոչնչից չեն խորշում: Կրակոցներն ու նման քրեական փաստերը Մառնեուլին Աֆղանստանին նման են դարձնում նրանով, որ յուրաքանչյուր ընտրություններից առաջ արտասովոր մի բան է տեղի ունենում: Տեղի ունեցածի վերաբերյալ իմ ամբողջ տեղեկատվությունն ասեկոսեների վրա է հիմնված, սակայն քաղաքական շարժառիթները ես որոշակի չափով բացառում եմ», — հայտարարել է Սուլեյմանովը:

Մառնեուլիի մունիցիպալիտետը գտնվում է Քվեմո Քարթլի շրջանում: Մառնեուլիի բնակչության 83%-ն էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք Վրաստանի քաղաքացիներ են:


Կարդալ ավելին JAMnews-ում