Փախստականների համար ժամանակը կանգ է առել «Նաիրի» հյուրանոցում " />

30 տարվա անորոշություն

Փախստականների համար ժամանակը կանգ է առել «Նաիրի» հյուրանոցում

«Նաիրի» հյուրանոցի փախստականների սենյակներում նույն պատկերն է

«Նաիրի» հյուրանոցի 101  սենյակը լցված է կարի մեքենայի աղմուկով: 30-ամյա Լաուրա Անանյանը մի կողմից կար է անում, մյուս կողմից վազում լոգարանում եփող ճաշն անջատելու

12 քմ մակերես ունեցող սենյակը կարի արհեստանոց է, ճաշասենյակ, հյուրասենյակ, ննջարան և միջանցք:  

«Լոգարանը խոհանոց եմ սարքել, երկուսը մեկում անելով, թե չէ ճաշերի հոտերը կդիպչեն հաճախորդների զգեստներին,  դերձակ եմ ու դրանով եմ երկու կոպեկ գումար վաստակում»,– ասում է 1988 թվականին Կիրովաբադից Հայաստան տեղափոխված Լաուրան, ով արդեն 30 տարի բնակվում է Երևանի «Նաիրի» հյուրանոցում:

Նա այն 360 հազար հայ փախստականներից մեկն է, ով 1988-1992 թթ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Ադրբեջանից ներգաղթեց Հայաստան:

Հանրակացարանային սենյակը Լաուրայի համար նաև կարի արհեստանոց է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է 1988 թվականից, և չնայած 1994 թվականին կնքվել է զինադադարի պայմանագիր, արդեն 25 տարի հայադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական շփման գծում կրակոցները շարունակվում են, արդյունքում խլելով բազում մարդկային կյանքեր

  

«Եկա մորս, տղայիս ու աղջկաս հետ: Մի քանի ամիս ապրեցինք Մեծամորում, հետո տեղափոխվեցինք ժամանակավոր այս կացարանը ու մնացինք ընդմիշտ: Երեխաներս տեղափոխվել են Ռուսաստան։ Մենակ եմ ապրում այս պայմաններում», ասում է նա:  

Լաուրայի լոգարանը նաև խոհանոց է:

Լաուրան ցույց է տալիս, որտեղ է պահում իրերը:

«Նաիրի» հյուրանոցը Երևանի ծայրամասում է գգտնվում, Նորք թաղամասի բարձունքում: Այստեղ ապրում են Ադրբեջանի տարբեր բնակավայրերից ներգաղթած 60 ընտանիք: Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների, նման ընտանիքների թիվը ամբողջ երկրում 882 է:

Ռիտա Սարգսյանը հյուրանոցի 707 սենյակի բնակիչներից է, ապրում է աղջկա հետ, Հայաստան է տեղափոխվել Բաքվից:

Ռիտա Սարգսյանի ամառային խոհանոցը՝ պատշգամբում:

«Խոհանոցը ամառները, մինչև խոր աշուն պատշգամբում է, ձմեռները միջանցքում: Տեղ չկա: Փորձել ենք մեզ համար  պայմաններ ստեղծել, բայց որքան ժամանակ դեռ պետք է սպասենք արժանապատիվ պայմաններում ապրելու հնարավորություն ունենալուն, չգիտեմ», ասում է նա

Ռիտայի սրբերի  անկյունը, որտեղ նա տեղադրել է նաև սիրելի մարդկանց լուսանկարները:

Սարգսյանը տարիներ շարունակ փախստականների բնակարանային հարցը  պարեբարաբար բարձրացել է, նամակներ ու դիմումներ գրել Հայաստանի նախագահներին, վարչապետներինպատասխանատու մարմիններին, բայց արդյունքի չի հասել։

«Հիմա  ստորագրահավաք ենք կազմակերպել, նամակով դիմել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նոր իշխանությունների հետ հույսեր ենք կապում, մեզ լսում են, փորձում են մեր խնդրին լուծում տալ», ասում է երկրորդ կարգի հաշմանդամ Ռիտա Սարգսյանը:

Ռիտա Սարգսյանը հույս ունի, որ իրենց բնակարանային խնդիրը վերջնականպես կլուծվի:

Ռիտայի սուրճի անկյունը

Սենյակների բնակիչները դժվարությամբ են տեղաշարժվում իրենց տներում: Ամենուր իրար վրա դարսված, մինչև առաստաղ հասնող  պարկեր են, տուփեր, ճամպրուկներ: Նույն սենյակում են քնում ծնողները, երեխաները, տատիկ-պապիկները։ 

Մարինե Գրիգորյանի որդին՝14-ամյա Էդգար Բարսեղյանը

 «Տղաս 14 տարեկան է, աղջիկս 4:Այստեղ մեծացել է իմ ամուսինը, հիմա իր երեխաներն են իր տարիքին արդեն: Հնարավոր չէ չորս հոգով ապրել, քնել, անհնար է, ես ու ամուսինս էստեղ, էդիտան մեր կողքը: Իմ խոհանոցը միջանցքում է», – ասում է 37-ամյա Մարինե Գրիգորյանը:  

Մարինե Գրիգորյանը որդու և դստեր հետ:

Պատմում է, որ իրենց երեխաներն անգամ խաղալու տեղ չունեն: Աղջկա՝ Էդիտայի, խաղալիքները մահճակալի ու սեղանի տակ են: Նրա խաղահրապարակն էլ հանրակացարանի  միջանցքն է:

Սենյակի այս պատին երեխաների պատվոգրերն են,  նկարները, լուսանկարները

Էդիտայի խաղալիքների մի մասն էլ պահում են պատշգամբում:

Էդիտայի հեծանիվը:

70-ամյա Օֆելյա Բարսեղյանը ծնվել ու մեծացել է Երևանում, 1973 թվականին ամուսնացել և տեղափոխվել է Բաքու։ 

«Միայնակ, երեք տղաներիս հետ այս սենյակում, այսօր արդեն երկրորդ սերունդն է մեծանում, ու դեռ չգիտենք հարցն ինչպես կլուծվի», – ասում է Օֆելյա Բարսեղյանը ցույց տալով սենյակի փլվող առաստաղը:

Օֆելյաի լոգարանի առաստաղը փուլ գալու վրա է:

Օֆելյա Բարսեղյանն իր սենյակում:

2004 թվականին Հայաստանի կառավարությունը առաջնահերթ բնակապահովման ծրագրի շրջանակներում բնակարաններով է ապահովել 700-ից ավելի ընտանիքների՝ հիմնականում մարզերում: Ադրբեջանի փախստականների վերջին հաշվառումը իրականացվել է 2013 թվականին

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշում է, որ նորից հաշվառում է իրականացվում հստակ թիվ ունենալու համար, որպեսզի առաջնային բնակապահովում իրականացվի:   

«Նկատի ունենք այն մարդկանց, ովքեր Հայաստան գալուց հետո ժամանակավոր կացարան են ստացել հյուրանոցներում, դպրոցներում, հանարային նշանակության այլ օբյեկտներում և մինչ հիմա շարունակում են բնակվել այդտեղ», –  ասում է Միգրացիոն ծառայության պետը

Ըստ Ղազարյանի մարզերում առաջնային բնակապահովման կարիք ունեն 254 գրանցված ընտանիք, Երևանում՝ 680: Ընդհանուր առմամբ պահանջվում է 9 միլիարդ դրամի ֆինանսավորում (19 մլն դոլարի չափ), որպեսզի առաջնային բնակարանային խնդիր ունեցող փախստականների հարցը լուծվի

Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում