Ինչո՞ւ էր Գերմանիայի վերամիավորումն այդքան տանջալից և ինչու չի ավարտվել մինչև հիմա։ Գերմանացի փորձագետների մեկնաբանությունները" />

30 տարի առանց Բեռլինի պատի․ այն այսօր էլ դեռ բաժանում է Արևելյան և Արևմտյան Գերմանիայի բնակիչներին

Ինչո՞ւ էր Գերմանիայի վերամիավորումն այդքան տանջալից և ինչու չի ավարտվել մինչև հիմա։ Գերմանացի փորձագետների մեկնաբանությունները

«Մենք միասնական ժողովուրդ ենք» (Wir sind das Volk!)։ Այսպիսի կարգախոսով 30 տարի առաջ՝ 1989թ-ի նոյեմբերին, հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս էին գալիս Արևելյան Գերմանիայի՝ ԳՀԴ քաղաքների փողոցներ։

1989թ-ի նոյեմբերի 9-ին փլուզվեց Բեռլինի պատը, որը հանդիսանում էր այս քաղաքի, գերմանացի ժողովրդի և մի ողջ աշխարհամասի 40 տարվա բաժանման խորհրդանիշը։

Սակայն Գերմանիայի արևելյան և արևմտյան մասերի իրական միավորումը երկար և տանջալից գործընթաց էր, որը մինչև հիմա չի ավարտվել։

«Ինչո՞ւ» հարցի պատասխանները՝ գերմանացի լրագրողների և փորձագետների պատմություններում և մեկնաբանություններում։

Հրավառություն Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ Բեռլինի պատի փլուզման 30-ամյակի կապակցությամբ։ 2019 թ-ի նոյեմբերի 9։ REUTERS/Fabrizio Bensch

ԳԴՀ-ն որպես Ստալինի պլան

Գերմանիայի բաժանումը երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան, սկսվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտից և 1945թ․ Գերմանիայի ֆաշիստական ռեժիմի պարտությունից անմիջապես հետո։

Հայաստանում և նախկին Խորհրդային Միության մյուս երկրներում հիշում են ստալինյան բռնաճնշումների զոհերին

10 միֆ Հայրենական Մեծ պատերազմում Ստալինի դերի մասին

«Սովետի օր»․ Մոսկվայում խումբ է հայտնվել, որը վերածնում է ԽՍՀՄ-ը

Գերմանիայի տարածքում այն ժամանակ ստեղծվել էին այսպես կոչված «օկուպացիոն գոտիներ»։ Արևմուտքում այդ գոտիները վերահսկում էին ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական ուժերը։ Արևելքում՝ Խորհրդային Միությունը։

ԽՍՀՄ-ի և արևմտյան դաշնակիցների միջև սկսված դիմակայությունն արագ վերաճեց սառը պատերազմի։ Արևմտյան երկրները ստեղծեցին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը։ Իսկ արևելքում 1949թ-ի հոկտեմբերի 7-ին հռչակվեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։

Այդ պահից և մինչև 1961 թվականը, երբ կառուցվեց տխրահռչակ Բեռլինյան պատը, Գերմանիայի արևելքից դեպի արևմուտք փախչեց ավելի քան մեկ միլիոն մարդ՝ ԳԴՀ գրեթե յուրաքանչյուր տասներորդ բնակիչ։

1952-ին ԳԴՀ ղեկավարությունը սահմանի երկայնքով հինգ կիլոմետրանոց արգելագոտի ստեղծեց։ Այնուհետև ականային դաշտեր հայտնվեցին, նաև հրաման տրվեց փախչողների վրա կրակել։

Այնուհետև կառուցվեց Բեռլինի պատը, և ԳԴՀ-ն լքելը դարձավ գրեթե անհնար։

Այսպիսի տեսք ուներ Բեռլինի պատը Բրանդենբուրգյան դարպասների մոտ, որոնց կարող էին մոտենալ միայն ԳԴՀ սահմանապահները։ Լուսանկարը՝ Wikipedia

Թե ինչպես Արևելյան և Արևմտյան Գերմանիաները կրկին միմյանց ընդառաջ գնացին

1980-ականների կեսերից ԽՍՀՄ-ում «վերակառուցում» սկսվեց։ Դա փորձ էր խորհրդային կյանքում որոշ ժողովրդավարական նորմեր ներմուծել։ Ոչ անմիջապես, բայց դա նաև ԳԴՀ-ում փոփոխություններ խթանեց։

1989թ-ի նոյեմբերի 4-ին Բեռլինի Ալեքսանդերպլաց հրապարակ դուրս եկավ շուրջ 400 հազար ցուցարար՝ խոսքի ազատության, կառավարության հրաժարականի և ազատ ընտրություններ անցկացնելու պահանջով։ Ողջ ԳԴՀ-ում հուզումներ սկսվեցին։

1989թ-ի նոյեմբերի 9-ին հայտարարվեց ԳՖՀ վիզաների ձևակերպման հետ կապված քաշքշուկները նվազագույնի հասցնելու մասին։ Այդ նույն օրը Գերմանիայի արևելյան հատվածի հազարավոր բնակիչներ եկան Բեռլինի պատի մոտ։ Սահմանապահները դեռ ոչինչ չգիտեին մուտքի նոր կանոնների մասին և փորձում էին ցրել հավաքվածներին։ Սակայն շուտով ստիպված էին զիջել և բացել մուտքերը։

Այդպես բացվեց Բեռլինի պատը։

Սա գրաֆիտի է Բեռլինի պատի վրա․ ձախից աջ՝ ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևն ու ԳԴՀ առաջնորդ Հելմուտ Կոլը։ Այս նկարը մեմ է դարձել և առիթ՝ «Համբուրիր ինձ Բրեժնևի ֆոնին» անվանումով շարժման մեկնարկի համար։ Լուսանկարը՝ JAMnews

Դրանից հետո Գերմանիայի միավորման գործընթացն արագացավ։

1990թ-ի մարտին ԳԴՀ-ն և ԳՖՀ-ն պայմանագիր ստորագրեցին միասնական տնտեսական տարածքի ստեղծման մասին։

1990 թ-ի հուլիսին ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովը համաձայնեց, որ միասնական Գերմանիան ՆԱՏՕ-ին անդամակցի։ Այդ ժամանակ էլ սահմանվեց ԳԴՀ տարածքից խորհրդային զորքերը դուրս բերելու ժամկետը։

Գերմանիան միասնական երկիր դարձավ 1990թ-ի հոկտեմբերի 3-ին։

«Երկրորդ տեսակի» մարդիկ․ ինչո՞ւ էր արևմտյան և արևելյան մտածողության միավորումը այդքան բարդ

Սկզբից թվում էր, որ ԳԴՀ-ն հեշտությամբ «լուծվեց» Արևմտյան Գերմանիայում՝ դառնալով ԳՖՀ-ի վեց նոր դաշնային հող։

Սակայն շուտով պարզվեց, որ հասարակությունների մակարդակում միավորումը շատ ավելի բարդ գործընթաց է։

Արևելյան Գերմանիայում կենսամակարդակը զգալիորեն աճել է․ ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 1990 թ-ին Գերմանիայի արևելքում ՀՆԱ-ն մեկ բնակչի հաշվարկով կազմում էր $9,700, իսկ 2018 թ-ին այն հասել է գրեթե 34,000 դոլարի։ Սակայն Արևելյան և Արևմտյան Գերմանիայի բնակիչների եկամուտների միջև տարբերությունն այսօր էլ շատ մեծ է։

Արևելյան Գերմանիայում մեծ հիասթափություն է առաջացնում այն, որ արևմտյան հատվածի բնակիչները զբաղեցնում են ղեկավար դիրքերի բացարձակ մեծամասնությունն՝ ինչպես բիզնեսում, այնպես էլ երկրի ղեկավարությունում։

Գերմանիայի միավորումից ի վեր արևելքից դեպի արևմուտք է ընդմիշտ մեկնել գրեթե 2 մլն մարդ։

«Այցելում եք Արևելյան Գերմանիայի քաղաքները՝ և ամեն ինչ լավ է թվում, – Financial Timesին տված հարցազրույցում ասում է գրող և քաղաքացիական ակտիվիստ Ֆրանկ Ռիխտերը։ – Այս բոլոր տարիներին մենք կարծես շինության տեսքն էինք նորացնում։ Սակայն եթե նայեք, թե ինչ կա դրա հետևում, կտեսնեք, որ մարդկանց մոտ եղած մեծ հույսերն ու պատրանքներն անհետացել են։ Մարդիկ նայում են միմյանց և տեսնում․ իրենց երեխաները մեկնել են և չեն վերադառնալու; իրենց թոռները մեկնել են և չեն վերադառնալու»։

2019թ-ի ամռանն անցկացրած հարցման ժամանակ Գերմանիայի արևելյան հողերի բնակիչների 47%-ը նշել է, որ իրեն, առաջին հերթին, արևելյան գերմանացի է համարում։ Այսինքն՝ տարածաշրջանային նույնականությունը նրանց համար ավելի կարևոր է ազգայինից, համագերմանականից։

Մարդիկ վարդեր են տանում դեպի Բեռլինի պատի հուշահամալիր՝ հիշելով այն մարդկանց, որոնք զոհվեցին այս արգելքը հաղթահարելու ճանապարհին։ Բեռլինյան պատի փլուզման 30-ամյակը Գերմանիայում նշվում էր 2019 թ-ի նոյեմբերի 9-ին։ REUTERS/Fabrizio Bensch

ԳԴՀ նկատմամբ կարոտ և նեոնացիզմի տարածվածություն Արևելյան Գերմանիայում

«Անգամ 1990-ականներին, առավելևս՝ հետո, Արևելյան Գերմանիայում շատ էին նրանք, ովքեր ուզում էին շարունակել ապրել իրենց առանձին երկրում՝ ժողովրդավարական, բայց առանձին», – Ազատություն ռադիոկայանին ասել է գերմանացի քաղաքագետ Ռոլանդ Ֆրոյդենշտեյնը։

«Շատ արևելյան գերմանացիներ այսօր ասում են, որ ԳԴՀ-ում բռնապետություն էր, բայց ոչ խիստ, որ մասնավոր կյանքի մակարդակում մարդիկ բավականին ազատ էին ապրում, սոցիալական երաշխիքներ, անվճար մանկապարտեզներ կային և այլն։

1990-ականներին ԳՖՀ-ն արևելյան գերմանացիների կարիքների համար տարեկան 70 մլրդ եվրո էր տրամադրում, և արևմտյան, և արևելյան գերմանացիներն այդ դոտացիաների մասին տարբեր կերպ են մտածում։

Արևմտյան գերմանացիները հիշում են հենց այդ հսկայական գումարներն, իսկ արևելյան գերմանացիները՝ 25-30% գործազրկությունը։

Տնտեսական բարեփոխման ընթացքում բոլոր ձեռնարկությունները, որտեղ աշխատում էր ավելի քան 10–15 մարդ, փոխանցվեցին հատուկ հոլդինգի, և դրա ղեկավարները բացառապես արևմտյան գերմանացիներ էին։ Շատ ընկերություններ փակվեցին որպես ոչ մրցունակ։ Եվ դա շոկ էր, հոգեբանական հարված այն մարդկանց համար, ովքեր սոցիալիզմի մեջ էին ապրում և երբեք չէին տեսել աշխատանքից զանգվածային հեռացումներ։

Քաղաքական կոռեկտությունը, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, բաց սահմանների գաղափարն՝ այս ամենն արևելյան գերմանացիներն այսօր էլ են ընկալում որպես օտար, հենց արևմտյան, դրսից իրենց պարտադրված։

Այդ պատճառով էլ Արևելյան Գերմանիայում շատ ավելի պոպուլյար են աջ արմատականները․ արևելքում նրանց օգտին է քվեարկում ընտրողների 20 և ավելի տոկոսը, իսկ արևմուտքում նրանց վարկանիշը մոտ 10–12% է։

Կան առանձին շրջաններ Գերմանիայի որոշ արևելյան քաղաքներում, որտեղ ոչ սպիտակամաշկներին և բացահայտ գեյերին չարժե մտնել՝ հարձակման ռիսկի չենթարկվելու համար։ Այդպիսի շրջանները, բարեբախտաբար, քիչ են։

Սակայն միաժամանակ արևելքում շատ են չափազանց ակտիվ հականացիստական կազմակերպությունները։

Աջ արմատականությունն արևելյան հողերում նույնպես որոշ իմաստով նախկին ԳԴՀ ժառանգությունն է, չէ՞ որ քաղաքական մշակույթն այդ երկրում խորն ավտորիտար էր, ազգայնական և մաչոյական։

Ընդհանուր առմամբ, աջ էքստրեմիզմը տվյալ պահին Գերմանիայի սահմանադրական կարգի գլխավոր քաղաքական սպառնալիքն է։ Հարցն այն է, թե արդյոք այդ սպառնալիքն ունակ է վերահսկողությունից դուրս գալ և տարածվել երկրի արևմուտքում նույնքան, որքան տարծված է արևելքում»։


Կարդալ ավելին JAMnews-ում